«Ադրբեջանական համայնք» կոչվածը ֆեյքային կազմակերպություն է և անընդունելի է

«Ադրբեջանական համայնք» կոչվածը ֆեյքային կազմակերպություն է և անընդունելի է

1992-95թթ.ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դավիթ Շահնազարյանը անդրադառնալով նախօրեին Ժնևում կայացած Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների օրակարգին՝ նշել էր, որ Ժնևում բովանդակային բանակցություններ են ընթանում ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ, ապա ավելացրել․«Դրանցից առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ»։

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանից  «Հրապարակը» տեղեկացավ՝ ո՞րն է այս առնչությամբ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը։ Պարոն Բաբայանը մեզ հետ զրույցում նշելով, որ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է Շահնազարյանին՝ ասաց․«Հարցն այն է, որ կարող է այդ տեսակի հարց քննարկվել, քանի որ Ադրբեջանը ամեն տեսակ հարց էլ բարձրացնում է։ Հիմա եթե բարձրացնում է, ուզած-չուզած, պիտի ինչ-որ անդրադարձ կատարվի, բայց դա չի նշանակում,որ դա ընդունելի է։ Եվ «ադրբեջանական համայնքներ» հասկացություն չկա։Եվ մեզ համար հստակ է, որ պիտի ամեն ինչ անենք, որ Ադրբեջանի այդ մանիպուլյացիաները՝ Արցախի Հանրապետությունը հավասարեցնել ինչ-որ ադրբեջանական կոչված համայնքի, որը ոչ քաղաքական, ոչ պետական, ոչ նույնիսկ հասարակական կազմակերպոթյուն է, ֆեյքային չգիտեմ ինչ է և այդպիսի բան չի կարող տեղի ունենալ երբևիցե, որովհետև Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես պետություն տասնամյակներ և նրա կարգավիճակը որպես հակամարտող կողմ ֆիքսված է Մինսկի խմբի ու ԵԱՀԿ փաստաթղթերում, մասնավորապես, 1994 թվականի Բուդապեշտի որոշումներում։ Եվ հետևաբար, մեզ համար «ադրբեջանական համայնք » հասկացությունն անընդունելի է»։

Բակո Սահակյանի խոսնակին հարցրեցինք՝ եթե անգամ ձևաչափը դառնա քառակո՞ղմ․ Արցախ-ադրբեջանական համայնք, Հայաստան -Ադրբեջան։ Դավիթ Բաբայանն ի պատասխան՝ ասաց՝ չէ, չէ, դա անհնարին է։«Կրկնում եմ՝ Արցախը կայացած պետություն է և մենք ինչպես կարող ենք մեզ հավասարեցնել ինչ-որ ֆեյքային մեկ-երկու հոգանոց ինչ-որ համայնքի հետ»։

Պարոն Բաբայանին հիշեցրեցինք, որ տևական ժամանակ՝ առնվազն 10-15 տարի այդ «ադրբեջանական» համայնք հասկացությունը դուրս էր մղվել բանակցային գործընթացից, հիմա հարցը վերադառնում է։ Պաշտոնական Ստեփանակերտը ներկայացնող Բաբայանն ասաց, որ իրականում երբևէ դա բանակացային գործընթացից դուրս չէր, քանի որ Բաքուն մշտապես այդ հարցը շահարկել է ու շահարկում է, նաև շանտաժի է ենթարկում տարածաշրջան այցելող համանախագահությանը, որպեսզի հանդիպումներ տեղի ունենան այդ համայնքի հետ։

Դավիթ Բաբայանը նաև այլ անդրադարձ կատարեց՝ ասելով․«Ինչ է նշանակում համայնք, կան Արցախի ու Ադրբեջանի քաղաքացիներ՝ անկախ իրենց ազգությունից։ «Համայք» հասկացություն չունենք, ոչ էլ ինքնավար կազմավորում ունենք Արցախի կազմում։ Մեզ համար նման հասկացություն գոյոթյուն չունի։ Եթե կան ադրբեջանցի բնակիչներ, որոնք ժամանակին եղել են Արցախի Հանրապետության կամ նախկին ԼՂԻՄ-ի քաղաքացիներ։ Հիմա սա այլ հարց է՝ փախստականներ, տեղահանվածներ, սա ուրիշ խնդիր է։ Բայց այն չի կարող միակողմանի կարգավորվել» ։

Դավիթ Բաբայանը ընդգծեց պաշտոնական դիրքորոշումը, երբ մշտապես ասվել է, որ խնդիրը կարող է կարգավորվել առաջին հերթին՝ եթե կարգավորված են բոլոր քաղաքական խնդիրները։ Այսինքն՝ ոչ մի բաց հարց չպետք է մնա, երբ պետությունները՝ Արցախն ու Ադրբեջանն իրար ճանաչեն, սահմանները հստակեցվեն, ամեն, ամեն հարց լուծվի, նոր անդրադարձ կատարվի մարդասիրական հարցերին։ Ստեփանակերտի խոսնակը ընդգծեց նաև, որ չի կարող լինել ադրբեջանցիների վերադարձ Արցախ առանց հայերի՝ Ադրբեջան վերադարձի։

Դավիթ Բաբայանից հարցրեցինք նաև՝ այն, ինչ դրված է եղել երկօրյա հանդիպումների հիմքում, արդյոք Մադրիդյան սկզբունքների տարրերի տրամաբանության շրջանակում է, քանի որ երբ Փաշինյանը խոսում է իրեն Սերժ Սարգսյանից հասած ժառանգոթյան մասին, առաջին հայացքից կա սպասելիք, որ նա դրանից հրաժարվում է։ Նա ասում է՝ կարևորը, որ բանակցային գործընթացը լինի շարունակական, իսկ խաղաղությունն ու կայունությունը պահպանվեն։

«Ինչ վերաբերում է Մադրիդյան, այլ սկզբունքներին, չկա փաստաթուղթ, կան ինչ-որ հարցեր, որոնք բանակցվում են։ Էն, որ Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականություն․․․ մենք կարո՞ղ ենք դրանից հրաժարվե՞լ, չէ, ստիպված էդ ապուշությունը քննարկում ենք, մեր հարցերն էլ հետը․․․ էս բանակցությունները սա են ու չի լինում, որ մենակ մեր հարցերը կարգավորենք, իրենք էլ իրենց խնդիրներն են դնում ու այդ հարցերի շուրջ, ստիպված՝ ընթանում են քննարկումներ, բայց դա չի նշանակում, որ ընդունելի է» ։

Նա ամփոփելով՝ ասաց, որ վերջին խոսքը ժողովրդինն է և որևէ պարտադրանք չի կարող լինել։