«Իմ քայլի» արցախյան կլոնավորումն ավարտվեց

«Իմ քայլի» արցախյան կլոնավորումն ավարտվեց

Հունվարի 29-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում արցախյան 3 քաղաքական ուժ՝ Արցախի Ռամկավար ազատական, «Ինքնություն եւ միասնություն» եւ «Վաղվա Արցախ» կուսակցությունները, ղեկավար մարմինների համատեղ նիստում քննարկեցին նախընտրական դաշինք կազմելու հարցը։ 

Նորաստեղծ դաշինքը, որ կոչվում է «Մայիլյան-Նոր Արցախ», ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «Իմ քայլը» դաշինքի կլոնը Արցախում: Դա հուշում է ինչպես անվանման մեջ առկա «Նոր Արցախ» բառակապակցությունը (հմմտ. Նոր Հայաստան), այնպես էլ դաշինքում միավորված ուժերի հարաբերակցության անհամաչափությունը՝ հօգուտ արտգործնախարար Մայիլյանի գլխավորած քաղաքական ուժի՝ «Ինքնություն եւ միասնության»: Այս ուժն էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը», չունի որեւէ քաղաքական հետագիծ, անձամբ Մայիլյանն էլ որեւէ «իզմ» չի դավանում՝ Փաշինյանի պես: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ Մասիս Մայիլյանի անունը վերջերս հոլովվում էր նաեւ սորոսական կազմակերպությունների հետ հարաբերություններ ունենալու համատեքստում, ապա պատկերը կամբողջանա նաեւ այս դաշինքի՝ թիմի առումով:

Կարող ենք արձանագրել, որ այլեւս հայտնի է, թե Արցախի նախագահական ընտրություններում ում են սատարում ՀՀ իշխանությունները: Փաշինյանին է, կարծեմ, պատկանում այն միտքը, որ Արցախում եւս պետք է տեղի ունենան այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում՝ «թավշյա ոչ բռնի ժողովրդական» հեղափոխության շնորհիվ (ես կասեի՝ պատճառով): Ահա եւ սկսվում է այդ գործընթացը, որն իր սաղմնավորման փուլում հիշեցնում է Աստծո արարչագործության բիբլիական պատմությունը: Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով…

Ի՞նչ խնդիրներ է իր առջեւ դրել արցախյան «Իմ քայլը»: Դատելով համատեղ նիստում հնչած ելույթներից՝ կարելի է նշել, որ նրանք առաջիկա համապետական ընտրությունների դերն ու նշանակությունը կարեւորում են նոր որակի իշխանության ձեւավորման առումով: Այս տղաներին, փաստորեն, դուր չեն գալիս «հին որակի» իշխանությունները, որոնք ոչ միայն Սովետական Ադրբեջանի քունջուպուճախից հանեցին Արցախը, այլեւ հաղթանակած դուրս եկան բոլոր պատերազմներից՝ սերունդներին թողնելով դե ֆակտո անկախ պետություն: Դուք էս նորահայտ պոպուլիստների՝ իրենց գլխից մեծ ձեւակերպումները լսեք. «Կարեւորում ենք հանրային կյանքի բարելավման, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության ու պետության ներսում առկա խնդիրների լուծման համար բացառապես պետական շահով առաջնորդվելու, երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբման անհրաժեշտությունը»: Նախ ասեմ, որ արցախյան այս 3 անչափ հզոր կուսակցություններին չէր խանգարի մի քիչ էլ հայերեն սովորել, որ հետագայում նման խայտառակ տեքստեր չհրապարակեն: Թեեւ դա չէ էականը: Ի՞նչ է նշանակում՝ «երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար» արտահայտությունը: Այդքան վատ է, հա՞, Արցախում ստեղծված իրավիճակը, որ ուզում եք «իրավիճակ փոխել»: Մի կապկեք Նիկոլին, սիրուն չէ, հարգելի «նովիե արմյանի»:

«Մեր այս դաշինքը հզոր խթան կհանդիսանա Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման եւ ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբմանն ուղղված ակտիվ ու վճռական գործունեության համար։ Վայրկյան անգամ չեմ կասկածում՝ բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով ապահովելու ենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ եւ ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կերտելու ենք մեր Նոր Արցախը»,- սա դաշինքի առաջնորդ Մասիս Մայիլյանն է ասել՝ հույս հայտնելով, որ իրենց առանցքի շուրջ սերտ համագործակցություն կլինի Արցախի հանրության ամենատարբեր շերտերի եւ հանրության վստահությունն ու հարգանքը վայելող անհատների եւ հանրային դեմքերի հետ։ Շատ բան չունենք ավելացնելու Մայիլյանի հայտարարությանը: Ասեմ միայն, որ այն, կարծես, թռցրած լինի Նիկոլ Փաշինյանի հեղափոխական օրերի ելույթներից: Նիկոլ Փաշինյանն էլ, եթե հիշում եք, սկզբում խոսում էր միասնականությունից, բարությունից, առողջ ուժերի հետ համագործակցությունից, իսկ թե ինչ եղավ հետո, թույլ տվեք նորից չպատմել:

Վերջում կուզենայի Մայիս Մայիլյանից հետաքրքրվել՝ ինքն ի՞նչ իմաստ է դնում «նոր Արցախ» արտահայտության մեջ: Եթե դա հորինել եք «նոր Հայաստանի» տրամաբանությամբ, այսինքն՝ առանց տրամաբանության, ապա դրանով զգալիորեն թուլացրել եք Ձեր նախընտրական դիրքերը: Հայաստանում, այո, հինը մի բան չէր, բայց նորն ավելի մեծ խայտառակություն է: Մեզ Նիկոլ 2-րդ պետք չէ, Աստծո սիրուն…