Օգուտ կտա՞ ԵԱՀԿ գործող նախագահի այցելությունը Հայաստան և Ադրբեջան 

Օգուտ կտա՞ ԵԱՀԿ գործող նախագահի այցելությունը Հայաստան և Ադրբեջան 

Մարտի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման զբաղվող Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն թվիթերյան իր էջում հայտարարել էր առաջիկայում Հայաստան ու Ադրբեջան այցելություն կատարելու մտադրության մասին։

«Օգտակար ճեպազրույց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի կողմից իմ՝ Ադրբեջան ու Հայաստան կայանալիք այցելությանն ընդառաջ», - թվիթերյան իր էջում գրել էր ԵԱՀԿ գործող նախագահը։

«Հրապարակ» թերթը ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանից հետաքրքրվեց, թե ինչ կտա այս այցելությունը, և ինչ վիճակում է ներկայումս ԵԱՀԿ-ն։

«Կարծում եմ, որ առանձնապես ոչինչ չի տա, պարզապես նման իրողություն կա պատերազմից հետո։ ԵԱՀԿ Մինսկի խումբը 2019-20 թթ. ընթացքում փատացիորեն մատնվել էր անգործության։ Իներտ վերաբերմունք ցույց տվեց նաև պատերազմի ընթացքում՝ աչքերը փակելով հազարավոր երիտասարդների մահվան և փաստացի աղետաբեր պատերազմի առջև։ Կարծես, գոյությունն չուներ ո՛չ Կազմակերպությունը, ո՛չ ՄԽ-ն։ Եվ պատերազմից հետո, երբ որ արդեն եղավ համաձայնագիրը, տարածաշրջանում հաստատվեցին նոր իրողություններ, նոր-նոր եվրոպական որոշ կառույցներ, պետություններ փորձեցին կենդանության նշաններ ցույց տալ։ Եվ դրանց մեջ է նաև ԵԱՀԿ-ն և դրա ՄԽ-ն», - նշեց Քեռյանը։ 

ՄԽ-ի Կենդանության նշանները, ըստ քաղաքագետի, բխում են ոչ թե նրանից, որ ԵԱՀԿ-ն կամ նրա առաջատար պետությունները շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ կամ զարգացման ծրագրերով, այլ դա թելադրվում է նրանց պետական նեղ շահերով։ «Որովհետև իներտ վերաբերմունքը հանգեցրեց այն բանին, որ տարածաշրջանում ազդեցությունը մնաց Ռուսաստանին և Թուրքիային։ Եվ, ըստ էության, Արևմուտքի գործոնը հասցվեց զրոյական մակարդակի։ Հիմա, երբ որ ԱՄՆ-ում ընտրություններն ավարտվել են և տեսնում են, որ դուրս են մղված տարածաշրջանից, նմանատիպ քայլերով փորձում են վերականգնել ինչ-որ ազդեցության լծակներ։ Եվ, իհարկե, նրանց հույսն այն բանի վրա է, որ Հայստանում կարող են ինչ-որ հաջողության հասնել։ Որովհետև Ռուսաստանն է ԵԱՀԿ-ին «ուղարկել այնտեղ, որտեղ որ պետք է»։ Ադրբեջանը թքած ունի ԵԱՀԿ-ի և մյուսների վրա, նա իր հարցերը պրագմատիկ ու ճիշտ լուծում է Թուրքիայի հետ ռազմաքաղաքական համագործակցությամբ և Ռուսաստանի հետ դիվանագիտական մանյովրներով։ Եվ միակ ժողովրդավար երկիրը, որտեղ կան մարդիկ, որոնք Արևմուտքի հանդեպ ինչ-որ հավատ կամ հույս ունեն Հայաստանն է։ Դե, Վրաստանը, ճիշտ է, արևմտյան ազդեցության տակ է, նույնպես փորձում են ինչ-որ ազեցության լծակներ ձեռք բերել կամ այնպիսի մի քաղաքական իրողություն հաստատել, որ ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությունն իմաստ ստանա», - շարունակեց նա։

Ըստ քաղաքագետի՝ «ԵԱՀԿ» հապավումը, որ անցում ենք, տեսնում ենք «Անվտանգություն և Համագործակցություն», սակայն պարզ տեսանելի է, թե որքանով է այդ Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը կատարել իր գործառույթը։ «33 տարի շարունակ այդ կազմակերպությունը և նրա Մինսկի խումբը նույնիսկ կես քայլ չարեցին ընդունելու եվրոպական արժեքներով ամրապնդված Մարդու իրավունքներից Ինքնորոշման իրավունքը՝ տարբեր տեսակի մանիպուլյացիաներով, խաբեբայություներով, պտտեցնելով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությանը։ Նմանատիպ դիրքորոշում չունեցան Կոսովոյի հարցում, երբ որ լավ էլ իրենց ծավալապաշտական նկատառումներից ելնելով՝ դրեցին, քանդեցին Հարավսլավիան։ Այս դեպքում «դոշ էին տալիս», «իրենց էին կոտորում», ասում էին. «Կոսովոյի ալբանացիների մարդու իրավունքն է ինքնորոշվել»։ Իսկ Ղարաբաղի փոքրիկ տարածքի վրա 150 հազար մարդու Ինքնորոշման իրավունքն այդպես էլ չճանաչվեց ո՛չ ԵԱՀԿ-ի կողմից, ո՛չ Եվրոպայի Խորհրդի կողմից և ո՛չ էլ Եվրոպական Միության կողմից։ Ընդհակառակը, Արևմտյան ժողովրդավարության բաստիոնը համարվող Անգլիան իր ամբողջ ռեսուրսները ներդրել էր Թուրքիային, Ադրբեջանին ծառայեցնելու համար (ըստ ինձ հասած տեղեկությունների)։ Եվ դրա ապացույցն այն էր, որ նույնիսկ արգելափակեց, վետո դրեց ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցի քննարկումը՝ մատնելով մեր ժողովրդին նման աղետի։ Դրանից հետո այս այցելություններն ուղղակի ծիծաղ են հարուցում», - եզրափակեց քաղաքագիտության դոկտորը։

Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի խոսքերով՝ եթե Ադրբեջանը տրամադրված լինի ոչ կոնստրուկտիվ, բնականաբար որևէ բանակցային ֆորմատ չի աշխատելու։ «Եթե մենք էլ տրամադրված չլինենք, ունակություն չունանանք ադեկվատ աշխատելու, բնականաբար չի աշխատելու այդ ձևաչափը։ Կարծում եմ, որ այդ ձևաչափի էֆեկտիվությունն ու ապագան բացառապես կախված են կողմերից, կողմերի ցանկություններից։ Եվ եթե կողմերի մոտ աշխատելու ցանկություն լինի, իհարկե, դա օգուտ կարող է բերել», - ընդգծեց միջազգայնագետը։

Իսկ թե ինչով է պայմանավորված այցելությունը, Սարգսյանն այն ասաց, որ սա ճանաչողական այց է։ «Հասկանալու համար կողմերի տրամադրվածությունը, իրողությունները։ Տարածաշրջանային այն իրողությունները, որոնք որ ձևավորվել են։ Հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում ունեն կողմերը, և արդյո՞ք այդ դիրքորոշումներում ընդանուր գծեր կան, կարո՞ղ են ընդհանուր հայտարարի գալ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ», - եզրափակեց Սարգսյանը։