Արդա՞ր խաղաղություն

Արդա՞ր խաղաղություն

Զարմանալիորեն ուշադրություն չէի դարձրել այն հանգամանքին, որ թշնամու կողմից պարտադրված խաղաղությունը նիկոլականների լեզվով կոչվում է արդար խաղաղություն: Նման բնորոշում է հայտնվել Սահմանադրության օրվա առիթով ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյան Արարատի թվիթերյան գրառման մեջ: Ըստ դրա՝ «Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել պետականության ամրապնդման եւ արդար խաղաղության կերտման հարցում»: Հայաստանի, ավելի ճիշտ՝ գործող իշխանության գործադրած ջանքերին անդրադառնալը թողնելով մի կողմ՝ դիտարկեմ արդար խաղաղության կերտման հանգամանքը: Առաջին քայլը համացանցում որոնում կատարելն էր. այն հանգեցրեց բավական հետաքրքիր պատկերի: «Արդար խաղաղություն» արտահայտությունը հիմնականում օգտագործվել է արեւմտյան քաղաքական գործիչների կողմից: 

Ով լսում կամ կարդում է նրանց՝ նրա մոտ վստահաբար ձեւավորվում է այն կարծիքը, թե միջազգային հանրությունը հենց այդպիսի խաղաղություն է փորձում հաստատել մեր տարածաշրջանում: Ի դեպ, վաղուց ժամանակն է, որ «միջազգային հանրություն» արտահայտության մեջ «միջազգային» բառը փոխարինվի «արեւմտյան» բառով: Եվ օգտագործվի «արեւմտյան հանրություն» արտահայտությունը: Որովհետեւ ռուս-ուկրաինական պատերազմից այս կողմ նման հանրությունն այլեւս ոչ եւս է եղել: Իսկ գոյություն չունեցող երեւույթին կամ հանգամանքին հղում տալն անիմաստ զբաղմունք է: Ինչեւէ, շարունակենք արեւմտյան հանրության կողմից մեզ մատուցվելիք արդար (՞՞՞) խաղաղության թեման: Թե որքան է այն խաղաղ՝ տեղյակ է թշնամի երկրի ղեկավարը: Կարծում եմ, որ նաեւ Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը: Եվ դրա հիմնական դրսեւորումներից մեկը, օրինակ, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման խնդիրն է: Այլապես, թշնամի երկրի ղեկավարը չի համարի, որ այդ խաղաղությունն արդար է նաեւ Ադրբեջանի տեսակետից:

Չնայած, ինչպես վերջերս ինքն էր խոստովանել, 44-օրյա պատերազմի արդյունքներն ամրագրող եռակողմ հայտարարության մեջ բացակայում է նման պարտավորությունը: Եվ ինքն այն շրջանառել է ավելի ուշ: Ինչպե՞ս թե՝ կհարցներ այլմոլորակայինը, եթե հանկարծ ընթերցեր այս հոդվածը: Հաղթողի իրավունքի ուժով, ինչպես շուրջ երկուսուկես հազար տարի առաջ հայտարարել էր գալերի ցեղի առաջնորդներից մեկը՝ Բրենոսը, ճակատամարտում ջախջախիչ պարտության մատնելով հռոմեացիներին եւ պաշարելով Հռոմը: Ընդ որում, ուժի իրավունքի դեմ գործում է ընդամենը մեկ միջոց՝ մեկ այլ ուժի իրավունքը: Այն հռոմեացի եւ ոչ միայն, սերունդներին էր փոխանցել բռնապետի լիազորությամբ օժտված զորավար Մարկ Կամիլը՝ մեկ այլ ճակատամարտում ջախջախելով Բրենոսի բանակը:
Եվ արդեն որերորդ անգամ թե՛ տողերիս հեղինակի եւ թե՛ այլ գրագետ անձանց կողմից նշվում է, որ արեւմտյան հանրության աչքում իրական արդարը ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինական տեսակետն է: Եվ այն դրսեւորվում է սպառազինության մատակարարման եւ գումարների տրամադրման տեսքով՝ էլ չասած արեւմտյան բոլոր երկրներում արգելված վարձկանների մասնակցության մասին: Եվ հենց այդ համատեքստում է բազմիցս արտահայտվել պարտադրված խաղաղության անթույլատրելիությունը: Սակայն այն, ինչ թույլատրելի չէ ուկրաինացիների առումով, լավ էլ խրախուսելի է մեր նկատմամբ: 

Իհարկե, դրա մեղավորը մենք ենք, որ խայտառակ պարտությունից հետո չկարողացանք վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլին: Այն անձին, ով իր իշխանության պահպանման նպատակով նախաձեռնեց «խաղաղության օրակարգ» կոչված անհեթեթությունը, ինչն էլ աջակցություն ստացավ արեւմտյան հանրության կողմից: Այնպես որ, ամեն ինչ «արդար» է՝ մենք ստացանք այն, ինչ վաստակեցինք: Ու ոչ մի բարոյական իրավունք չունենք մեղադրելու արեւմտյան հանրության այս կամ այն ներկայացուցչին: Արեւմուտքին պետք էր ղարաբաղյան կարգավորում՝ մենք մեր կրկնակի (թե՛ դրսի եւ թե՛ ներսի թշնամուն) պարտությամբ տրամադրեցինք այն՝ կորստյան մատնելով բոլոր նախկին ձեռքբերումները: Ու արդեն երրորդ տարին անընդմեջ «վայելում» ենք դրա ողբերգական հետեւանքները: