«Հրապարակ». Ես չեմ կարող ասել, որ Աննա Վարդապետյանն իմ կադրն է

«Հրապարակ». Ես չեմ կարող ասել, որ Աննա Վարդապետյանն իմ կադրն է

Այս իշխանություններում բարձր պաշտոն զբաղեցրած կամ դեռ զբաղեցնող պաշտոնյաների մի մասը նախկիններից մնացած կադրեր են։ Օրինակ՝ արդեն նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, տարածքային կառավարման նախկին փոխնախարար Լիլիա Շուշանյանը համարվում էին նախորդ իշխանության կարկառուններից մեկի՝ երկու անգամ արդարադատության նախարար աշխատած Դավիթ Հարությունյանի կադրերը։

Ոմանք Դավիթ Հարությունյանի կադր են համարում նաեւ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ով երկու օր է՝ ԱԺ ամբիոնից շինծու քրեական գործերով միջնորդություններ է զեկուցում խորհրդարանի ամբիոնից՝ չփայլելով իրավական պրոֆեսիոնալիզմով ու մասնագիտական բարեխղճությամբ։ Բանն այն է, որ նա մի որոշ ժամանակ Դավիթ Հարությունյանի մոտ խորհրդական է աշխատել, երբ վերջինս արդարադատության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի օգնականն է եղել, հավանաբար՝ արդարացրել է իրեն եւ դրանից հետո նոր նշանակվել է գլխավոր դատախազի բարձր ու պատասխանատու պաշտոնին՝ հարուցելով շատերի զարմանքն ու տարակուսանքը։

Դավիթ Հարությունյանը, ով վերջին շրջանում ակնհայտորեն պասիվացել է ու ներքաղաքական հարցերով չի խոսում, չի երեւում, մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազի՝ ԱԺ-ում հնչեցրած ելույթներին չի հետեւել։

«Ընդհանրապես չեմ նայել, որովհետեւ ժամանակ չեմ ունեցել դրանով զբաղվելու»,- ասաց նա։ Երբ նկատեցինք, որ ոմանք Աննա Վարդապետյանին էլ են համարում իր կադրն ու այսօր իրեն քննադատում են, որ սխալ գիտելիքներ ու որակներ է ուսուցանել, եւ հիմա նրա աշակերտը սխալ քրեական գործեր է հարուցում, քաղաքական հետապնդումներ է իրականացնում, պարոն Հարությունյանն ասաց․ «Ես չեմ կարող ասել, որ Աննա Վարդապետյանն իմ կադրն է։ Շատ կարճ ժամանակահատված ենք մենք աշխատել, մենք գրեթե չենք հասցրել իրար հետ աշխատել»։

- Իսկ ինչպե՞ս էիք գնահատում նրա իրավական գիտելիքներն ու հմտությունները։

- Մասնագիտական առումով, էն ժամանակահատվածում, շատ գոհ եմ եղել իր գիտելիքներից։ Բայց նորից եմ կրկնում՝ շատ կարճ ժամանակահատված եմ իր հետ աշխատել։

- Իսկ այսօր չե՞ք հետեւում նրա գործունեությանը՝ արդեն որպես դատախազի։

- Ես ունեմ իմ հետաքրքրությունների շրջանակը, դրանով եմ զբաղվում, ճիշտն ասած։

- Բայց դրանք երկրին առնչվող հարցեր են, չե՞ն մտնում Ձեր հետաքրքրությունների շրջանակի մեջ։

- Հասկանում եմ՝ երկրին առնչվող հարցեր են, բայց ես ունեմ այս պահին այլ խնդիրներ, որոնցով զբաղվում եմ։ Բայց դրանց մասին ինտերվյուներ չեմ տալիս։ Արցախի ՀԷԿ-եր եւ այլն, ուզում եմ ասել՝ էդ պրոցեսներն են էս պահին ինձ ավելի հետաքրքրում։ Մարդ պետք է աշխատի այնտեղ, որտեղ ինքը կարող է օգուտ տալ։

- Իսկ ներքաղաքական հարցերով չե՞ք հետաքրքրվում։

- Հետաքրքրվում եմ, բայց ինտերվյուներ չեմ տալիս։