«Հրապարակ». Ուշագրավ «քցոցի» Չարենցավանում` գումարի մի մասը հետ են բերել

«Հրապարակ». Ուշագրավ «քցոցի» Չարենցավանում` գումարի մի մասը հետ են բերել

Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ԲԲԸ-ում ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ Դեկտեմբերին ընկերության աշխատակիցների, ապա նաեւ Չարենցավանի բնակիչների մեջ խոսակցություն է տարածվել, թե որոշ աշխատակիցներ մի քանի միլիոն դոլար են «քցել» ընկերության ղեկավարությանը։ «Ասկե գրուպ» ԲԲԸ-ն, որը զբաղվում է մետաղի ջարդոնի ընդունմամբ եւ մետաղյա ձուլվածքների, ամրանների արտադրությամբ, պատկանում է Սերժ Սարգսյանի մտերիմներից մեկին` Միխայիլ Հարությունյանին՝ «Միկմետալի» Միշային։ Ընկերությունը փաստացի ղեկավարում է Հարությունյանի որդին՝ 2017-ին Չարենցավանի ընտրատարածքից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձած Վահան Հարությունյանը։ Տնօրենը Խաչատուր Անտոնյանն է։

Դեպքի հետ կապված պատմությունները տարբեր են, ասում են՝ 4-ն են հիմնական դերակատարները, երկուսը՝ տղամարդ, երկուսը՝ կին։ Մեկը Չարենցավանի բնակիչ Սամվել Սաֆոյանն է, ով «կշեռքի աշխատողն» է եղել, այսինքն՝ նրա պարտականությունների մեջ է եղել գործարան մտնող մետաղի ջարդոնը կշռելը, վճարվելիք գումարի չափը հաշվելը։ Մյուսը պահեստապետն է եղել՝ Արթուր Կարապետյանը, ով Երեւանի բնակիչ է։ Իսկ երկու կանայք շարքային աշխատակիցներ են եղել, որոնք շատ տեղյակ չեն եղել չարաշահումների սխեմայից, բայց, հավանաբար, որոշ հավելավճար են ստացել։ Սխեման հետեւյալն է եղել՝ կշեռքի աշխատողն ու պահեստապետն ընդունված մետաղի ջարդոնի վրա ավել քաշ են գրել, երբեմն էլ առհասարակ մետաղ չեն ընդունել, բայց վերեւներին այլ բան են զեկուցել ու դրա դիմաց խոշոր գումարներ վերցրել` ենթադրաբար, կիսվելով մետաղը հանձնողների հետ։

Արդյունքում այս անձինք միլիոնավոր դրամների օգուտ են ստացել, ընդհանուր հաշվով, ըստ տարբեր տեղեկությունների, մոտ 3 մլն դոլարի վնաս են պատճառել «Ասկե գրուպ»-ին։ Եվ այս սխեման գործել է ամիսներ շարունակ։ Այդ անձինք շատ արագ հարստացել են՝ փոխելով իրենց կենցաղը, ինչն էլ կասկածի տեղիք է տվել նրանց ճանաչողների շրջանում։ Ասում են՝ Սաֆոյանն ու Կարապետյանը բնակարաններ ու մեքենաներ են ձեռք բերել տարբեր վայրերում` Չարենցավանում, Երեւանի նորակառույց թաղամասերում։ Սկսել են իրենց հաշվին, տարին մի քանի անգամ արձակուրդներ վերցնել: Իսկ յուրացումների սխեման շատ պատահաբար է բացահայտվել․ գործարանի ոչ շարքային աշխատակիցներից մի քանիսն այցելում են մի գիշերային ակումբ՝ զվարճանալու, եւ երբ մատուցողը նրանց ինչ-որ բան է հյուրասիրում՝ ասելով, թե դա ակումբի տնօրինության կողմից է, հյուրերը զարմանում են ու խնդրում, որ ծանոթացնեն տնօրենի հետ։ Եվ երբ տեսնում են, որ նորահայտ հարուստն իրենց գործարանի աշխատակիցն է, սկսում են կասկածել, թե որտեղից նրան այդ գիշերային ակումբը։

Սամվել Սաֆոյանը դրանից հետո ինքնակամ ազատվում է աշխատանքից ու մեկնում Մոսկվա, բայց դեկտեմբերի սկզբին վերադառնում է, կամ ստիպում են վերադառնալ, որից հետո «Ասկե գրուպի» ղեկավարությունը «հրավիրում» է նրան բացատրություն տալու։ Վահան Հարությունյանի շրջապատը որոշակի «բացատրական աշխատանքներ» է տանում իրենց «քցած» աշխատակիցների հետ, բնականաբար՝ մի քանի հոգու միանգամից ազատում են զբաղեցրած պաշտոնից, որից հետո պայմանավորվում են գումարը հետ ստանալու շուրջ։ Ասացին՝ գումարի մեծ մասն արդեն վերադարձվել է։ Բնականաբար, իրավապահներին չեն ներգրավում, գործարանի ղեկավարությունը որոշում է ինքնուրույն լուծել իր խնդիրները։ Թեպետ՝ դժվար թե առնվազն Չարենցավանի ոստիկանության մակարդակով դեպքի մասին լսած չլինեն, քանզի ամբողջ քաղաքը մեկ ամսից ավելի է՝ այս մասին է խոսում ու քննարկում՝ ամենատարբեր վարկածներ առաջ քաշելով։

Բնականաբար, որոշեցինք կապ հաստատել «Ասկե գրուպ» ԲԲԸ տնօրեն Խաչատուր Անտոնյանի հետ, որ հենց նա էլ մանրամասնի, թե ինչ է, իրականում, տեղի ունեցել։ Անտոնյանը սկզբում շատ քաղաքավարի պատասխանեց մեզ, սակայն երբ լսեց բուն հարցը՝ գործարանում տեղի ունեցած չարաշահումների կամ, այսպես ասած, իրենց «քցելու» մասին, որոշեց, որ ինքը բանկում է, զբաղված է եւ չի կարող խոսել։ Հետո ուղիղ հասկացրեց՝ չի ուզում մեկնաբանել թեման։ «Չարենցավանում շատ բան կարող են խոսել, ամեն ինչ էլ խոսում են, տարբեր ասեկոսեներ են լինում, ասեկոսեներով զանգել եք, ինձ բա՞ն եք հարցնում»,- ասաց Անտոնյանը։ Նկատեցինք, որ ասեկոսեներ չեն, հստակ տեղեկություններ են, այդ մարդիկ էլ դուրս են եկել աշխատանքից, մանրամասներից էլ տեղյակ ենք, բայց ուզում ենք իմանալ՝ արդեն վերադարձրե՞լ են գումարները։ «Ես հիմա զբաղված եմ, բանկում եմ, չեմ կարա Ձեզ կամենտարիաներ անեմ»,- եղավ պատասխանը։

Խնդրեցինք մեկ բառով գոնե հերքել, եթե չի եղել նման բան, կամ մեկնաբանել, բայց Խաչատուր Անտոնյանն ասաց․ «Չեմ մեկնաբանում ոչ մի բան»։