Նյարդերի պայքարից դեպի երկիշխանություն

Նյարդերի պայքարից դեպի երկիշխանություն

Որքան էլ իշխանությունը փորձի արժեզրկել Դիմադրության շարժումը, Երեւանի Ֆրանսիայի հրապարակում հավաքվող լուսավոր երիտասարդների ազնիվ մղումները, ավելին՝ կասկածի ու պառակտման նշույլներ սերմանի հենց ընդդիմության շարքերում, փաստն այն է, որ պայքարի առաջնագծում այսօր պետության գահավեժ ընթացքը կասեցնելու գաղափարի կրողներն են, շատերը՝ անկուսակցական։ Շարժման առաջնային եւ նվազագույն խնդիրը Փաշինյանի հեռացումն է, դրա միջոցով՝ Արցախի եւ Հայաստանի փրկությունը, բայց պարզ է, որ անգամ ընդդիմադիր ալիքի մարելու եւ իշխանության ռեակցիոն քաղաքականության դեպքում Փաշինյանը նույնիսկ իր շատ համակիրների աչքերում վերջնականապես կորցնելու է ե՛ւ լեգիտիմությունը, ե՛ւ «Ապագա կա» կարգախոսով Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագան նախանշելու մանդատը։

Փոխարենը նրա միակ «հանձնառությունը» մնալու է սեփական իշխանավարման շարունակական երկարաձգումը՝ ամեն անգամ ավելի ու ավելի ցավոտ զիջումների գնով։ Դա կշարունակվի այնքան, մինչեւ առնվազն հարյուր հազար մարդ միաբերան եւ գործուն չպահանջի նրա հրաժարականը։ Նույնիսկ Դիմադրության շարժման ընթացիկ տեղատվության եւ լճացման, իշխանության կողմից ապատեղեկատվության ակտիվ տարածման պայմաններում Փաշինյանի գոյությունը քաղաքական դաշտում խիստ պայմանական է, քանի որ Ֆրանսիայի հրապարակի մթնոլորտը փաստացի երկիշխանություն է  պարտադրում։ Դիմադրության շարժման կազմակերպիչներին միգուցե եւ կարելի է մեղադրել դանդաղկոտության եւ անվճռականության համար, բայց պետք է նկատի ունենալ, որ սա նախեւառաջ նյարդերի պայքար է։

Զոհերի բարեկամների արդար ցասումը, Փաշինյանին իբրեւ դահիճ ընկալելը, գլխավոր դատախազին հղած պահանջագրերը, դրա հետեւանքով՝ Փաշինյանին առնվազն հարցաքննության կանչելն աներկբա ապացուցում են, որ նրա հրաժարականին անմիջապես հաջորդելու է քրեական արդարադատությունը, եւ նա պատասխան է տալու իր գործած հանցանքների համար։ Սակայն նույնիսկ այսօր Փաշինյանն իշխանության տերը չէ, այն փողոցում է, եւ հանրային տրամադրությունների իմաստուն կառավարման դեպքում հնարավոր է հասնել իշխանափոխության փաստացի արձանագրմանը։ Պետական համակարգը կազմալուծված, սպասողական վիճակում է, անգամ հանրային ծառայողներն են կառավարական շենքերից անթաքույց ողջունում ցուցարարներին։

«Հայրենիքի փրկության շարժման» օրերին, ընդդիմադիրների վկայությամբ, Փաշինյանն իր շրջապատին ասել էր, թե միայն իրեն սպանելով կարող են իշխանափոխություն անել։ Ակնհայտ է, որ արյուն հեղելու նրա անթաքույց մոլուցքն ամեն անգամ գերակայում է, երբ իշխանափոխության վտանգ է առաջանում, հետեւաբար՝ որքան շուտ նա քաղաքականապես մեկուսացվի, այնքան արագ կկայունանա ե՛ւ անվտանգության, ե՛ւ ներքին համերաշխության միջավայրը։ Ընդդիմադիրների շրջանում եւս պետք է լայնածավալ գաղտնազերծում կամ ինքնամաքրում լինի, փողոցային շարժման վարկին ու հեղինակությանն իրապես վնասող անձինք կամ պատեհապաշտները պետք է օր առաջ հեռացվեն գործընթացներից։ Փաշինյանը շունչը պահած՝ սպասում է ընդդիմության մարտավարական սխալներին, որ դրանցով արժեզրկի պայքարը, հետեւաբար՝ պետք է ծայրաստիճան ուշադիր եւ գրագետ գործել։

Նիկոլ Փաշինյանը երկարաժամկետ իշխանության ռեսուրս չունի, քանի որ չկա նրա երբեմնի սոցիալական հենարանը, չկա անգամ նրան հավատարիմ իշխանական դաշտը։ Կան ընդամենը մի քանի տասնյակ ուսապարկեր, որոնք նախեւառաջ օտարերկրյա, այդ թվում՝ ոչ բարեկամ պետությունների դրամաշնորհների շահառուներ են։ Հետեւապես՝ իրական իշխանության հետ որեւէ կապ չունեցող Փաշինյանի քաղաքական մեկուսացումը «տեխնիկայի հարց» է, քանի որ պետությունը գլխատված է, իսկ ինքնիշխանության եւ անվտանգության մակարդակով Հայաստանը պատմական հակառեկորդի շեմին է։

Դավիթ Սարգսյան