Դա նորմալ չէ, բայց հետևանք է Փաշինյանի և իր թիմի վարած անհեռատես քաղաքականության

Դա նորմալ չէ, բայց հետևանք է Փաշինյանի և իր թիմի վարած անհեռատես քաղաքականության

Երեկ մի շարք իրավապաշտպաններ, ովքեր աջակցում են Նիկոլ Փաշինյանին, կիսվել էին նրա քաղաքական ընդդիմախոս բլոգեր Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառում-զգուշացումով, որ կյանքը կարճ է, ոչ ոք ու ոչինչ չի մոռացվելու, եւ իզուր է Նիկոլ Փաշինյանին թվում, թե անվտանգության երաշխիքներ կարող է սակարկել իր ու իր ընտանիքի անվտանգության համար։ Նույն այդ իրավապաշտպաններից մեկը մեկ ամիս առաջ «մաղթում» էր, որ հակառակ ճամբարից մի լրագրող Քոչարյանի փողերով ստանա քիմիաթերապիայի հերթական կուրսը։ Սա դեռ՝ մամուլում, իսկ Ֆեյսբուքում ուղղակի մի քանի հարկանի սեռական հայհոյանքների ու անեծքների տարափ է։
Մարդկանց հիվանդություններն են ծաղրում, մահ ու հիվանդություն մաղթում։ Լավագույն դեպքում՝ բոլորը բոլորին դաստիարակում են, հիշեցնում, նախազգուշացնում։ Եվ սա արվում է բոլոր՝ միջանձնային, միջխմբային ու Հայաստան-Արցախ մակարդակներում։ Քաղաքական հայացքները սկսել են բաժանել հարյուր տարվա ընկերներին ու ազգականներին, ամուսիններն են միմյանց դեմ դուրս եկել, զավակները՝ ծնողների։

Ինչպես բռնությունը բռնություն է ծնում, այնպես էլ ատելության խոսքը՝ ատելության խոսք։ Ամենասարսափելին այն է, որ այս միտումը ոչ թե նվազում է, այլ գնալով խորանում՝ անգամ կիրթ ու հավասարակշիռ մարդիկ են սկսել այս լեզվով ու ոճով հարաբերվել միմյանց հետ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ,  քաղաքագետներ, բլոգերներ ու իրենց մտավորական համարող անձինք։ Մենք մի քանի հարց ուղղեցինք ագրեսիվ մեթոդների կնքահայրերից մեկին՝ «Սասնա ծռերի» վարչության անդամ Վարուժան Ավետիսյանին։

Հիշեցնենք, որ օրերս Վիտալի Բալասանյանն էր նրանց հասցեին կոշտ արտահայտվել։

- Պարոն Ավետիսյան, երբ Վիտալի Բալասանյանը «ծռերի» համար երաշխավորություն էր ներկայացնում, նրան չէի՞ք համարում հակահերոս։ Ձեր կուսակցության տարածած հայտարարության մեջ անդրադարձել էիք նրա բառապաշարին, բայց ժամանակին էլ դուք չէիք խնայում Նիկոլ Փաշինյանին։ Եվ նա «Սասնա ծռերի» հետ էր։

- Նախ, պետք է ապստամբության օրերի վիճակը՝ հոգեբանական ու մտային, եւ նաեւ այն ժամանակվա լարվածությունը հաշվի առնել եւ նկատի  ունենալ, որ ապստամբության լեզուն կոշտ է եւ կարող է մարդու ականջին տհաճ լինել։ Բայց այդպես է․ զինված ապստամբությունը խաղալիք չէ, կռվի ժամանակ նաեւ հայհոյում են։  Դրա համար շատ կարեւոր է, որ չհասնենք կռվի վիճակի։ Այն, ինչ հիմա կատարվում է, նորից կարող է հակառակ կողմից նման հրահրումների հանգեցնել։ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին․ նա երբեք երաշխավոր չի եղել, նա բանակցել էր Սարգսյանի կողմից, եղել է զինված հակամարտության մի՝ սերժսարգսյանական ապազգային կողմի ներկայացուցիչը՝ որպես ուղղակի բանակցող։ Եվ եթե խոսքը վերաբերում է երաշխիքներին, ապա դրանք եղել են ռեժիմի երաշխիքները։ Այն պարզ պատճառով, որ նրանք հասկանում էին, որ եթե մեր նկատմամբ կոշտ բռնություն ու վտանգներ դրսեւորվեն, ապա կլինի ցասման երկրորդ ալիքը, որը կսրբի-կտանի իրենց։

- Արդյոք Հայաստանն ունի՞ միմյանց նկատմամբ այդքան թշնամանք ունեցող հասարակություն ունենալու ռեսուրս։ Արդյոք նորմա՞լ եք համարում, որ հայտնի քաղաքագետը կարող է հայտնի լրագրողի մահը մաղթել, մեկ ուրիշը՝ հիշել ինչ-որ մեկի ծնողներին։ Սա նորմա՞լ է։

- Ոչ, նորմալ չէ, բայց դա հետեւանք է Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի վարած անհեռատես եւ ոչ արդյունավետ քաղաքականության, որ նա որդեգրեց հենց հեղափոխության առաջին իսկ օրերից՝ դառնալով ռեժիմի իրավահաջորդը։ Ըստ էության եւ որդեգրելով այդպիսի մարտավարություն։ Ես այն ժամանակ բանտում էի գտնվում եւ ամսի 17-ին ելույթ ունեցա դատարանում՝ ասելով, որ եթե սահմանադրականության փոխարեն կեղծ Սահմանադրություն եք պաշտպանում, եթե իրավունքի փոխարեն կեղծ օրենք եք փորձում պահել եւ եթե արդարություն հաստատելուց առաջ եւ դրա փոխարեն ուզում եք սեր եւ հանդուրժողականություն հաստատել երկրում, ապա դա չի լինելու։ Եվ դրա փոխարեն, այն արյունը, որ մենք խնայեցինք հեղափոխության շնորհիվ, թարախ է դառնալու, եւ այն մաքրելու համար, ցավոք, ավելի շատ արյուն է թափվելու։ Հիմա էլի, ցավոք սրտի, գնում ենք այդ ուղղությամբ, որովհետեւ նման պոպուլիստական, մակերեսային արտահայտություններով, որ ես ձեզ սիրո՜ւմ եմ, հանդուրժողականությո՜ւն եւ այլն, չի լինելու։ Եվ դրա համար պետք էր ոչ թավշյա իրավական մեթոդներով՝ անցումային արդարադատության, ապահովել երկրի մաքրումն այդ կեղտից, որ այսօր նա չկարողանար արդեն օտար աջակցությամբ վերամոբիլիզացվել եւ ուղիղ ձեւով սպառնալ պետության ղեկավարին, քաղաքական գործիչներին։

- Բայց այդ ազդակները հենց իշխանությունի՞ց չէին գալիս՝ «ասֆալտին փռել», «վնգստալ» եւ այլն։

- Ոչ, իշխանությունը մեղավոր է չպատժելու, չմաքրելու համար։ Իշխանությունը, այո, ինքն է մեղավոր, բայց ոչ թե ինքն է անում, դրա համար է մեղավոր, դրա համար նրան պատասխանում են, այլ չի անում, դրա համար լկտիանում են՝ պատասխանում։ Այդ անձի լկտի արտահայտությունը նույն Վիտալի Բալասանյանի ասածի շարունակությունն է։ Մեզ համար ակնհայտ է, որ այս փուլում չկարողանալով ժողովրդական հենարան ապահովել, նրանք մտածում են բռնի մեթոդներով տապալելու մասին։ Ինչ վերաբերում է Սաֆարյանի ասածներին, ես ամենեւին չեմ ընդունում, բայց հավասարության նշան չի կարելի դնել, պետք է արմատը հասկանալ, եւ եթե իշխանության կողմնակիցներն ընդամենը անեծքին անեծքով կամ բռնության խոսքին բռնությամբ պատասխանելով փորձում են պետական կառավարման իմիտացիա ապահովել, ապա, կներեք, կառավարման տեսանկյունից դա ապիկարություն է։ Պետք է շատ արագ մոբիլիզացնել պետությունը եւ մաքրման քայլեր կատարել։ Հայկական Նյուրնբերգն այլընտրանք չունի։