Խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարում են Արցախն ու արցախահայերը

Խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարում են Արցախն ու արցախահայերը

Մայիսի սկզբին եւ հունիսի վերջին ամերիկյան միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցությունները, որոնց նպատակը խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելն էր, այդպես էլ արդյունք չտվեցին: Կողմերն արձանագրեցին, որ պայմանագրի որոշ կետերի շուրջ կա առաջընթաց, բայց կան նաեւ չլուծված հարցեր, որոնք կապված են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման եւ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հետ: Իսկ ինչպե՞ս կարող են կողմերը գալ համաձայնության այն հարցերի շուրջ, որոնց հետ կապված ունեն անհաղթահարելի տարաձայնություններ: Ահա թե ինչ է ասում ԱՄՆ պետքարտուղար Էթոնի Բլինքենը՝ անցած շաբաթ ավարտված բանակցությունների արդյունքներն ամփոփելով. «Ես եւ մեր թիմը, ինչպես նաեւ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը, բարձր ենք գնահատում Ձեզ հետ հանդիպելու հնարավորությունը ու նաեւ համաձայնագրի այս ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին հետագա առաջընթացը, ներառյալ որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնությունը, այլ չկարգավորված հարցերի վերաբերյալ դիրքորոշումների փոխըմբռնման խորացումը, ինչպես նաեւ գիտակցումը, որ առջեւում դեռեւս սպասվում է ծանր աշխատանք, որը պետք է կատարվի՝ վերջնական համաձայնագրին հասնելու համար»: Ի՞նչ ծանր աշխատանքի մասին է խոսում պետքարտուղար Բլինքենը:

Հայ-ադրբեջանական հարաբերություններում անհաղթահարելի հարցն Արցախի եւ արցախահայության կարգավիճակի հարցն է: Մինչեւ վերջերս Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցում այն էր, որ Ադրբեջանն արցախահայերին պետք է տրամադրի անվտանգության եւ իրավունքների պաշտպանության հատուկ երաշխիքներ, եւ այդ երաշխիքների տրամադրման հարցում պետք է լինի միջազգային ներգրավվածություն: Հիմա Հայաստանը սրանից էլ է հետ կանգնել, քանի որ Ադրբեջանը նման պահանջը դիտարկում է որպես միջամտություն իր ներքին գործերին եւ հայտարարում է, որ Արցախի եւ արցախահայության հարցը պետք է լուծվի Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության միջոցով: Երկխոսությունը չափազանցություն է, որովհետեւ, ըստ Ալիեւի, իր ներկայացուցիչները պետք է ներկայացնեն պահանջները, իսկ արցախահայերը համաձայնեն դրանց հետ: Փաշինյանն արցախահայերին ասում է՝ ինձ հետ գործ չունեք, գնացեք՝ իրար հետ խոսեք, ինչ ուզում եք, պայմանավորվեք: Սա նույնն է, որ որեւէ գերի որոշի բանակցել իրեն գերեվարածի հետ: Գերու հետ չեն բանակցում, գերու հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են: Միայն թե արցախահայերը, գտնվելով շրջափակման մեջ, առայժմ հրաժարվում են գերի հանձնվել, որքան էլ որ Ալիեւը, Փաշինյանը եւ Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչները համոզում են, որ ուրիշ տարբերակ չկա:
Որքան Հայաստանը հետքայլ է անում, Ադրբեջանն ավելի առաջ է գնում եւ նոր պահանջներ է ներկայացնում. Ալիեւը հիմա էլ պահանջում է, որ Փաշինյանը ոչ միայն ասի, որ Արցախը Հայաստան չէ, այլեւ հայտարարի, որ Արցախն Ադրբեջան է, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի արցախահայության հետ կապված որեւէ հարցի միջամտելու հնարավորությունից: Արցախցիներն էլ հասկանան, որ Հայաստանը վերջնականապես հրաժարվել է իրենցից, ու ընդունեն Ադրբեջանի վերջնագրային պահանջները:  

Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ միջնորդ Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչեւ տարեվերջ: Իսկ ի՞նչ պետք է լինի մինչեւ տարեվերջ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարաձայնությունները վերանան: Տպավորությունն այնպիսին է, որ կողմերի միջեւ փոխըմբռնում եւ համաձայնություն կա, որ մինչեւ տարեվերջ Ադրբեջանը կլուծի Արցախի եւ արցախահայության հարցը. Ադրբեջանին կա՛մ կստիպի՝ արցախահայերին հեռանալ Արցախից, կա՛մ նրանք կգնան երկխոսության եւ կընդունեն Ադրբեջանի պահանջները: 

Եթե Ադրբեջանին հաջողվի ստիպել արցախահայությանը՝ ընդունել Ադրբեջանի պայմանները` ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն եւ հրաժարվել կարգավիճակ ունենալու պահանջից, Հայաստանի իշխանությունները կարող են ասել, որ արցախահայությունն ինքը որոշեց իր ճակատագիրը, իսկ Հայաստանը պատրաստ է հարգել նրանց որոշումը: Սա Փաշինյանի համար ամենացանկալի եւ ամենաանցնցում տարբերակը կլինի, քանի որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կընկնի արցախահայության եւ նրա ներկայացուցիչների վրա: Դրա համար է Փաշինյանն Արցախ գործուղել Սամվել Բաբայանին, ով բացահայտ հանդես է գալիս Բաքվի հետ երկխոսության գնալու եւ Ադրբեջանի պահանջները ընդունելու օգտին՝ որպես փաստարկ բերելով 120 հազար շրջափակված արցախցիների նկատմամբ իբրեւ թե ունեցած պատասխանատվության գիտակցումը:
Մյուս տարբերակը, որն ամենահավանականն է, արցախահայության բռնի տեղահանումն է, երբ այլեւս չդիմանալով

Ադրբեջանի ճնշումներին՝ սովի եւ դիմադրության անհեռանկար լինելու ազդեցության տակ դիմեն Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը՝ հումանիտար միջանցք բացելու համար, որով իրենք հնարավորություն կունենան հեռանալու Հայաստան: Ադրբեջանը սիրով կհամաձայնի հումանիտար միջանցք բացել՝ հայտարարելով, որ այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են՝ ՀՀ անձնագրերով, եւ իրավունք ունեն մեկնելու իրենց երկիր: Սակայն Հայաստանի իշխանությունների համար սա հղի է չափազանց ծանր վտանգներով, եւ նրանք փորձում են ամեն ինչ անել, որ արցախահայերը հոծ խմբերով չգան Հայաստան, սակայն եթե Ադրբեջանը միջանցք բացի արցախահայերի համար, ստիպված կլինեն ընդունել նրանց: Այս դեպքում եւս Արցախի եւ արցախահայերի հարցը դուրս կգա հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից: Փաշինյանը մտածում է, որ այդ դեպքում կկարողանա դատապարտել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, կհայտարարի, որ Ադրբեջանին, ի վերջո, հաջողվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ էթնիկ զտում իրագործել, բայց դա հիմք չէ խաղաղության օրակարգից շեղվելու համար, եւ Ալիեւի հետ կստորագրի խաղաղության պայմանագիրը: Միայն թե նման բան ասելու եւ անելու համար նա նախ պետք է կարողանա մարսել Արցախի վերջնական կորուստը եւ հաջողացնի պահել իշխանությունը, ինչի մասին՝ հաջորդիվ:

Ավետիս Բաբաջանյան