Փորձ՝ փրկելու ԱԺԲ-ի ընդդիմադիր վարկանիշը

Փորձ՝ փրկելու ԱԺԲ-ի ընդդիմադիր վարկանիշը

Մայիսի 28-ին «Սասնա ծռեր» խմբավորման 7 անդամներին բերման ենթարկելը ոչ մի կապ չունի արդարադատության հետ, այն պարզ քաղաքական հաշվարկի արդյունք է, իշխանության եւ ԱԺԲ-ի ղեկավարության միջեւ կայացած գործարք: 

Չնայած Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները բերման են ենթարկվել Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում, սակայն «Սասնա ծռերի» 7 անդամներին կալանավայր ուղարկելը պարտադրված քայլ էր, ԱԺԲ-ի ընդդիմադիր վարկանիշը փրկելու թերեւս անհաջող փորձ: 

Ազգային ժողովրդավարական բեւեռն արդեն 2 տարուց ավելի փորձում է հանրությանն ապացուցել, որ ինքն ընդդիմություն է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Բայց հասարակությունն այնքան էլ չի հավատում այդ դերասանությանը: Ինչպե՞ս կարող է Փաշինյանի բռնապետական վարչակարգը հանդուրժել մի կուսակցության, որի անդամների մի մասը դատապարտված է ազատազրկման, սակայն գտնվում է ազատության մեջ: Մի վարչակարգ, որը մարդուն կարող է ազատությունից զրկել ընդամենը իշխանությունից տարբերվող կարծիք ունենալու համար, մի վարչակարգ, որն օրենք է ընդունել վիրավորանքը քրեականացնելու մասին, եւ այդ օրենքով տասնյակ քրեական գործեր են հարուցվել, բազմաթիվ մարդիկ կալանավորվել, կարող է հանդուրժել, որ ազատության մեջ լինեն իրեն ընդդիմություն համարվող մարդիկ, ովքեր գրավել են ոստիկանական զորամաս, սպանել են ոստիկանների, եւ որոնց մասով կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Իրավիճակը «Սասնա ծռերի» եւ ԱԺԲ-ի համար սաստկացավ հատկապես մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանական ընդդիմությունը եւ նրան սատարող այլ կուսակցություններ ու հասարակական խմբեր դուրս եկան հրապարակ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Իշխանությունն այդ պահանջին պատասխանեց ընդդիմության ներկայացուցիչների դեմ տարբեր սադրանքներ կազմակերպելով ու Փաշինյանի պաշտոնազրկումը պահանջողներին ազատությունից զրկելով: Գյումրիում ընդդիմության աջակիցներին ստիպեցին դուրս գալ հավասարակշռությունից, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանի վրա «կարեցին» փողով հանրահավաքի մասնակից վարձելու շինծու մեղադրանք, դաշնակցական ակտիվիստների բնակարաններից գտան ինչ-որ անհասկանալի ցուցակներ՝ մեղադրելով անցած տարի ընտրակաշառք բաժանելու մեջ, մյուսների բնակարաններում թմրանյութեր են ման գալիս: Հայաստանում օրեցօր աճում է քաղբանտարկյալների թիվը, այն մարդկանց, ովքեր կլինեին ազատության մեջ, եթե չմասնակցեին ընդդիմության ակցիաներին, եթե չաջակցեին Փաշինյանի իշխանազրկման պահանջին:

Այս պայմաններում մի քիչ անսովոր եւ անընկալելի է, որ «այլընտրանքային ընդդիմության» դեր խաղացող ԱԺԲ անդամները, որոնք, լինելով «Սասնա ծռեր» խմբավորման մասնակիցներ եւ դատապարտված լինելով ծանր հանցագործությունների համար, գտնվում էին ազատության մեջ: ԱԺԲ-ի ընդդիմադիր իմիջը փլվում էր, եւ հասարակ մարդիկ սկսում էին հասկանալ, թե իրականում ում է ընդդիմություն ԱԺԲ-ն` գործող իշխանությա՞նը, թե՞ այդ իշխանությանը պաշտոնազրկելու հայտ ներկայացրած կուսակցություններին եւ հասարակական ուժերին:

Իշխանությունն ու ԱԺԲ-ն կարող են հաշվել, որ ազատազրկման վայր ուղարկելով «Սասնա ծռեր» խմբավորման 7 անդամներին՝ իրենք ամեն ինչ գցեցին տեղը` հավասարակշռությունը վերականգնվեց: Կալանավորվածներ կան ոչ միայն հրապարակում Փաշինյանի հրաժարականը պահանջողների ճամբարից, այլ նաեւ՝ ԱԺԲ-ից, որի առաջնորդը մեկուկես ամիս առաջ սպառնաց, որ երբ հաջորդ անգամ իրենք դուրս գան հրապարակ, այլեւս տուն չեն գնալու, մինչեւ հասնեն Փաշինյանի հրաժարականին, ու անորոշ  ժամանակով հետաձգեց խոստման իրականացումը: 
Հիմա ԱԺԲ-ի ղեկավարները եւս կարող են հայտարարել իրենց դեմ իրականացվող իշխանական հետապնդումների, արդարադատության բացակայության եւ դրա զոհը լինելու մասին:

Անազատության մեջ գտնվողներն էլ  բանտերից հայտարարություններ կտարածեն պայքարը շարունակելու վճռականության եւ Հայաստանում ի վերջո ազգային իշխանություն հաստատելու անխուսափելիության մասին: Ընդդիմադիր գործունեություն իրականացնելու եւ դրա հետեւանքով հալածվելու տեսարանը կապահովվի:

Միայն թե գործող վարչախմբի եւ ԱԺԲ-ի բախտն այնքանով չի բերում, որ, չնայած գործադրվող ջանքերին, հայ հասարակությունն այդպես էլ չի հավատում սրանց ընդդիմադիր լինելուն եւ Հայաստանը փրկելու ձգտումներին: Որովհետեւ անկախ ոստիկանության նկատմամբ հասարակության ունեցած վերաբերմունքից, հայ մարդը երբեք չի հերոսացրել հայի վրա զենք բարձրացնողին, հայ մարդ սպանողին: 

Եվ այդ պատճառով «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կալանավորումը հասարակությունը դիտարկում է ոչ թե իբրեւ քաղաքական հետապնդում, այլ որպես անմեղ մարդկանց սպանության համար հատուցում:

Ավետիս Բաբաջանյան