Ի պաշտպանություն Հայաստանի պետականության՝ Փաշինյանի դեմ համազգային կոնսենսուս է ձեւավորվում

Ի պաշտպանություն Հայաստանի պետականության՝ Փաշինյանի դեմ համազգային կոնսենսուս է ձեւավորվում

Փաշինյանի բոլոր գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության վերացմանը։ Դրան հասնելու համար նա փորձում է հայ հասարակության մոտ նվաստացնել եւ նսեմացնել Հայոց պետականությունը, հայ մարդկանց ստիպել, որ նրանք զզվեն իրենց պետությունից, հրաժարվեն իրենց պետությունից, որից հետո պետությունը կմնա անտեր ու անպաշտպան: Հունվարի 19-ին արդարադատության նախարարությունում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարիք ունի նոր սահմանադրության, որից հետո հրապարակայնացվեց ինչ-որ հայեցակարգ, որը ոչ այնքան նոր սահմանադրության մասին էր, որքան սահմանադրական փոփոխությունների: Անցած 20 օրերի ընթացքում Հայաստանում ակտիվ քննարկում էր ծավալվում նոր սահմանադրության անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին. գրեթե բոլոր քաղաքական եւ հասարակական գործիչները, սահմանադրագետներն ու իրավաբանները, վերլուծաբաններն ու քաղաքագետներն արտահայտվել են Փաշինյանի ասածի վերաբերյալ: Այս 20 օրվա ընթացքում ես կարդացել ու լսել եմ մոտ 200 մարդու կարծիք, տեսակետ, եւ ոչ մեկը դրական չի արտահայտվել Փաշինյանի նախաձեռնության վերաբերյալ, որեւէ մեկը չի ասել, որ Հայաստանին նոր սահմանադրություն է պետք, կամ ինքը, իր ղեկավարած կուսակցությունը պատրաստ է աջակցել Փաշինյանի նախաձեռնությանը: Իհարկե, ՔՊ-ականներից բացի, թեեւ նրանց մեջ էլ կարծես կան այս ամենին դեմ արտահայտվողներ:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ արտահայտվողների մեծ մասը համոզված է, որ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության է գնում ոչ թե իր նախաձեռնությամբ՝ անձամբ համարելով, որ նման անհրաժեշտություն կա, այլ կատարելով Ադրբեջանի նախագահ Ալիեւի հրահանգը: Փաշինյանի մոտ ԱԳ նախարար աշխատող Արարատ Միրզոյանը հաստատեց, որ հենց Ադրբեջանն է պահանջում փոխել Սահմանադրությունը՝ ասելով․ «Երկուստեք՝ երկու կողմն էլ իրավական խնդիրներ տեսել է այս առումով եւ այդ խնդիրները ներկայացրել է մյուս կողմին, եւ երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ, բացատրություններ, այնպես որ, այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել եւ ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի, իրենց իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից»: Բայց Հայաստանը միանգամից կատարում է Ադրբեջանի պահանջը եւ հայտարարում է Ադրբեջանի համար խնդրահարույց Սահմանադրությունից հրաժարվելու պատրաստակամության մասին, իսկ Ադրբեջանում որեւէ մեկը չի էլ խոսում սահմանադրական փոփոխությունների մասին: Փաշինյանը պարտադրված է կատարել Ալիեւի ցանկացած հրահանգ կամ պահանջ, քանի որ նա սպառնում է պատերազմով: Կատարելով Ալիեւի հրահանգները` Փաշինյանին թվում է, թե ինքը հետաձգում է պատերազմը, ժամանակ է շահում, երկարացնում է իր քաղաքական գոյությունը վարչապետի աթոռին:

Սահմանադրական փոփոխության հակառակորդների մյուս մտահոգությունն էլ այն է, որ Փաշինյանը, դառնալով Ալիեւի հրահանգները հնազանդորեն կատարող, իրականում զոհում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Չի կարող երկիրն իրեն անկախ կամ ինքնիշխան համարել, եթե անգամ նրա Սահմանադրության տեքստն ու բովանդակությունն են թելադրվում դրսից, թշնամի երկրի կողմից: Այս տրամաբանությամբ, հաջորդիվ Ալիեւը կարող է պահանջել, որ Հայաստանի մնացած բոլոր իրավական ակտերը եւս համաձայնեցվեն Ադրբեջանի հետ, Ադրբեջանի հետ համաձայնեցվի Հայաստանի պաշտոնյաների ցանկը, կամ, ընդհանրապես՝ նշանակումներն արվեն Ադրբեջանից:

