Առաջին տիկին. կերպափոխություններ
Հետանկախական Հայաստանում պետության առաջին դեմքերի՝ նախագահների տիկնանց մասին հանրությունը լրջորեն սկսեց հետաքրքրվել 1990-ական թվականներից։ Մինչ այդ արդեն ձեւավորվել էր որոշակի հանրային հետաքրքրություն մասնավորապես ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի տիկնոջ՝ Ռաիսա Գորբաչովայի վերաբերյալ, նրա անվան շուրջ ժողովրդական բանահյուսություն էր ծաղկում, թեեւ լրջմիտ մարդիկ հասկանում էին, որ շրջանառվող տեղեկություններն ավելի մեծ աղերս ունեն միֆի, քան իրականության հետ։
Բայց Ռաիսա Մաքսիմովնան առաջին տիկնոջ առաջին ծիծեռնակն էր, որից հետո արդեն անկախացած հանրապետություններում հանրության հետաքրքրությունն այդ ուղղությամբ որոշակիորեն մեծացավ։ Մարդիկ սկսեցին հետեւել առաջին տիկիններին՝ ենթագիտակցորեն կռահելով, որ այդկերպ ինչ-որ թաքուն դիտանկյունով ճանաչում են հենց երկրի ղեկավարին։
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին առաջին տիկնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի մասին տեղեկությունները սակավ էին, նախագահն ինքն էլ կարծես չէր խրախուսում նրա հանրային ակտիվությունը։ Դրա համար պատճառ կարող էր լինել այն, որ առաջին տիկնոջ «հայկական ինստիտուտը» ձեւավորման փուլում էր, եւ ժողովրդավարական կառավարման պատրանք ստեղծելու առումով այդ ինստիտուտի նշանակությունը դեռ խորությամբ գիտակցված չէր։ Տեր-Պետրոսյանի՝ 1991-98 թթ․ նախագահության տարիներին առաջին տիկին Լյուդմիլայի գործունեության ոլորտների վերաբերյալ հասարակական ընկալումները, բնականաբար, շատ չտարբերվեցին նրանից, ինչն ընդունված էր աշխարհի բազմաթիվ երկրներում՝ հասարակական (հիմնականում՝ ֆեմինիստական) գործունեություն, բարեգործություն։ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը 1994 թվականին հիմնադրեց եւ ղեկավարեց Կանանց համահայկական միությունը, 1994-2007 թթ․ կազմակերպեց կանանց 4 միջազգային համաժողով։ Այնուամենայնիվ՝ հանրային ընկալման մեջ, հանձին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի, ձեւավորվեց առաջին տիկնոջ փոքր-ինչ օտարոտի կերպար։ Անշուշտ, կարեւոր նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ մինչեւ 1990-ականների վերջը՝ առաջին նախագահի հրաժարականը, հեռահաղորդակցության միջոցներն ու տեղեկատվական հարթակները բավականաչափ զարգացած չէին, իսկ ավանդական լրատվությունը կաշկանդված էր տպագիր լինելու հանգամանքով։
ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի ժամանակաշրջանը թերեւս այս ինստիտուտի պատմության ամենաուշագրավ էջերից է․ առանց ինքնագովազդի, առանց այլեւայլ նկրտումների, տիկինը 10 տարի «պաշտոնավարեց»՝ ամբողջ այդ ընթացքում պահպանելով համեստ, հասարակ կնոջ կերպարը։ Նրա հանրային գործունեությունը նույնպես ցցուն-գովազդային չէր․ նա գործով էր զբաղված․ Ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն էր, 2006 թվականից՝ նաեւ Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը։
Առաջին տիկնոջ հանրային պատկերացումներում որոշակի փոփոխություններ բերեց ՀՀ երրորդ նախագահի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը․ այդ փոփոխությունները նախ ոճային էին, ընդ որում՝ ոչ միայն արտաքո կարգի։ Ռ․ Սարգսյանն ակամա ձեւավորեց շփումների մեջ առանց բարդույթի, հեշտ հաղորդակցվող տիկնոջ կերպար, ում՝ պարզամտության հասնող անմիջականությունը թեեւ երբեմն զավեշտալի էր, այնուամենայնիվ, որոշ չափով փոխեց առաջին տիկինների զուսպ-սառը՝ աշխարհում ընդունված պատկերացումը։ Նա կենսախինդ առաջին տիկին էր։
