Հայերեն իմացողը կհասկանա, որ «հայոց»-ը շատ ավելի ընդգրկուն բառ է, քան «Հայաստան»-ը

Հայերեն իմացողը կհասկանա, որ «հայոց»-ը շատ ավելի ընդգրկուն բառ է, քան «Հայաստան»-ը

ՀՀԿ անդամ, Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Հասմիկ Հարությունյանի հետ զրուցել ենք դպրոցներում կատարվող իրադարձություններից, մասնավորապես` «Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելու ծրագրից:

- ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել եւ դարձնել «Հայաստանի պատմություն»։ Ինչպիսի՞ հիմնավորում կարելի է տալ այս նախագծին՝ քաղաքակա՞ն, թե՞ գիտական:

- Վերջին ժամանակներս մեր երկրում, հատկապես կրթության բնագավառում տեղի ունեցող փոփոխությունները սնվում են նույն աղբյուրից, ծառայում նույն նպատակին՝ հնարավորինս արագ կատարել գլոբալիստ տերերի հանձնարարությունները, վերացնել ազգային, ընտանեկան, հայրենասիրական, բարոյական բոլոր արժեքները: Թվում է, թե ոչ մի տարբերություն չկա «Հայաստանի պատմություն» եւ «Հայոց պատմություն» եզրույթների մեջ: Անգամ մի պատգամավոր «իմաստնություն» ցուցաբերեց՝ միմյանց հակադրելով այդ անունները, ընդդիմադիրներին կոչելով անհայրենիք անհասկացողներ: Այնինչ քիչ թե շատ հայերեն իմացող մարդը կհասկանա, որ «հայոց»-ը շատ ավելի ընդգրկուն բառ է, քան «Հայաստան»-ը: «Հայոց»-ը սահմաններ չունի ո՛չ տեղի, ո՛չ էլ ժամանակի առումով, «Հայաստան»-ը, ենթադրում եմ, ընդգրկելու է միայն պետականություն ունենալու ժամանակները: Հաշվի առնելով մեր պատմության ողջ ընթացքը՝ այն լինելու է կտրատված ու թերի: Սա պետական քաղաքականություն է՝ թելադրված դրսից:

- Շատերը կարծում են, որ այս նախագիծը թուրք-ադրբեջանական նախապայմաններից մեկն է: Ի՞նչ խնդիրներ ու վտանգներ ունի դասավանդվող առարկայի անվան նման փոփոխությունը։

- Բոլորս էլ տեսնում ենք՝ ինչ է կատարվում աշխարհում: Ինչպես միշտ, մեծ ազգերը դիմադրելու ու գոյատեւելու են, մեզ նման փոքրերը զոհաբերվելու են: Ինչո՞ւ հենց մենք, եւ ինչո՞ւ այսպիսի «արագացված» տեմպերով: Դարձյալ Հայոց պատմությանը պետք է նայել: Մենք այսօր համաշխարհային ազգ ենք: Մեզ միշտ պահել են ապրելու, գոյատեւելու անհագ տենչը, արարելու, ինքնությունը պաշտպանելու հզոր կամքն ու կարողությունը: Երբ մենք կուլ գնանք, անչափ կհեշտանա մյուսներին ոչնչացնելու գործը: Թուրքերն անչափ վախենում են մեր պահանջատիրությունից: Նրանք մեզնից գողացել են ու շարունակում են գողանալ մեր հողը, մեր ջուրը, մեր մշակույթը: Հիմա էլ ամեն ինչ անում են մեր արմատները սեփականացնելու համար: Ըստ իրենց՝ մեր վանքերն ու եկեղեցիներն էլ են իրենց նախնիները կառուցել: Պատմության ապօրինի զավակ Ադրբեջանը տենդագին արմատ է փնտրում՝ իր տեղը մարդկության պատմության մեջ ամրապնդելու համար, ամենահարմար տարբերակը մեր արմատին պատվաստվելն է: Ամեն ինչ անում է հաջողելու համար: Բայց չի ստացվի: Հայոց ազնիվ ծառը քոչվոր, անհայր ու անհայրենիք պատվաստ չի ընդունել ու չի ընդունի: Նրանք՝ այդ մեծ ու պուճուր եղբայրները, շատ լավ են հասկանում, որ քանի դեռ կան հայն ու Հայաստանը, իրենք համաշխարհային գող ու ավազակի դերում են, որքան էլ գոռան ու հայտարարեն, օգուտ չունի. պատմությունն առաջին հերթին հիշողություն է, որը ջնջել չի լինի: Դրա համար փորձում են օգտվել (ինչպես միշտ) աշխարհի խառնակ վիճակից:

- Ի՞նչ սպասել այս իշխանություններից, ըստ Ձեզ, ո՞րը կլինի նրանց հաջորդ քայլը:

- Ցավոք, մեր հակառակորդներն ինքնուրույն ոչինչ չէին կարող անել, եթե համաշխարհային գլոբալիստական կենտրոնը եւ մեր իշխանությունները գործուն աջակցություն չցուցաբերեին: Գողը որ տնից է լինում, եզն անգամ երդիկից կարող է դուրս գալ: Ի՞նչ կլինի, եթե այսպես շարունակվի՝ դժվարանում եմ գուշակել: Եթե փրկության հույսով շարունակենք երկնքին նայել, կլինի վատթարագույնը: Այո՛, վատից էլ վատը կա: