Փչացնել բոլորին

Փչացնել բոլորին

Ինչքան շատ է խոսում, այնքան շատ է խայտառակվում եւ խայտառակում ռեսպուբլիկան: Երեկ խորհրդարանում շարունակվեց ընդդիմությանը դատափետելու-դատապարտելու զազրելի ներկայացումը: Երիտասարդ դատախազը, որը դեռ պետք է կայանար, մտներ գործի մեջ, հասկանար, թե որը որից հետո է, միանգամից դարձավ քաղաքական պայքարի գործիք` իշխանությունների ձեռքին: Շատ դժվար էր առանց վրդովմունքի լսել նրա խոսքը, ապա` դահլիճում գտնվող եւ իշխանություններին իրենց հավատարմությունն ի ցույց դնող ՔՊ-ականների հարցադրում-ելույթները: Հակասություններով լի, միլիոն հարց ծնող ելույթ եւ անտեղյակ ու անգրագետ հարցադրումներ: Նորից վերահաստատվեց, որ մեղադրանքների հիմնական մասի դեպքում վաղեմության ժամկետն անցել է, եւ եթե անգամ նախաքննությունը «հանցանք հայտնաբերի»` դրա հետեւանքով լինելու է «վերդիկտ, առանց պատժի»: Եթե օտարված զորամասի դեպքում անգամ զեկուցողը խոստովանեց, որ դա պիտանի չէր օգտագործման, դրա համար էլ կառչել են Հողային օրենսգրքից, որ 60-րդ հոդվածով այն ենթակա չէր օտարման: Այսինքն, հողի նշանակությունը պետք է փոխեին եւ ֆորմալ գործողություններ անեին, նոր վաճառեին:

Բայց առավել անհեթեթ էր Չարչյանի մասով միջնորդությունը: Պարզվեց` անգամ դատախազը չի կապում Հաց բերողի մահը փորձագիտական եզրակացության հետ: Եզրակացությունը կազմող բոլոր բժիշկներն էլ հրաժարվել են վաղեմության հիմքով գործի կարճումից, քանի որ հայտարարել են, որ ոչ մի սխալ թույլ չեն տվել: Ու ամենակարեւորը` կեղծ եզրակացություն տալը դիտավորյալ հանցագործություն է, այսինքն` փորձագետը ոչ թե պետք է շփոթված լինի կամ օրենքի ու կանոնակարգի դրույթների ինչ-ինչ մեկնաբանության արդյունքում սխալ եզրակացություն տված լինի, այլ միտումնավոր պետք է կեղծի եզրակացությունը: