Ինքնաիզոլացիր, վերջապես…

Ինքնաիզոլացիր, վերջապես…

Սասնա Ծռեր «համահայկական» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Սեֆիլյան Ժիրոն արդեն մա՞տ է թափ տալիս Նիկոլ Փաշինյանի վրա: Էս ի՞նչ է գրել. «Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաճարակի պայմաններում հանդգնի ընտրություններ անցկացնել Արցախում, ապա…»: Այո, ժամանակն է ինքնամեկուսացումը տարածել բոլորի վրա, այդ թվում՝ քաղաքական գործիչների և քաղաքական գործիչ դառնալու առերևույթ նկրտումներ ունեցողների վրա:

Իսկ ինչո՞ւ է Սեֆիլյանը հենց Փաշինյանին հաթաթա տալիս, մի մարդու, որ չունի Արցախի ժողովրդի քվեն և արցախահայությանը չի ներկայացնում: Մյուս կողմից էլ Փաշինյանի հոգսն այսօր այնքան շատ է, որ չգիտի որը հասցնի, որը թողնի: Ինչո՞ւ պետք է Փաշինյանը կարգադրի՝ Արցախում ընտրություն անցկացնել, թե ոչ: Թող Արցախի Հանրապետությունը որոշի, Արցախի նախագահը՝ հաշվի առնելով բոլոր, այդ թվում նաև այն ռիսկերը, որոնք ի հայտ կգան ընտրությունները չեղարկելու պարագայում: Բայց եթե իսկապես Արցախում կա կորոնավիրուսի տարածման վտանգ, ապա ի՞նչ կա որ, կարելի է նաև արտակարգ դրություն հայտարարել և հետաձգել ընտրությունները և դա անել առանց Ժիրայր Սեֆիլյանի «համահայկական» ելույթի:
Իսկ ի՞նչ անել, Եթե Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, «հանդգնի» չմիջամտել Արցախի համապետական ընտրություններին: Սեֆիլյանը ՀՀ զինված ուժեի Գլխավոր շտաբի պետին առաջարկում է ապստամբել Նիկոլ Փաշինյանի դեմ: Այո, հենց այդպես. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ որպես Զինված ուժերի անմիջական հրամանատար և զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձ, պարտավոր է արգելել ՀՀ Զինված ուժերի Արցախի Պաշտպանության բանակի անձնակազմի մասնակցությունն այդ ընտրություններին»: Յա՜ա՜ա՜, բա ԱՀ Սահմանադրությո՞ւնը… Ասենք՝ Սեֆիլյան Ժիրոյի համար ի՞նչ սահմանադրություն, ինչ բան: Դուք Սեֆիլյան Ժիրոյին ասեք՝ ավտոշարասյունով գնա Արցախ և ամբողջությամբ հայերով բնակեցված այդ երկրում ազգային-ազատագրական պայքար ծավալի:

Բավականին ուշագրավ է նաև Սեֆիլյանի հետևյալ առաջարկը. «Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, թեկուզ ուշացումով, Զինված ուժերը բերել զորանոցային վիճակի և սահմանել խիստ կարանտին»։ Ես հստակ գիտեմ, թե ինչ է բզբզում Ժիրայր Սեֆիլյանը: Հայաստանում բռնկված կորոնավիրուսը խախտել է ՀՀ իշխանությունների սորոսական հատվածի պլանները, որոնք ծրագրել էին ամեն գնով Արցախում իշխանության բերել իրենց նախընտրած թեկնածուին: Դրա համար պետք էր հազարներով թափվել Արցախ, Արցախի հեղափոխականացում բեմադրել, սրել իրավիճակը և աղմկարարության շնորհիվ հասնել հաջողության: Բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ Արցախն էլ փակեց սահմանները ուղևորափոխադրումների համար: Այսուհանդերձ վտանգը, որ Արցախում փորձ կարվի հետընտրական զարգացումներ և մարտի 1 հրահրել, ամբողջությամբ վերացված չէ: Արցախյան հրապարակումների հեղինակները հստակ նկարագրում են ինչ-որ խմբերի ու նրանց հակաօրինական գործողությունները, ինչպես նաև զանազան հավաքներում հնչեցրած հակաիշխանական ու հակապետական կարգախոսները: Այս թափոնի դեմը պետք է առնել և չենթարկվել նրա սադրանքներին: Եթե պետք լինի, այո, անգամ պաշտպանության ուժերը ներգրավելու գնով: Սորոսական աղտեղության երազանքը Արցախի ժողովրդավարական երկիր լինելու իրողությունը պայթեցնելն է, ինչն այսօր ձեռնտու է բացառապես Ադրբեջանին և այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքին: Զորքը պահել խիստ կարանտինի վիճակում, երբ վայ «հեղափոխականները» փորձում են երկրի ճակատագիրը փողոցային խուլիգանությամբ վճռել, լավագույն տարբերակը չէ, պարոն Սեֆիլյան:
Հ.Գ. Ենթարկվեք ՀՀ-ում արտակարգ դրության պարետի որոշումներին ու կարգադրություններին: Բավարարվեք պատահական զանգեր կատարելով: Սա հիմա ակտուալ է: