Կառավարությունից 3,5 մլրդ ստացած «Գեոկոսմոսից» ո՛չ ձայն կա, ո՛չ ծպտուն

Կառավարությունից 3,5 մլրդ ստացած «Գեոկոսմոսից» ո՛չ ձայն կա, ո՛չ ծպտուն

Անցյալ տարվա ապրիլին կառավարությունը պահուստային ֆոնդից ահռելի գումար՝ մոտ 3,5 մլրդ դրամ հատկացրեց «Գեոկոսմոս» պետական ՓԲԸ-ին՝ ավելացնելով վերջինիս կանոնադրական կապիտալը։ 

Սա մի նախագիծ էր, որին անգամ նիկոլական ֆինանսների նախարարութունն էր դեմ եւ հայտնել էր, որ բացակայում են հատկացվող գումարը նախագծով 2022 թվականի առաջին եռամսյակում նախատեսելու հիմնավորումները։ 
Այս ընկերությունը հիմնվել էր դեռ 2017 թվականին՝ ՊՆ-ի կողմից, եւ պետք է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթ ստանար։ Իսկ 2021 թվականի հոկտեմբերին բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տիեզերական գործունեության լիցենզիա էր տրամադրել ընկերությանը, 108 քմ արտադրական տարածք էր հատկացրել, երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայան, համակարգիչներ, գրասենյակային կահույք, ինչպես նաեւ 300 մլն դրամ, որը պետք է օգտագործեր Հայաստանի եւ հարեւան պետությունների սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման, տիեզերալուսանկարներ անելու համար եւ այլն։ 

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ ռեալ արդյունքներ են արձանագրել այս մեկ տարում, կա՞ն ձեռքբերումներ, որոնց մասին հնարավոր է գոնե ընդհանուր գծերով խոսել։ «Գեոկոսմոս» ընկերության տնօրեն Գեւորգ Մանուկյանն ասաց․ «Դա ամբողջը փակ ինֆորմացիա է, չեմ կարող տալ, դիմեք ԲՏԱ նախարարություն»։ Բայց ինչ-որ բան արվե՞լ է։ «Այո, արվել է։ Ինչ է, Դուք չե՞ք լսել, որ արբանյակ է թռցվել»,- պատասխանեց նա։ Իհարկե, լսել ենք, նաեւ հետեւել ենք ու գիտենք, որ այդ արբանյակը զրո դերակատարում ունի՝ ոչ մի օգուտ չի տալիս ո՛չ մեր պաշտպանական համակարգին, ո՛չ տնտեսությանը, ո՛չ էլ անգամ օդերեւութաբանական նշանակություն ունի, ուստի հարցրինք՝ բա ինչո՞ւ մենք մի քանի սիրուն, պարզ, հասկանալի լուսանկարներ՝ տիեզերքից ստացված, ոչ մի տեղ չենք տեսել եւ չենք լսել դրանց կիրառական նշանակության մասին։ «Կա, ամեն ինչ էլ կա, ուղղակի փակ է ինֆորմացիան։ Դիմեք նախարարություն»,- ցրեցին մեզ։ 

Մենք դիմեցինք բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանին։ Նա գաղտնիության մասին ոչինչ չասաց, բայց հրաժարվեց պատմել, թե ինչ են արել այդ 3,5 մլրդ դրամը, եւ գրավոր հարցում պահանջեց։ «Շատ ծավալուն հարց եք տալիս, գրավոր դիմեք»,- ասաց Ավետ Պողոսյանը։ Գրավոր հարցում ուզում են, երբ կարիք կա, որ նստեն ու անորոշ, լղոզված պատասխաններ ձեւակերպեն՝ առանց իրենց դատարկ տեքստերին հակադարձող հարցերին պատասխանելու։ 

Սակայն արդեն լուրեր են պտտվում, որ իրականում ոչինչ արված չէ։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, օրինակ, օրերս անդրադարձել էր հիշյալ «թռցրած» արբանյակին։ «Այդպես էլ պաշտոնապես չհրապարակվեց ՀՀ եւ Արցախի տարածքից որեւէ՝ հստակ տեղորոշվող լուսանկար, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե, ի վերջո, ինչ որակով է նկարահանում այդ արբանյակը։ Մի քանի լուսանկար հրապարակել են՝ իբր «Սյունիքի կողմերից», բայց մի քանի շաբաթ փորձեցինք լուսանկարներում պատկերված տեղանքը Սյունիքում գտնել, չկարողացանք։ Այդպես էլ գաղտնիք մնաց, թե մեր բոլորիս հարկերից ինչքան փող է ծախսվել այդ արբանյակը ստեղծելու եւ տիեզերք թռցնելու վրա։ Չեմ հանդիպել նաեւ հստակ տեղեկությունների, թե ՀՀ տնտեսությունում կոնկրետ ինչ խնդիրներ լուծելու համար է օգտագործվել այդ արբանյակը»։ ԲՏԱ նախարարությունը կարող է ընդունել Վրթանեսյանի այս տեքստը որպես գրավոր հարցում, իսկ պատասխանին կսպասենք։