Պետք է հանել բոլոր ճաղավանդակները, որ փակում են երեխայի հայացքը

Պետք է հանել բոլոր ճաղավանդակները, որ փակում են երեխայի հայացքը

EdcampArmenia2020 հանրակրթական համաժողովի շրջանակում երեկ ուղիղ հեռարձակմամբ կազմակերպվեց նախադպրոցական կրթության ոլորտային քննարկում, որի նպատակն էր՝ դուրս բերել մայիսի 6-ին ԱԺ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված, իսկ մայիսի 20-ին ստորագրված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքից բխող հնարավորությունները եւ կարգավորման ենթակա խնդիրները։  

«Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Հասմիկ Կյուրեղյանը, բացելով քննարկումը, հույս հայտնեց, որ այսուհետ նախադպրոցը կընկալենք մի տեղ, որտեղ երեխաների մանկությունը չի ընդհատվում, նրանք սովորում են խաղալով եւ մեծանում են որպես երջանիկ անհատ, ի վերջո՝ կրթության նպատակը հենց դա է, իսկ օրենքը լրացուցիչ հնարավորություններ է բացում ոլորտը զարգացնելու համար։  

ԱԺ ԿԳՄԵՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ այն բավականին երկար քննարկված օրենք է, որն ԱԺ-ում ընդունվել է թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմից։ Սույն օրենքով նախադպրոցական հաստատություններին կտրվի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք, ինչը նշանակում է, որ ծնողները կարող են հավելյալ վարձատրության դիմաց՝ հավելյալ ժամերով երեխային պահել մանկապարտեզներում, որը կգեներացնի հավելյալ գումարներ հաստատությունների համար։  

Օրենքով դրվել է նաեւ տնօրենների հավաստագրման հարցը, որը, ըստ Հովհաննիսյանի, հնարավորինս կբացառի կոռուպցիոն ռիսկերը․ «Կառավարությունն իր առաջ նպատակ է դրել, որ հնարավորինս շատ երեխաներ ստանան նախադպրոցական կրթություն, եւ այդ առումով կարեւոր է, որ նախադպրոցականից դեպի հանրակրթությունն անցումը լինի սահուն»։

Տեսակապի միջոցով քննարկմանը միացավ «Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը, ով նշեց, որ տարիներ շարունակ հնարավորություն չեն ունեցել բարձրաձայնելու խնդիրները։ Նա առաջին հերթին կարեւորում է դաստիարակի դերը՝ նշելով, որ նրանք ծանրաբեռնված են հաճախ ոչ պիտանի գրագրությամբ։ «Դաստիարակը պարբերաբար ցնցումների էր ենթարկվում տարբեր կառույցների իրար չհամընկնող պահանջներից»,- ասում է նա ու նկատում, որ եթե դաստիարակը պետության կողմից գնահատված չէր, ծնողի կողմից էլ թիրախավորված էր։

«Մեր գործունեությունը հանդեսակենտրոն էր, հրահանգավորված եւ ցուցադրական»,- ասում է նա ու հավելում, որ հաճախ լավ մանկապարտեզի անուն ունենում էր այն նախակրթարանը, որը գեղեցիկ հանդեսներ էր կազմակերպում,- շատ քիչ մանկապարտեզներ կային, որ կարողանում էին գործել անկախ, չծանրաբեռնել երեխաներին ավելորդ գործառույթներով»։

«Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Գոհար Պողոսյանն ասում է՝ լավ է, որ տնօրենների համար մշակվել է հավաստագրման գործընթաց, որտեղ արժե ուշադրություն դարձնել նրանց մեթոդական գիտելիքներին, որովհետեւ նրանք միայն վարչարարներ չպետք է լինեն։ Պողոսյանին հետաքրքրում է, թե ովքեր իրավունք ունեն աշխատել մանկապարտեզներում որպես դաստիարակ, դաստիարակի օգնական։ «Հատկապես մարզերում, գյուղերում գիտենք, թե ինչպես են նշանակվում դաստիարակների օգնականներ, մինչդեռ կարեւոր է մանկավարժական կրթությունը»։

Ցավոտ հարց է աշխատավարձի չափը։ «Նոր օրենքում լինի հստակ դրույքաչափ, որտեղ հաշվի առնվի ե՛ւ ստաժը, ե՛ւ կրթությունը, ե՛ւ ատեստավորումը,- ասում է նա ու հավելում, որ 1-2 խմբանոց մանկապարտեզներում կես դրույք է բուժքրոջ հաստիքը,- ո՞վ պետք է կատարի այդ աշխատանքը մնացած ժամերին»։ Տնօրենը նշում է՝ լավ կլինի, որ հիմնանորոգումներ անելիս հաշվի առնեն ոչ միայն շենքային, ուսումնական, այլ նաեւ բակային պայմանները, ինչը ոչ պակաս կարեւոր է։

«Երեխայի զարգացման առաջին 5 տարին շատ կարեւոր է, եւ եթե տանք որակյալ նախադպրոցական կրթություն, հանրակրթական դպրոցում ունենալու ենք շատ լավ որակ»,- վստահ է «Լօլօ նախակրթարան»-ի հիմնադիր Հասմիկ Պետրոսյանը։ Նա նկատում է, որ մասնավոր կրթարանները տարբերվում են նրանով, որ ունեն ստեղծագործելու անսահման հնարավորություն, ինչը չկա պետական կառույցներում, որտեղ թույլ չեն տալիս շեղվել դասական մոդելից։  

