Սա այն է, ինչի մասին մշտապես բարձրաձայնում էին, սակայն մնում անարձագանք

Սա այն է, ինչի մասին մշտապես բարձրաձայնում էին, սակայն մնում անարձագանք

     Վերջապես, հոկտեմբերի 23-ին, պատերազմի 27-րդ օրը ՆԱՏՕ-ն՝ ի դեմս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի բարձրաձայնեց և կազմակերպության անդամ Թուրքիային կոչ արեց «նվազեցնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում», որը ոչ այլ ինչ է, քան խոստովանություն առ այն, որ ՆԱՏՕ-ն 27 օր շարունակ քաջատեղյակ լինելով, որ իր լիիրավ անդամ Թուրքիայի համակարգմամբ և կազմակերպմամբ Ադրբեջանի հետ միասին հրետանային ժամանակակից և հզոր զինտեխնիկայով ուժգին հարվածներ է հասցնում արցախյան զինուժին, խաղաղ բնակավայրերին ու ստրատեգիական ենթակառուցվածքներին, պատճառելով մարդկային և նյութական մեծագույն կորուստներ, զուտ մանկական հանգստության կոչեր էր անում երկու կողմին էլ և դրանով իր գործը համարում ավարտած։ Իսկ ՆԱՏՕ-ն այսքան օրերի ընթացքում բերանը ջուր առած ոչ մի խոսք չէր ասում, կարծես Թուրքիան ոչ մի կերպ չէր առնչվում իր հետ և նա Արցախում զուտ մշակութային միջոցառումներ էին իրականացնում: Եթե այսքան օրեր շարունակ, օրը ցերեկով, աշխարհի աչքի առջև Թուրքիան իր ժամանակակից զինտեխնիկայով ագրեսիա էր իրականացնում Արցախի նկատմամբ, առանց խտրականություն դնելու թիրախների միջեւ և աշխարհի չորս կողմերից միայն հնչեցնում էին, որ Թուրքիան վայրագություններ է անում և այդ «լուրջ» կառույցը որևէ կերպ չէր արձագանքում, նվազագույնն անհասկանալի է, թե այդ կառույցի ստեղծման պահից մինչ այսօր որն է եղել դրա առաքելությունը, երբ իր 80 միլիոնանոց ագրեսոր անդամն օրեր շարունակ խաղաղ բնակչության սպանդ է կազմակերպում, իսկ ինքը ոչ մի ծպտուն չի հանում, կարծես այդ ամենն իր հետ որևէ առնչություն չունի: Մի՞թե սրա համար է ձևավորվել  այդ կառույցը, որը 27 օր հետո միայն նույն Թուրքիային՝ սպանդի հեղինակին խորհուրդ է տալիս. «օգտագործիր քո զգալի ազդեցությունը» տարածաշրջանում: Ընդամենը հիմար խորհուրդ, որին Թուրքիան կարող է արձագանքել. «Շեֆ, հենց դա էլ անում եմ»: Չեմ հասկանում, թե ում են հիմարի տեղ՝ աշխարհը, ՆԱՏՕ-ն և նմանատիպ միջազգային այլ կառույցները: Մենք էլ իրենց ենք խորհուրդ տալիս. Շատ ավելի լավ կլինի, եթե ընդհանրապես լռեք …
     Այս թեմայով կարելի է անվերջ երկար գրել, սակայն անիմաստ է, քանզի ժողովրդական խոսքը հստակ ասում է. «եղունգ ունես, գլուխդ քորիր»…
     Փառք մեր ժողովրդին …: Փառք մեր հերոսներին, որոնց անուրանալի ոգու շնորհիվ հաղթելու ենք այս վերջին կռիվը … Տերը պահապան բոլորին…        


Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