Նոր արտահերթ ընտրությունը՝ իշխանության փրկօղակ

Նոր արտահերթ ընտրությունը՝ իշխանության փրկօղակ

Մայիսի 28-ի համաժամանակյա հանրահավաքները Երեւանում եւ Ստեփանակերտում դիմադրության շարժման համար իրապես կարող են հանգուցային նշանակություն ունենալ՝ ցույց տալով Արցախի փրկության հարցում նախեւառաջ արցախցիների բուռն հետաքրքրվածությունը։ 
Այդ ֆոնին իշխանության մեկուսացումն ավելի է ընդգծվում, եւ պարզ է, որ վարչապետին այժմ նոր պատրվակներ են պետք՝ ցույց տալու, թե իբր ընդդիմադիր ալիքը կա՛մ մարգինալ է՝ «լոգիստիկ խնդիրներ» է լուծում, կա՛մ ռազմամոլ ու ծայրահեղական է, կա՛մ էլ՝ իշխանատենչ, կարճ ասած՝ նրա իրական նպատակը ոչ թե Արցախի փրկությունն է, այլ իշխանությունը վերադարձնելը։

Իրականում Փաշինյանն այդպիսով միակողմանիորեն փակում է հենց ընդդիմության կողմից բացված «մարդասիրական միջանցքը», որով, օրինակ, ՔՊ-ական պատգամավորներին հնարավորություն է տրվում լքելու այդ խմբակցությունը եւ ժողովրդական պահանջին անսալով՝ նպաստելու անցնցում իշխանափոխությանը։ Փաշինյանի վարչակազմը հաշվի չի առնում, որ, ի տարբերություն 2021-ի հունիսի, հիմա տրամագծորեն այլ իրավիճակ է, եւ արտահերթին իրեն տրված մանդատն այսօր իսկապես գործուն չէ, քանի որ նա ղեկավարվում է դրա հակոտնյա տրամաբանությամբ։ «Հայրենիքի փրկության շարժման» օրերին իշխանության գործադրած միջոցներն այլեւս չեն աշխատում, օրինակ՝ ռազմական դրություն հնարավոր չէ սահմանել։

Ավելին՝ եթե անցյալ տարի իշխանությունն ինքը բացեց արտահերթ ընտրության խոսույթը՝ վստահ լինելով վարչական ռեսուրսի կիրառմամբ սեփական պյուռոսյան հաղթանակի հարցում, հիմա դա էլ իրենց չեն կարող թույլ տալ։ 2021-ին Փաշինյանը հարթակային ընդդիմությանը մարտահրավեր էր նետում իր իսկ կազմակերպած ընտրությամբ, իսկ այսօր նույնիսկ դրան պատրաստ չէ։ Այլ բան, որ ընդդիմությունն ինքն իրավունք չունի տրվելու այդ առաջարկի գայթակղությանը, որքան էլ իշխանությունը տեղի տա վերահաս փողոցային շարժման առաջ եւ մի նոր արտահերթը փորձի որպես միջանկյալ լուծում առաջարկել։ Այս պահին միակ գործուն միջոցը բացառապես անցումային վարչապետի ընտրությունն ու ժամանակավոր կառավարության կազմավորումն է։

Կառավարության նիստերին վարչապետի ինքնավստահ ելույթները՝ մի կողմ, նրա սեղանին հո դրվո՞ւմ են ԱԱԾ-ի տվյալներն իրական հանրային տրամադրությունների մասին։ Պարզ է, որ նա պիտի փորձի հնարավորինս անզիջում թվալ՝ բացառելով ոչ միայն սեփական հրաժարականը, այլեւ անգամ նոր արտահերթի անցկացման հնարավորությունը։ ՔՊ-ական պատգամավորներն արդեն սկսել են հին ու մաշված փաստարկի օգտագործումը, թե իբր եթե նոր արտահերթ ընտրություն անցկացվի, իրենք դարձյալ կհաղթեն, եւ դա է պատճառը, որ դիմադրության շարժումը չի քննարկում այդ հնարավորությունը։ Չի ասվում ամենակարեւորը՝ այն, որ գործող իշխանությունն իր կազմակերպած որեւէ ընտրությամբ հասկանալիորեն երբեւէ չի պարտվի։ 

Հանճարեղ խուզարկու Շերլոք Հոլմսն Արթուր Քոնան Դոյլի «Արնագույն գործը» վիպակում նկատում է․ «Ոչինչ նոր չէ այս արեւի տակ։ Ամեն ինչ արդեն կատարվել է նախկինում»։ Իսկ կերպարներից մյուսն էլ հավելում է․ «Վրեժը քաղցր չէ, երբ վիրավորողը չի հասկանում, թե ով է իրեն հարված հասցնողը, եւ թե ինչի համար է պատժվում»։

Արտահերթի ձայնապնակը եւս նոր չէ եւ պատեհ պահին դարձյալ կխաղարկվի, իսկ, ահա, իր քաղաքական ընդդիմախոսներից մի հերթական անգամ վրեժ լուծելու համար Փաշինյանը գուցեեւ մի միջանկյալ, ընթացիկ միջոց մոգոնի՝ թոթափելու ներքին լարվածությունը, փորձելով կոտրել նաեւ դիմադրության շարժման ողնաշարը։ Բայց քանի որ ՔՊ-ական երեսփոխանները եւ կառավարության անդամների բացարձակ մեծամասնությունն անանցյալ եւ պատահական մարդիկ են՝ զուրկ որեւէ լուրջ արժանիքից եւ բարոյական կողմնորոշիչներից, մտավախություն ունեն իրենց ներկայիս կարգավիճակի հարցում։ Փաշինյանը հո մեկն է, իսկ իրենք շատ են եւ պետք է փորձեն ամեն գնով սեփական կաշին փրկել՝ զոհ չգնալով նրա քաղաքական խարդավանքներին։ Դա է, ահա, պատճառը, որ երբեմն Պապից ավելի կաթոլիկ են փորձում թվալ եւ անբովանդակ ճամարտակում են խորհրդարանական ամբիոնից։

Դավիթ Սարգսյան