«Ցավոք, վերջին 15 տարիներին պետությունը չի համագործակցել մեզ հետ, ուրախ եմ, որ այսուհետ մասնավորներին էլ է ուշադրություն դարձնելու»,- ասում է նա ու ցանկություն հայտնում, որ վերահսկող օղակը լինի ոչ միայն պատժիչ, հրահանգող, այլեւ խրախուսող, համագործակցող։ «Մասնավոր մանկապարտեզները կարողանում են ապահովել ալտերնատիվ կրթություն՝ երաժշտա-պարաթերապիաներ։ Մասնավորի առավելություններից է նաեւ այն, որ ունենք փոքր խմբեր եւ մասնագետների լայն ընտրություն»,- ասում է ու նկատում, որ մեծ խնդիր է համարում, երբ մանկապարտեզներում, լինի՝ մասնավոր, թե պետական, չկան բակային տարածքներ, որովհետեւ առանց բակային տարածքների ու խաղերի անհնար է լիարժեք կրթություն ապահովել։

«Միջավայրը եթե ազատ ու բաց չէ, չենք կարող խոսել ազատ կրթությունից, պետք է հանել բոլոր ճաղավանդակները, այն, ինչ փակում է երեխայի հայացքը,- ասում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արեւելյան դպրոցի ղեկավար Նաիրա Նիկողոսյանն ու եւս մեկ անգամ կարեւորում բակային տարածքները,- առանց բակի, ամառային պարտեզի չպետք է թույլատրել, որ լինեն նախադպրոցական հաստատություններ։ Երեխան պետք է խաղա, խաղը պետք է լինի նախադպրոցական կրթության հիմքը։ Շատ ենք արհեստականությունը բերել նախադպրոցական հաստատություններ, մեկը՝ այդ հանդեսները, մինչդեռ երեխայի համար ամեն օրը պետք է լինի հանդես»։ Նա նկատում է, որ դաստիարակները պետք է դառնան հեղինակներ, իրենք ստեղծեն ծրագրեր՝ 2-4 տարեկան երեխաների համար։

«Քայլ առ քայլ» ԲՀ-ի վերապատրաստումների փորձագետ Աշխեն Գյուրջյանն, անդրադարձավ նոր օրենքի շրջանակներում կրթության որակի վրա ազդող մի շարք խնդիրների, նշեց, որ նախադպրոցական հաստատությունների անձնակազմի վերապատրաստումները եղել են ոչ թիրախավորված եւ անկանոն, վերապատրաստումներն անցկացվել են հիմնականում ԿԱԻ-ի կողմից, որը լուծարվեց անցած տարի։ «Շատ ենք կարեւորում, որ վերապատրաստումների դաշտն ազատականացվի, եւ առողջ մրցակցություն ստեղծվի»,- ասում է ու նշում, որ պետք է մշակել չափորոշիչներ, ստեղծել հենակետային վերապատրաստման կենտրոններ շրջաններում, քաղաքներում։

ԱԺ ԿԳՄԵՍ մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանի կարծիքով, ատեստավորման խնդիրը հնարավորություն կտա բարձրացնել մասնագետների որակը․ «Դեռեւս մեզ համար խնդիր են մնում քաղաքում եւ մարզերում աշխատավարձերի տարբերությունները, այս առումով բավականին բարդ է փոքր համայնքներում, նաեւ շենքերի հետ կապված խնդիր կա, որովհետեւ մարզերում շենքերի մեծ մասը կա՛մ օտարվել է, կա՛մ վարձակալության տրվել այլ կազմակերպությունների»։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչությունից Թեհմինե Կարախանյանի գնահատմամբ, նախադպրոցական ոլորտում խնդիրները շատ են, բայց 2014-ից շրջանառվող եւ 2020-ին ընդունված օրենքը կփորձի այդ խնդիրները լուծել, հատկապես որ ունենք 276 բնակավայր, որտեղ նախադպրոցական որեւէ կրթություն չի իրականացվում․ «Այս պահին մշակվում են բոլոր ենթաօրենսդրական ակտերը, որոնք հետո կդրվեն հանրային քննարկման»։  

Շուրջ 2 ժամ տեւած քննարկման մոդերատոր, կրթության փորձագետ Լիլիթ Նազարյանն էլ նշեց, որ բարձրաձայնվեցին շատ հարցեր, որոնք նոր չեն, մասնավորապես՝ կառավարման խորհուրդների, տնօրենի ներկայացրած ծրագրերի, ներառականության հետ կապված։ Նա նկատում է, որ երկար տարիներ մանկապարտեզները դիտարկվել են որպես խնամքի հաստատություն եւ ո՛չ կրթական։ «Ցավոք, մեր կրթությունը շատ ակադեմիական է, եւ ցավալի կլինի, եթե հանկարծ նոր օրենքը ոչ թե ազատականացնի, այլ խթանի ակադեմիական մոդելը»։