Խմբագրի կողմից

Խայտառակ ընտրություններ

Խայտառակ ընտրություններ

Եւ այսպես, ավարտվեց նախընտրական քարոզարշավը: Լարված ամիս էր, կրքերը եռում էին: Քրեական հետապնդումներ, սպառնալիքներ, շանտաժ, միմյանց վրա ցեխ շպրտել` ինչ ասես տեսանք այս մեկ ամսվա ընթացքում:

Եւ չենք կարող ասել, որ սա մեր անկախության տարիների ամենապարկեշտ ու օրինավոր քարոզարշավն էր` հարգալից մթնոլորտում ու հավասար մրցակցության պայմաններում: Մեզնից ոմանք օրերն էին հաշվում, թե երբ է ավարտվելու այս նախընտրական վակխանալիան, առանց կանոնների մարտերը, մարդկային փոխհարաբերությունների տարրական նորմերը ոտնահարելու, սեփական տնօրինության տակ եղած լծակները անխնա չարաշահելու այս մրցավազքը: Իհարկե, մենք դեռ կանդրադառնանք քարոզարշավին եւ դրա առանձնահատկություններին, բայց հարգելով լռության օրվա կանոններն, այսօր ձեռնպահ կմնամ նման վերլուծություններից եւ եզրահանգումներից, թե որ քաղաքական ուժը որքանով էր օրինապահ ու քաղաքակիրթ, իսկ որ ուժն ուղղակի իրավունք չուներ մասնակցել այս ընտրապայքարին եւ արժանի չէ թեկուզ մեկ քվե ստանալու:
Այսօր կխոսեմ առհասարակ ընտրությունների կարեւորության մասին: Ընտրությունների, որպես քաղաքացիական պարտք, պարտադիր կատարման ենթակա լինելու մասին:

Մեծ բան չէ` 4-5 տարին մեկ անգամ համապետական կամ համայնքային ընտրություններին մասնակցելու պահանջը: Յուրաքանչյուր քաղաքացի փոքրուց պետք է սովորած լինի, որ դրանից խուսափել չի կարելի: Իհարկե, միշտ չէ, որ քո ընտրությունը ռեալիզացվում է եւ քո ընտրյալ ուժը կամ անձինք գալիս են իշխանության: Այդ առումով յուրաքանչյուր ընտրություն իր մեջ հիասթափության ռիսկ է պարունակում, բայց դա էլ դեմոկրատիայի թերությունն է` երբ մեծամասնության ձայնն է որոշիչ լինում, իսկ փոքրամասնությունը ստիպված է լինում ենթարկվել մեծամասնության կամքին:

Բայց այս կանոնն աշխատում է մի դեպքում, երբ անթերի ընտրություններ են կայանում, երբ բացառվում են ընտրակեղծիքներն ու նախընտրական ճնշումները: Երբ համոզված եք, որ մարդկանց ազատ կամարտահայտությունն է գործել` առանց ադմինիստրատիվ, նյութական եւ այլ ճնշումների ու շահագրգռությունների: Իսկ եթե ընտրությունների արդյունքները չեն արտահայտում հանրության իրական կամքը եւ ինչ որ մարդկանց խմբակ բռնությամբ իշխանություն է զավթում, դա միշտ հղի է վտանգներով ու սպառնալիքներով: Ինչպես եղավ 2018 թվականին` 17-ի համապետական ընտրություններից հազիվ մեկ տարի անց:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image