Ինչպես էր փոխվում թավիշը. մայիսի 6

Ինչպես էր փոխվում թավիշը. մայիսի 6

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր երեսունյոթերորդ՝ մայիսի 6:

2018թ․ մայիսի 6 - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի պատասխանատու Տիգրան Ավինյանը հաստատում է տեղեկությունը, որ մայիսի 8-ին վարչապետ դառնալուց հետո՝ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը լինելու է Արցախում՝ տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Տիգրան Ավինյանը նաեւ նկատում է. «Ես չեմ կարծում, որ այս փուլում լարվածությունը ձեռնտու է Ադրբեջանին՝ հասկանալով Հայաստանում կատարվող իրադարձությունները: Ես կարծում եմ, որ որեւէ սադրանքի պարագայում Ադրբեջանը կունենա լրջագույն տարածքային կորուստ»: 

Իրականում եղավ հակառակը՝ լրջագույն տարածքային կորուստներ ունեցան Հայաստանն ու Արցախը, որից հետո՝ 2020 թվականի աշնանից սկսած, Նիկոլ Փաշինյան այլեւս Արցախ չի այցելել՝ արդեն 1,5 տարի:

2019թ․ մայիսի 6 - Տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը հայտարարում է. «Այսօրվա կառավարությունն իր ամբողջ ռեսուրսները չի օգտագործում՝ գերիշխող դիրք զբաղեցնողների մասնաբաժինը շուկայում նվազեցնելու առումով: Մեր տնտեսության առանձին ոլորտներում, առանձին գործարարներ դեռեւս շարունակում են մենաշնորհային դիրքը պահպանել»:
Այս հայտարարությունից հետո Վահագն Խաչատուրյանը դարձավ իշխանությունների հետ մտերիմ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի Հայէկոնոմբանկի խորհրդի անդամ, հետո՝ նախարար, ապա՝ ՀՀ նախագահ:

2020թ․ մայիսի 6 - ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է «Ոչ մի կառավարություն ԼՂ հարցի կարգավորման մասին իր դիրքորոշումն այնքան չի ներկայացրել, որքան մեր կառավարությունը, կիլոմետրերով, բազմիցս դիրքորոշում ենք հայտնել: Եթե որեւէ մեկն ուզում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Չի լինելու այնպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանին նստենք, ու ձեռներներս դողա՝ վա՜յ, հանկարծ, կներեք արտահայտությանս, սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը` բանակցել այդ հարցի շուրջ, եւ մենք այդ լիազորությունն օգտագործելու ենք, բոլոր հնարավոր դիվանագիտական հմտություններն օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ: Եվ թող մեզ ոչ մեկը չասի՝ աաա՜, ի՞նչ եք բանակցում: Ինչը որ պետք է, այդ էլ բանակցում ենք: Մեզնից պատասխան կարող է պահանջել ՀՀ ժողովուրդը: Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է եւ ուզում է հարցի լուծում: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ: Ռուսաստանն էլ է ուզում, ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան էլ, կարեւորը նրբությունների մեջ է: Եթե պարզվի, որ Ադրբեջանը չի ուզում հարցի լուծումը, չի լուծվի հարցը»: 
5 ամիս անց, առանց ժողովրդի լիազորության, Նիկոլ Փաշինյանն Արցախի 75 տոկոսը տվեց կառուցողական Ալիեւին: Ադրբեջանը հարցը լուծեց այնպես, ինչպես ինքն էր ուզում:

2021թ․ մայիսի 6 - Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է՝ ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ՝ դրոշմանիշային վճարումները, կազմել են 180 միլիարդ դրամ․ «Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի Հանրապետության համար»։

Երկար տարիներ ֆինանսների փոխնախարար աշխատած Պավել Սաֆարյանն այլ թիվ է ներկայացնում՝ Հայաստանի պետական պարտքն անցել է 8,650 միլիարդ դոլարից՝ գերազանցելով ՀՀ «Պետական պարտքի մասին» օրենքով նախատեսված պարտքը՝ ՀՆԱ հարաբերակցության առավելագույն 60 տոկոս շեմը: Այս կարծիքը մնում է անարձագանք:

2022թ․ մայիսի 6 - Հաղորդվեց, որ «մայիսի 3-ին տեղի է ունեցել Թուրքիայի հատուկ բանագնաց Ս. Քըլըչի եւ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության ներկայացուցիչ Ռուբինյանի երրորդ հանդիպումը Վիեննայում։ Հանդիպումից հետո որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել, այլ վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը՝ «առանց նախապայմանների» հաստատելու դիվանագիտական հարաբերություններ։ Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Եթե իսկապես այդ հանդիպումներն այլ՝ գաղտնի օրակարգ չունենային, այլ միայն կոչված լինեին դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, ապա դա կարվեր ժամանակակից աշխարհում ամենատարածված ձեւով՝ երկու երկրները փոխանակում են համապատասխան նոտաներ եւ վերջ։ Ավելին՝ հաշվի առնելով, որ հենց Թուրքիան է, որ չի հաստատում հարաբերություններ ու դնում է նախապայմաններ՝ փակ պահելով սահմանը, բանակցելու որեւէ խնդիր չկար հայկական կողմի համար։ Ակնհայտ է, որ կա այլ՝ փակ օրակարգ՝ թուրքական նախապայմաններով, որի մասին ՀՀ դե ֆակտո իշխանությունը ոչինչ չի հայտնում, եւ, որպես կանոն, մենք իմանում ենք գործընթացի միայն որոշ մանրամասներ թուրքական մեդիայի կամ թուրք պաշտոնյաների հայտարարությունների շնորհիվ (վերջին նմանատիպ օրինակը Չավուշօղլուի կողմից ՀՀ-Թուրքիա սահմանների վերասահմանազատման «անակնկալն» էր)։ Միաժամանակ կարելի է պնդել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ որեւէ համաձայնություն կկնքվի միայն այն ժամանակ, երբ որեւէ պայմանագիր/համաձայնագիր ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