Հետիշխանափոխական շրջանում՝ սկսած 2018 թվականից, առաջին տիկնոջ ինստիտուտը հետաքրքիր կերպափոխություններ ունեցավ։ Ինչպես վայել է այս իշխանություններին, այդ ինստիտուտը նախ «հակասություններ» ունեցավ օրենքի հետ, ավելի ստույգ՝ Սահմանադրության։ Բանն այն է, որ խորհրդարանական կառավարում ունեցող երկրում առաջին տիկնոջ «գահին» պետք է «նստեր» ԱԺ նախագահի տիկինը, եւ ՀՀ Սահմանադրությունը դրան միանգամայն «համաձայն» կլիներ, թեեւ նույն Սահմանադրությունը փոքր շանսեր չէր նախատեսել նաեւ հանրապետության նախագահի տիկնոջ համար․ ըստ մայր օրենքի՝ նա «պետության գլխի» տիկինն է։
Բայց քանի որ վերջին տարիներին ցանկացած պետական ինստիտուտում խառը վիճակ է՝ շունը տիրոջը չի ճանաչում, առաջին տիկնոջ ինստիտուտը հեշտությամբ եւ արագ յուրացվեց վարչապետի տիկնոջ կողմից, ա՛յն վարչապետի, որին, ըստ Սահմանադրության, ընտրում է Ազգային ժողովը (1), իսկ հետո, ըստ նույն Սահմանադրության, նշանակում է հանրապետության նախագահը (2)։ Ինչպես տեսնում ենք, վարչապետն իրավական աստիճանակարգության մեջ թեեւ ամենեւին էլ ամենավերեւում չէ՝ իջնում է մինչեւ երրորդ «պորտ», բայց դա, ըստ էության, որեւէ նշանակություն չունեցավ, որովհետեւ վարչապետն արագ ու վերջնականապես իրենից «առաջ ընկածների» պորտը «տեղը» դրեց՝ հաստատելով միահեծան իշխանություն, որում առաջին տիկնոջ ինստիտուտն արդեն ընկալվում էր ոչ այնքան որպես հանրային կարգավիճակ, որքան պետական պաշտոն։
Անշուշտ, առաջին տիկնոջ «գահի» գրավման մեջ մեծ նշանակություն ունեցավ նաեւ սուբյեկտիվ գործոնը․ վարչապետի տիկինն ավելի հավակնոտ էր, նախահարձակ, ինքնավստահ։ Նա շարունակում է մնալ այդպիսին։
Առաջին տիկնոջ դափնին մրցակիցներից վերջնականապես խլելու-յուրացնելու ճանապարհին կարեւոր մարտավարական քայլ էր միանգամից երկու հիմնադրամի ստեղծումը, որը, նախ, ինքնորոշված առաջին տիկնոջը սեփական ձեռքով տնօրինվող բյուջե ձեւավորելու հնարավորություն ընձեռեց, ապա եւ՝ հիմնադրամները ինստիտուցիոնալ առումով ամրապնդեցին առաջին տիկնոջ դերակատարությունը պետական կառավարման համակարգում՝ այնքան, որ վերջինս հարմար տեղավորվեց․․․ կառավարության շենքում։
Կարելի է միանշանակ պնդել, որ Աննա Հակոբյանի առաջին տիկնությամբ այս ինստիտուտի համաշխարհային մոդելը տեղական նրբերանգներ ստացավ․ այն ակնհայտորեն քաղաքականացվեց․ չափազա՛նց քաղաքականացվեց։ Ժամանակակից աշխարհում դժվար է շատ այլ երկրներ մատնացուցել, որտեղ առաջին տիկինը, քաղաքակրթական չգրված կանոններով սահմանված պարտականությունները թողած, այսքան ուղղակիորեն զբաղվի գործնական քաղաքականությամբ։ Այն երկրներում, որտեղ առաջին տիկնայք այդպիսի դերակատարություն ունեն, դերակատարություններն ինստիտուցիոնալացված են (օրինակ՝ Ադրբեջանում, որտեղ առաջին տիկինն ի պաշտոնե նաեւ երկրի փոխնախագահն է)։
Եվս մի նրբագիծ՝ Ա․ Հակոբյանի առաջին տիկնության դիմապատկերին։ Բոլոր նախկին առաջին տիկինների վերաբերյալ, բնականաբար, հորինվել-տարածվել են տարատեսակ բամբասանքներ, հումորային պատմություններ, անեկդոտներ․ այս առումով նրանցից ոչ մեկը «սուրբ» չէ։ Նկատենք, որ այդ ֆոլկլորը երբեմն ոչ միայն ի վնաս նրանց չի եղել, այլեւ յուրօրինակ կերպով միֆականացրել-սրբագրել է կերպարները։ Բայց նրանցից ոչ մեկի վերաբերյալ չեն հնչել քրեական բնույթի այնպիսի մեղադրանքներ, ինչպես Ա․ Հակոբյանի։ Իսկ եթե նկատի ունենանք, որ այդ մեղադրանքները հնչում են իշխանափոխությունից ընդամենը երկու տարի անց եւ հնչում են ժողովրդական բողոքի ալիքով իշխանության եկած առաջին տիկնոջ հասցեին, արդեն իսկ աննախադեպ բան է։
Աննա Հակոբյանին այս կարճ ժամանակամիջոցում հաջողվեց մի բան էլ, որ անկարելի էր եղել նախորդների դեպքում․ նա կարողացավ իր տոհմը «պանծացնել»՝ արյունակից շառավիղներին փառքի ճանապարհ հանելով։ Եվ մենք այսօր ականատեսն ենք մի երեւույթի, որը հազիվ թե հնարավոր լինի գտնել նույնիսկ հետամնաց երկրներում․ «առաջին տիկին» ե զ ր ո ւ յ թ ը լրացվել է «առաջին աներձագ» ե ր ե ւ ո ւ յ թ ո վ, որը, ամենայն հավանականությամբ, դեռ կվերաճի․․․ ինստիտուտի։
Եթե, իհարկե, այդքան ժամանակ տրվի այդ եւ մյուս երեւույթներին։
Կարծիքներ