Ի՞նչ պետք էր, որ ՆԱՏՕ-ն սահմանները բերեց մոտիկացրեց Ռուսաստանին՝ իմաստը ո՞րն էր․ Գրիգոր Հարությունյան

Ի՞նչ պետք էր, որ ՆԱՏՕ-ն սահմանները բերեց մոտիկացրեց Ռուսաստանին՝ իմաստը ո՞րն էր․ Գրիգոր Հարությունյան

Ռուսաստանը երկու օր առաջ ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական Հանրապետությունների անկախությունը՝ չնայած ողջ աշխարհի դիմադրությանը։ Տարբեր կարծիքներ և մեկնաբանություններ հնչեցին այս առիթով՝ ոմանք մերժում են ՌԴ քաղաքականությունը եւ այն զավթողական անվանում, մյուսները կարծում են, որ սա ուժեղ եւ նպատակասլաց քաղաքականություն է՝ սեփական շահերից բխող։ «Հրապարակը» փորձում է հայաստանյան քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից, քաղաքագետներից, վերլուծաբաններից պարզել, թե ինչպես են մտածում այս հարցի շուրջ, սա ինչ հետեւանքներ կունենա տարածաշրջանի եւ մասնավորապես՝ Արցախի հարցի հետ կապված։

ՀԺԿ կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե, իր կարծիքով, սա ինչպես կազդի Հայաստանի վրա։ «Ժամանակը ցույց կտա։ Սանկցիաներ որ լինեն, բնականաբար, մեզ վրա էլ կազդի։ Մենք էլ Արցախի Հանրապետության ճանաչման խնդիրն ունենք։ Մեզ մոտ լրիվ ուրիշ իրավիճակ է։ Այնքան սրընթաց է ամեն ինչ զարգանում, որ ես և ելույթն եմ նայել, և քոմենթները կարդացել։ Մեզ համար էլ է բավականին բարդ լինելու, որովհետև մենք աշխարհից կտրված չենք, կապված ենք և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ։ Այնպես որ, սպասենք տեսնենք՝ ինչ կլինի»։ Հարությունյանը գտնում է, որ սա «ռեսուրսների» պատերազմ է՝ աշխարհի ամենաշատ ռեսուրսներ տիրապետող երկրներն են այս հակամարտության մեջ մխրճված։

«Սրանք զուսպ պրոցեսներ են։ Անգամ մինչև համաշխարհային պատերազմի հասնող վտանգն էլ գոյություն ունի։ Այնքան լարված վիճակ է, որ մի փոքր կայծից էլ ամեն ինչ կարող է լինի։ Ոչ ոք չի կարող կանխատեսել։ Մենք զգույշ պիտի լինենք, համախմբված, անձնական շահը պիտի առաջ չմղենք, գզվռտոցիին վերջ տանք։ Մեծ-մեծ թեմաները չպետք է մեզ հետաքրքրեն, քանի որ մեր երկիրն էլ բավականին մեծ  խնդիրներ ունի, և պետք է կենտրոնանանք մեր գործերով»,-ասաց նա։ Հարությունյանը Ուկրաինայի մասին բացարձակապես չի մտածում, քանի որ դա մի պետություն է, որն ապահովում է  Ադրբեջանին զենքով և այսօր էլ պաշտպանում է այդ պետությանը։ Այնպես որ, իր համար միևնույն է, թե ինչպիսի զարգացումներ կլինեն այնտեղ։ 

«Արևմուտքը սանկցիաներ կանի՝ ուրիշ ոչինչ։ Նա խնդիր ունի, որ Ռուսաստանին չթողնի զարգանա։ Այնպես, որ Արևմուտքը Ուկրաինային այս օրը գցեց և տարավ նրան, որ Ուկրաինան իր տարածքները կորցրեց։ Եվ ինչպես Ղրիմը, այնպես էլ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունն էլ կկորցնի։ Բոլորն իրենց շահերի համար են մտածում։ Ի՞նչ պետք էր, որ ՆԱՏՕ-ն սահմանները բերեց մոտիկացրեց  Ռուսաստանին, իմաստը ո՞րն էր»,- զրույցի ավարտին ասաց Գրիգոր Հարությունյանը։