Փաշինյանը հայ հասարակությանը վախեցնում է պատերազմով, ասում է, որ եթե Ադրբեջանը տեսնի, որ Հայաստանը փորձում է ուժեղանալ, ապա չի թողնի: Նույնիսկ ոչ թե փաստացի ուժեղանալն է արգելելու, այլ չի թողնելու, որ Հայաստանում սկսեն խոսել ուժեղանալու մասին: «Եվ, հիմա, երբ ինքը (նկատի ունի Ադրբեջանին` Ա. Բ.) տեսնում է, որ Հայաստանում խոսույթ է ձեւավորվում, որը հնարավոր է, որ իրագործվի, եւ որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կուժեղանա, ինքը պետք է ամեն ինչ անի, որ դա ընդհակառակը՝ Հայաստանի թուլացման պատճառ դառնա»,- Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասում է Փաշինյանը՝ համոզելով հայ հանրությանը, որ Հայաստանի ուժեղանալու ցանկացած փորձ, դրա մասին ցանկացած խոսակցություն դառնալու են առիթ եւ պատճառ Ադրբեջանի ագրեսիայի համար:

Ինչի՞ է ձգտում եւ ինչի՞ է փորձում սրանով հասնել Փաշինյանը: Նրա գործունեության արդյունքում հայ հասարակության, շարքային հայ մարդու մոտ զզվանք եւ արհամարհանք է առաջանում ոչ միայն Փաշինյանի, այլեւ Հայաստանի պետականության նկատմամբ: Փաշինյանն ուզում է, որ մարդիկ մտածեն, թե իրենց ինչին է պետք մի պետություն, որը չպետք է լինի իր պաշտպանն ու հպարտության առարկան, ինչին է պետք մի պետություն, որի Սահմանադրությունը թելադրվում է թշնամու կողմից, գերբն ու օրհներգը թելադրում է թշնամին, թշնամին է որոշելու, թե դպրոցներում ինչ դասագրքով սովորի հայ երեխան: Փաշինյանն ուզում է, որ նորմալ մարդն ամոթով լցվի նման պետության նկատմամբ, որովհետեւ ամեն մի նորմալ մարդու մոտ ստրկամտությունը, թշնամու առաջ ստորաքարշությունը եւ ծառայամտությունը հարգանք չեն կարող առաջացնել: Փաշինյանը, ըստ էության, ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետության գոյությունը մարդկանց հոգիներում եւ մտքում ոչնչացնելու, այդ պետությունն արժեզրկելու համար, որից հետո մեր երկրի ֆիզիկական ոչնչացումը կարող է դառնալ զուտ տեխնիկական հարց: Եթե երկրի քաղաքացիները չեն հպարտանում իրենց երկրով, չեն դողում այդ երկրի գոյության վրա, ո՞ւմ է պետք նման երկրի գոյությունը, ո՞վ է շահագրգռված լինելու այդ երկիրը պաշտպանելու հարցում:

Միակ մխիթարանքն այն է, որ Փաշինյանը Հայաստանը ոչնչացնելու իր ծրագրերում մնացել է փաստացի միայնակ, չհաշված իր իշխանության ներկայացուցիչները: Հայաստանում ձեւավորվել է բացառիկ համերաշխություն՝ Փաշինյանի սահմանադրափոխությունը մերժելու եւ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու հարցում: Փաշինյանի միակ զենքը մնացել է կեղծիքը, իսկ հենարանը` Թուրքիան եւ Ադրբեջանը: Հայաստանին առաջիկայում մի նոր Սարդարապատ է սպասվում՝ հերթական անգամ իր անկախությունը եւ ինքնիշխանությունը վերահաստատելու համար:

Ավետիս Բաբաջանյան