Սա նման է մեծ երկրաշարժից հետո հետցնցումներին

Սա նման է մեծ երկրաշարժից հետո հետցնցումներին

«Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է» ասույթը, թերեւս, տեղին է ներկայիս հրթիռակոծություններով ու ռազմական գործողություններով ուղեկցվող «հրադադարի» պայմաններում, որի ժամանակ շարունակում են քաղաքացիական անձինք զոհվել, նաեւ՝ զինվորներ ու կամավորներ։ Հոկտեմբերի 10-ին, երբ 10 միլիոն հայությունը համակարգչի ու հեռուստացույցի առաջ շունչը պահած սպասում էր, թե ինչ կասի 11 ժամ փակ դռների հետեւում փակված Լավրով-Մնացականյան-Բայրամով եռյակը, շատերը համոզված էին, որ փխրուն հրադադարը երկար չի տեւի, ինչի հիմնական նախապայմանն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է ամեն գնով փոխել ստատուս քվոն եւ վերադարձնել Ղարաբաղն ու ազատագրված շրջանները։ Բայց շատերի համար անակնկալ էր, որ անգամ հրադադարի հայտարարված ժամից՝ 12-ն անց 5, պայմանավորվածությունը կխախտվի։

Ինչպե՞ս են ռուսաստանցի քաղաքագետները մեկնաբանում այն, որ «ռուսական մանդատի» ներքո անցկացված առաջին մոսկովյան խորհրդակցություններից հետո հաստատված հրադադարի պայմաններում պատերազմ է ընթանում։ Հարցն ուղղեցինք ռուսաստանցի քաղաքագետ եւ լրագրող Վադիմ Դուբնովին, որն ասաց․ «Սա պատերազմ է հրադադարի պայմաններում»։ Նաեւ ասաց, որ կրակի դադարեցումից հետո առաջին օրերին կամ  առաջին հրադադարի ժամանակ նման բաներ լինում են։ «Հատկապես, եթե նկատի ունենանք, որ այն ավելի շատ ֆունկցիոնալ՝ գործառնական է, քան գործիքակազմային (ինստրումենտալ)։ Եվ կարծում եմ՝ այս դեպքում շատ կարեւոր էր, որ լիներ կրակի դադարեցման գոնե ֆորմալ համաձայնություն, որը՝ թեկուզ ֆորմալ, պահպանում է կողմերի՝ միմյանց ուղղված առավել երկարաժամկետ առաջարկներ։ Եվ դրա համար, կարծում եմ, հիմա  կարգավորմամբ զբաղվող բոլոր կողմերը սպասում են ու հուսով են առավել լավ հեռանկարների»։
Սա քաղաքագետը նմանեցնում է մեծ երկրաշարժից հետո հետցնցումներին՝ աֆթերշոկերին, ու կարծում է, որ վատ հրադադարը լավ պատերազմից լավ է։ «Նաեւ կարծում եմ, որ հրաշքների գիծ (շփման գծի հետ բառախաղ՝ Ա․ Դ․) գոյություն չունի, եւ եթե հոկտեմբերի 12-ին իրոք ժամը 12-ին դադարեր կրակը, ու այլեւս ոչ մի կրակոց չլսվեր, դա կլիներ հրաշք։ Ցավոք, նման հրաշքներ չեն լինում»,- ավելացրեց Դուբնովը։ Հիշեցնենք, որ մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը սրանից հետո անգամ գրել էր․ «Չե՞ն ուզում լսել Լավրովին, ուրեմն կլսեն Շոյգուին»։

Ամեն դեպքում, եթե հիշում ենք, հոկտեմբերի 10-ի հայտարարությունում ասվում էր, որ կողմերը ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում պետք է վերադառնան սուբստանտիվ բանակցությունների։
Պատրաս՞տ են արդյոք նման բանակցությունների, եւ ո՞ր կետից կարող է վերսկսվել խոսակցությունը։ Ռուսաստանցի քաղաքագետն ի պատասխան ասում է, որ շատ դժվար է այդ հարցին պատասխանելը։ «Նախ, որովհետեւ մենք հիմա չգիտենք, թե ինչ է կատարվում հարավում (Հադրութ, Ջաբրայիլ), որովհետեւ, որքանով ես եմ հասկանում, Ադրբեջանը շարունակում է այստեղ իր գործողությունները եւ, թեեւ չհաստատված տեղեկություններով՝ այս ուղղությամբ ունի ինչ-ինչ հաջողություններ։ Եվ սրանից հետո կախված է, թե ինչով այս ամենը կավարտվի Հադրութում։ Ինչո՞ւ, որովհետեւ եթե Հադրութը հայկական կողմը չկարողանա պահել, սա խոսակցության մի մեկնակետ է՝ նկատի ունենալով, որ սա կլինի առաջին տարածքը, որ կհանձնվի, եթե ոչ՝ Ադրբեջանին չհաջողվի, մեկ այլ։ Սրանից հետո է, որ ինչ-ինչ որոշակիություն կմտնի։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ հայկական կողմն առավել պատրաստ է գնալ բանակցությունների, որովհետեւ ադրբեջանական կողմն իմպրովիզներ անելու եւս մի քանի տարբերակ ունի, իսկ հայկականը, իմ կարծիքով՝ ավելի ու ավելի քիչ»։ 

ՌԴ-ն բոլոր մակարդակներով՝ դիվանագիտականից՝ արտաքին գերատեսչական մարմնի ղեկավարի հայտարարությունից մինչեւ մեդիահարթակներ, տարբեր քաղաքական գործիչների, վերլուծաբանների, ՌԴ արտաքին գերատեսչական ղեկավարի շուրթերով ուղիղ տեքստով կամ անուղղակի հասկացնել է տալիս, որ իրեն սարսափելի դուր չի գալիս Թուրքիայի ներգրավվածությունը կոնֆլիկտին։ Հետեւաբար, Վադիմ Դուբնովին հարցրինք, թե Մոսկվային, իր կարծիքով, հաջողվե՞ց չեզոքացնել Թուրքիայի գործոնը, թե՞ այս երկիրը շարունակում է «ականջի հետեւ գցել» Մոսկվայի նախազգուշացումները։ Ռուսաստանցի քաղաքագետն ի պատասխան նշեց, որ իր անձնական կարծիքով՝ մոսկովյան բանակցությունների հիմնական մասին ներգրավված են բոլորը, ներառյալ Թուրքիան։ «Եվ ես ենթադրում եմ, որ այդ բանակցությունների մի մասն ուղղված է նրան, որ Թուրքիայի համար գտնվի ինչ-որ տեղ, ինչ-որ մի նոր՝ այլ ձեւաչափ։ Կարծում եմ՝ սա անխուսափելի է, եւ կարծում եմ, որ այս ֆորմատներում Թուրքիան ինչ-որ տեղ կունենա։ Թեեւ չգիտեմ՝ ինչպես սա կձեւակերպվի եւ կձեւակերպվի՞ արդյոք»։

Ի՞նչ նոր ձեւաչափերի մասին է խոսքը, եթե, ինչպես հասկանում ենք, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ անդամ երկիր դառնալու Թուրքիայի ջանքերը չպսակվեցին հաջողությամբ։ Ի՞նչ այլընտրանքային ձեւաչափերի մասին կարող է խոսք լինել։ Վադիմ Դուբնովի գնահատմամբ, հնարավոր է՝ խոսքը նոր, ոչ պաշտոնական ձեւաչափերի ու պայմանավորվածությունների մասին է․ «Համենայնդեպս, կարծում եմ՝ Թուրքիայի դիրքորոշումը Մոսկվայի կողմից նկատի կառնվի, եւ Մոսկվան կարող է համակարգել իր քայլերն Անկարայի հետ։ Սա միանգամայն իրատեսական է»։

Ռուս քաղաքագետին հարցրինք՝ ռուսաստանյան քաղաքական էլիտայում այս տարբերակի կողմնակիցները շա՞տ են։ Ասաց, որ այս հարցում կան դեմ՝ հայամետ, եւ կողմ՝ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցողներ, բայց դա կարեւոր չէ, որովհետեւ իրենք չեն որոշողը։