Ի՞նչ աստիճան պետք է մարդկային կերպարանքը կորցրած լինի` նման բան անելու համար

Ի՞նչ աստիճան պետք է մարդկային կերպարանքը կորցրած լինի` նման բան անելու համար

«Նախեւառաջ իրավապահներն իրենց իշխանության տակ գտնվող անձի անվտանգությունը պաշտպանելու պարտականություն ունեն եւ եթե գնում են զուգարան` իրենց կարիքը հոգալու, չի նշանակում, որ այդ պարտականությունից ձեռնպահ մնալու կամ խուսափելու ինչ-որ մեխանիզմներ պիտի մշակվեն։ Եթե դա իրականությանը համապատասխանում է, ուրեմն դա ուղղակի խայտառակություն է։ Ինձ զարմանալի է, որ իրավասու մարմինների կողմից մինչ օրս քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հայտարարություն չի եղել»,- «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Սամվել Վարդանյանի խոշտանգմանը՝ ասաց նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանին քննչականից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ուղեկցող ոստիկաններն իջել են մեքենայից՝ իբրեւ բնական կարիքները հոգալու, այդ ընթացքում 3 դիմակավորված անձ Սամվելին իջեցրել են մեքենայից, քարշ տվել, գլուխը սեղմել գետնին, թքել վրան, սեռական բնույթի հայհոյանքներ տվել՝ արժանապատվությունը նվաստացնող, ստիպել, որ դրանք կրկնի, սակայն նա չի կրկնել, որից հետո իջեցրել են տաբատն ու մահակը դեմոնստրատիվ դրել ոտքերի արանքում։ Սամվել Վարդանյանին մեղադրում են խուլիգանության մեջ, քանի որ տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին անվանել է «հակահայ վիժվածք»։ Ծեծելուց հետո էլ իշխանությունը լրացրել է նրա մեղադրանքը` քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածը դնելով: Սա այն մեղադրանքն է, որով կալանավորվել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը եւ մահացավ դատարանի դահլիճում։

Փաստաբանն արձանագրում է, որ խոշտանգումների վերաբերյալ հրապարակումները վերջին շրջանում շատացել են. «Այն, որ խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունները սկսել են ավելի հաճախ սպրդել մամուլ, փաստ է։ Սա նշանակում է, որ այլեւս եզակի  չեն նման դեպքերը, եւ կարծում եմ՝ այստեղ մեծ պրոբլեմ կա, որը լուծելու ուղղությամբ համալիր եւ գործուն միջոցներ պիտի ձեռնարկվեն։ Դա շատ վտանգավոր տենդենց է, որը գնալով թափ է հավաքում»: Բայց կան կարծիքներ, շատերի դեպքում` համոզմունք, որ Վարդանյանի խոշտանգումն իշխանությունների կազմակերպածն է։ «Ես ոչ մի կարծիք չեմ կարող բացառել։ Բոլոր կարծիքները պետք է ստուգվեն։ Ես հասկանում եմ, որ մեր կյանքը հիմա շատ քաղաքականացված է, հասարակությունը քաղաքականացված է, ես հասկանում եմ, թե ինչու են նման կարծիքներ տարածվում։ Ինքս քաղաքական գործիչ չեմ, փաստաբան եմ, իրավապաշտպան եմ եւ ես սովոր եմ ամեն ինչին նայել փաստերի լույսի ներքո։ Թող այդ բոլոր կարծիքները ստուգվեն։ Իհարկե, այդպիսի կարծիք կարող է լինել, բայց ինչո՞ւ չպետք է լիներ․ եթե այդ կարծիքը չի փարատվում, ուրեմն այն հավերժ ապրելու իրավունք ունի։ Ես կարծում եմ, որ օրինականության մակարդակի անկում կա այդ համակարգի գործունեության ներսում եւ ոչ միայն անվտանգության հարցերով, այլեւ՝ ընդհանրապես։ Դա նշանակում է, որ ինչ-որ մի բան խափանվել ու խախտվել է կամ ավելի համակարգային բնույթ է ստանում, եւ ես կարծում եմ, որ ե՛ւ հասարակությունն իրավունք ունի պահանջ ներկայացնել՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ փաստերի վրա հիմնված բացատրություն, ե՛ւ դրանք պետք է լսվեն այն պաշտոնատար անձանց շուրթերից, ովքեր պատասխանատու են անվտանգության համար եւ նման գործողությունների դեպքում»,- ասաց Քոչարյանը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարված խոշտանգման ահասարսուռ դեպքին եւ պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում՝ դա իշխանության կողմի՞ց է կազմակերպված, պատասխանեց․ «Իհարկե, իշխանությունների կողմից պետք է եղած լինի, այդ նույն ձեւի բան է, ինչը պատահել էր իմ ընտանիքի հետ։ Իմ եղբորորդու հետ նույն ձեւով, իբրեւ թյուրիմացաբար, ծեծել էին, խոշտանգել էին, ինչպես այս դեպքում է։ Իրենց ձեռագիրն է։ Ես զարմանում եմ ոչ թե հրաման տվողի վրա, այլ հրաման կատարողի։ Իրենք եթե դիմակավորված են, իրենց թվում է, որ չպիտի՞ բացահայտվեն։ Դա անմարդկային բան է, բայց իրենց հարիր է։ Այսինքն՝ ինչ քստմնելի բան կա, այս մարդիկ ընդունակ են, ցանկացած քստմնելի արարքի, այդ բառի ամբողջական իմաստով՝ հայրենադավությունից, դավաճանությունից, ազգադավությունից բռնած։ Ոչ մի բան չկա զարմանալու։ Ես իմ եղբորորդու պարագայում էլ եմ ասել․ ես կարող եմ ընդունել, որ ինքը գուցե ինչ-որ բան սխալ է արել, գուցե հանցագործություն է արել, բայց հանցագործի նկատմամբ էլ իրավունք չունես այդպես վարվել՝ իբրեւէ պետական պաշտոնյա, իբրեւ ոստիկանություն՝ այդ իրավունքը չունես։ Խուլիգանության մե՞ջ եք մեղադրում, մեղադրեք, բռնել-տարե՞լ եք, տարեք, բանտարկե՞լ եք` բանտարկեք, դատո՞ւմ եք՝ դատեք․․․ ես դրան դեմ չեմ, չեմ էլ կարող լինել։ Տեսանյութերը կան, եթե դա դատարանը կընդունի իբրեւ խուլիգանություն, պատժեք իբրեւ խուլիգանություն, բայց ոչ մեկն իրավունք չունի ինքնադատաստանով զբաղվելու, առավել եւս՝ ոստիկանությունը, առավել եւս՝ այդ ձեւով։ Սա քստմնելիություն է, սա սրիկայություն է, անպաշտպան մարդու նկատմամբ ո՞նց կարող ես այդպես վարվել։ Ես ի՞նչ ասեմ, դա նկարագրելու բան չէ, ասելու բան չէ․․․, դա մարդկային տեսակ չէ, դա կենդանական տեսակ է, նույնիսկ կենդանիներն ի վիճակի չեն նման բան անելու, չգիտեմ՝ ի՞նչ աստիճան կարելի է մարդկային կերպարանքը կորցրած լինել։ Բա երկիր եք ասում, բա դեմոկրատիա եք ասում, բա ոստիկանության բարեփոխումներ եք ասում, սա՞ է ձեր բարեփոխությունը»։