Նիկոլ Փաշինյանն ընդամենը քանդում է ամեն ինչ, քանի որ ունակ չէ ոչինչ կառուցել

Նիկոլ Փաշինյանն ընդամենը քանդում է ամեն ինչ, քանի որ ունակ չէ ոչինչ կառուցել

Hraparak.am-ը զրուցել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ:

- Նախօրեին Էդմոն Մարուքյանը հրապարակեց Հայաստանի պատասխանը Ադրբեջանին՝ 6 կետից կազմված, ինչը քննադատությունների ալիք է առաջացրել։ Ձեր դիրքորոշումը այդ վեց կետերի մասին:

- Այո, երեկ հրապարակվեցին այն վեց կետերը, որոնք հայկական կողմն է առաջարկել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ տանելու համար: Այդ կետերում որևէ կերպ ձևակերպված չէ ՀՀ–ի և Արցախի անվտանգային և պետական շահը: Այդ կետերով հայկական կողմը, ավելի ստույգ՝ ներկայիս իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ինքնակամ հրաժարվում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքից: Ընդ որում, սա միջազգայինորեն ամրագրված դրույթ է, որին մենք հասել ենք բանակցային երկար գործընթացի արդյունքում: Այս դրույթը երկու այլ դրույթների՝ տարածքային ամբողջականության և ուժի սպառնալիքի չկիրառման հետ մեկտեղ դրված է եղել խնդրի դիվանագիտական կարգավորման հիմքում:

Հիմա ո՞վ մեզ դրդեց նման հետքայլ անել, ինչի՞ համար ենք մենք ամբողջությամբ փոշիացնում մեր կռվանները բանակցային սեղանի շուրջ: Եթե Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներում ասում է, որ «Ադրբեջանի նպատակը առանց հայեր Ղարաբաղ տեսնելն է», ապա ինչու՞ է հարցականի տակ դնում մեր հայրենակիցների՝ Ադրբեջանի կազմից դուրս ապրելու հնարավորությունը՝ հրաժարվելով ինքնորոշման իրավունքի իրացման ամրագրված դրույթից: Դրանով նա ոչ միայն մեր պետական և ազգային շահերին է մեծ հարված հասցնում, այլև հակասում է նույն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրին, որտեղ նշված է՝ «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»: 

Ի՞նչ պատահեց, որ ՔՊ–ն հետ է կանգնում իր խոստումներից, եթե այդպես է՝ ունակ չեն իրականացնել իրենց իսկ ծրագիրը, ապա ինչպես բոլոր ժողովրդավար երկրներում պետք է հրաժարական տան: 

- Մարուքյանը պարզաբանել է` Փաշինյանն ինչ նկատի ուներ, երբ ԱԺ-ում ասում էր, որ գաղտնիք ունի բացահայտելու: Մարուքյանը հայտարարել է, թե վարչապետը ցանկանում էր ասել, որ երբ ՀՀ-ն 2007թ․ համաձայնություն է տվել, որ ԼՂ կարգավորման շուրջ բանակցություններն ընթանան Մադրիդյան սկզբունքների հիման վրա, դրանով «առ ոչինչ է ճանաչել Արցախի 1991թ․ դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեն», քանի որ Մադրիդյան սկզբունքներում արդեն նոր հանրաքվեի մասին պայմանավորվածություն էր նախատեսվում։

- Բանակցային գործընթացի մասին Փաշինյանի չդադարող սուտ և մանիպուլատիվ հայտարարություններից ես մի պարզ եզրակացության եմ եկել՝ ինքն իր անձը պաշտպանելու և նախկինների վրա մեղքը բարդելու նպատակով՝ ոտնահարելով ՀՀ և Արցախի պետական շահը ծաղրի է ենթարկում ՀՀ դիրքորոշումները բանակցային սեղանի շուրջ: Նրա «բացահայտումները» այնքան հակատրամաբանական են, որ ես ի պատասխան մի առաջարկ ունեմ՝ եթե այդքան «հմուտ» է, թող փորձի Ալիևի բանակցային դիրքերը ծաղրի ենթարկել: Մասնավորապես՝ նույն Նիկոլ Փաշինյանը թող ասի, որ եթե Ալիևը քննարկել է Մադրիդյան փաստաթուղթը, որտեղ կա տարածքային ամբողջականության մասին դրույթ, դրանով իսկ Ալիևը հարցականի տակ է դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուստի այլևս չունի իրավունք խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Աբսուրդ է չէ՞ հնչում, բայց նույն բանը Նիկոլ Փաշինյանը անում է մեր դիրքորոշումների հետ, դե թող փորձի Ադրբեջանի դեպքում նման մի քայլ անել: Միտքս այն է, որ Նիկոլ Փաշինյանի մանիպուլացիան հակատրամաբանական է, դրանով է նա «հաղթում» ընդդիմությանը՝ տրամաբանության բացակայության միջոցով: 

Իսկ իրողությունն այն է, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախում տեղի է ունեցել անկախության հանրաքվե: Համաձայն ԽՍՀՄ սահմանադրության, ըստ որի ինքնավար մարզերն ու ինքնավար հանրապետությունները իրենք են որոշում իրենց ճակատագիրը, ուստի Արցախի մեր հայրենակիցները կայացրել են իրենց որոշումը: Սրանով առ ոչինչ է դարձել Կովբյուրոյի՝ 1921 հուլիսի 5–ի անօրինական որոշումը, որով Արցախը բռնակցվել էր Ադրբեջանական ԽՍՀ–ին: Ադրբեջանը դրանից հետո Արցախի դեմ սանձազերծել է պատերազմ, փորձել իրագործել էթնիկ զտում, ձախողել է, պարտություն է կրել, կնքվել է հրադարար 1994 թ. մայիսին, դրանից հետո սկսվել է բանակցային գործընթաց: Հայկական կողմի նպատակն է եղել հասնել Արցախի անկախության կամ ՀՀ–ին միացման հանրաքվեի միջազգային ճանաչմանը, ավելին՝ դա դարձնել ճանաչված նաև Ադրբեջանի կողմից: Դրա համար էլ ազգերի ինքնորոշման իրավունքը դրվել է որպես հիմնարար դրույթ: Մադրիդյան փաստաթղթով նաև նշված էր էթնիկ կազմը, ըստ որի՝ պետք է տեղի ունենար հանրաքվեն՝ 1988 թ. էթնիկ կազմով, որով բացարձակ մեծամասնությունը՝ 80%-ը հայեր էին, այսինքն՝ դրա իրագործման պայմաններում չէր կարող լինել Արցախ՝ Ադրբեջանի կազմում, կլիներ կամ անկախ Արցախ, կամ Արցախ՝ միավորված ՀՀ–ի հետ: 
Եզրակացությունը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանն ընդամենը քանդում է ամեն ինչ, քանի որ ունակ չէ ոչինչ կառուցել, դրա համար էլ անդադար հարվածում է մեր բանակցային դիրքներին՝ տալով կարևոր լծակներ Ադրբեջանի ձեռքին: Եթե մարդը պետական շահի նվազագույն գիտակցում ունենար, երբեք այդպես չէր վարվի: