Ի՞նչ առաքելության է պատրաստվում Մասիս Մայիլյանը
Հայրենական մեդիա-տիրույթում եւ սոցցանցերում երեկ ուշ գիշերից քննարկվում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը: Այն առաջինն էր, եւ կարեւորությունը, թերեւս, հենց դրանում է: Ինքնին բանավեճը հազիվ թե ընտրազանգվածի կողմնորոշման վրա էական ազդեցություն թողեց: Բայց դիտողունակ մարդու համար շատ բան պարզվեց՝ ով, ինչու եւ ինչ հեռանկարով է նախագահի թեկնածու առաջադրվել, ովքեր են սատարում մրցապայքարի հիմնական մասնակիցներից մեկին կամ մյուսին:
Հեռուստաբանավեճին չմասնակցեց Մասիս Մայիլյանը: Նրա պատճառաբանությունը, թե այդ ձեւաչափը հնարավորություն չի տալիս քննարկել հանրությանը հուզող խնդիրներ, իսկ մրցակիցներին տալու հարցեր չունի, համոզիչ չէր գոնե այն առումով, որ մյուսներին զրկեց իրեն հարցեր ուղղելու, ընտրողներին՝ պատասխաններ լսելու հնարավորությունից:Այդ քայլով Մայիլյանն իրեն առանձնացրեց: Հաշվարկն, ըստ երեւույթին, այն էր, որ «վճռական մենակի» կերպարը կարող է հոգեբանական ազդեցություն գործել չկողմնորոշված մարդկանց վրա: Սոցցանցային գրառումների մեծամասնությունը վկայում է, որ քաղտեխնոլոգիական այդ հնարքը մեծամասամբ մնացել է անարձագանք: Հիմնական տպավորությունն այն է, որ Մայիլյանը պարզապես ասելիք չուներ: Ոմանք գտնում են, որ խաղը նրա համար ավարտված է եւ վկայակոչում են «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ուղերձն ընտրողներին, որտեղ Մայիլյանի օգտին քվեարկելու ոչ միայն ուղղակի հորդոր, այլեւ նույնիսկ ենթատեքստային ակնարկ չկա: Ըստ երեւույթին, հեռուստաբանավեճին չմասնակցելու որոշում Մայիլյանն ընդունել է իրավիճակի սթափ վերլուծությունից հետո եւ ընտրել ցավոտ հարցադրումներից խուսափելու տարբերակը:
Դա է, թերեւս, պատճառը, որ շատերը նրան արդեն լուրջ մրցակից չեն համարում եւ գտնում են, որ հիմնական պայքարը ծավալվելու է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի միջեւ: Այս համատեքստում քննարկվում է, որ Մայիլյանի քաղտեխնոլոգիական թիմը լուրջ վրիպել է՝ նրան հորդորելով չմասնակցել հեռուստաբանավեճին: Կա նաեւ տպավորություն, որ Մայիլյանը նպատակադրվել է հնարավորինս ,,ապալեգիտիմացնել,, Արցախի նախագահական ընտրությունները եւ հեռուստաբանավեճից հրաժարվել է՝ դրա համար քարոզչական հող նախապատրաստելու համար: Որքանո՞վ են հավանական այդ սցենարները՝ ներկայումս հնարավոր չէ հաստատել կամ հերքել: Ակնհայտ է, որ Մայիլյանի թեկնածության առաջադրումը չէր բխում ներարցախյան քաղաքական իրողություններից: Ըստ երեւույթին, որտեղ որոշումն ընդունվել է, այնտեղ արդեն հասկացել են, որ Արցախի հանրության կողմից ներմուծվող «արժեհամակարգը» չպահանջված է: Ինչպե՞ս կգնահատեն նրանք հետագա քայլերի նպատակահարմարությունը՝ ահա, թերեւս, գլխավոր խնդիրը սա է: Հեռուստաբանավեճից հրաժարվելով՝ Մասիս Մայիլյանն իրեն արցախյան քաղաքական իրողություններից դուրս դրեց: Ի՞նչ առաքելության է նա պատրաստվում:
Կարծիքներ