Տեղական կուսակցականության հաղթարշավը

Տեղական կուսակցականության հաղթարշավը

Հայաստանի խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման, այն է՝ ավագանիների ընտրությունները բացահայտեցին մի երեւույթ, որն առկա չէր նախկինում: Դա հանց անձրեւից հետո սնկանման աճած կուսակցական ակտիվությունն էր, որը դրսեւորվեց նոր կուսակցությունների գրանցումով կամ արդեն գոյություն ունեցող կուսակցությունների անվանումները ձեւական օգտագործելու երեւույթով: Երբ ինքն իրեն համայնքապետի դերում տեսնող որեւէ մեկն իր համախոհների հետ գրանցում է նոր կուսակցություն կամ ձեւականորեն անդամագրվում է առկա որեւէ կուսակցությանը եւ դրա կամ մի քանի կուսակցությունների դաշինքի ցուցակով մասնակցում համայնքի ավագանու ընտրությանը: 

Ընդհանրապես, արեւմտյան ժողովրդավարության պրակտիկայում տեղական ինքնակառավարումը դիտարկվում է որպես տնտեսվարական եւ ոչ թե քաղաքական գործունեություն: Եվ ըստ այդմ՝ քաղաքային տնտեսության կառավարիչներ են դառնում ոչ թե քաղաքական գործիչները, այլ՝ տնտեսվարները: Սակայն մեզանում այդ բնագավառը եւս շրջված է գլխիվայր, ինչպես մնացած ամեն ինչ: Դա, բնականաբար, գալիս է նախկիններից, իսկ հայաստանյան «ժողովրդավարության բաստիոնի» (բնականաբար, զուտ խոսքի մակարդակում) հիմնադիրն առաջ տարավ այդ գործընթացը՝ գիտակցելով դրա շատ կարեւոր դերն իշխանության պահպանման հարցում:

Հիշեցնեմ, որ երբ Արեւմուտքի պարտադրանքով անհրաժեշտություն առաջացավ փոխելու մայրաքաղաքի կարգավիճակը՝ մարզից վերածելու համայնքի, մշակվեց կառավարման այնպիսի մոդել, որը Հանրապետական կուսակցությանը թույլ կտար պահպանելու Երեւանի կառավարումը: Եվ 2008-ի տարեվերջին ընդունված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով եւ Ընտրական օրենսգրքով մայրաքաղաքի ավագանու ընտրությունը կազմակերպվեց համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով: Արդյունքում ավագանու ընտրությունը քաղաքականացվեց: 

Հետագայում, դեռեւս նախկինների օրոք, որոշում կայացվեց իրենց համար դրական այդ օրինակը տարածել Գյումրիի եւ Վանաձորի վրա: Եվ քանի որ վատ օրինակը վարակիչ է՝ ժողովրդավարության «ռահվիրա» Նիկոլը որոշեց խոշորացնել հայաստանյան բոլոր համայնքներն այն աստիճան, որ դրանք ընկնեն ավագանու ձեւավորման համամասնական ընտրակարգի ներքո: Նրա համար բացարձակ նշանակություն չունի այն հանգամանքը, որ ինչքան էլ խոշորացվեն գյուղական համայնքները, դրանք մեր օրերում դժվար թե ունենան կուսակցական ակտիվներ, որ կկազմակերպեին կուսակցականացված ընտրություններ: Դեռ ինչքան ընտրություն պետք է անցկացվի այդ ընտրակարգով, որպեսզի ամեն մի խոշորացված համայնքում ձեւավորվեն կուսակցական ակտիվներ: Բայց, մյուս կողմից, դրանց բացակայությունը ձեռք է տալիս հենց իշխանությանը, որը սրան կամ նրան ՔՊԿ-ական ցուցակի առաջին համար նշանակելով՝ փորձում է վարչական ռեսուրսի օգտագործմամբ տեղական ինքնակառավարման մակարդակում տարածել սեփական իշխանությունը:

Իսկ ոչ ՔՊԿ-ական նախկին քաղաքապետերն ու մնացած ակտիվ մասն էլ մնում է տեղական մակարդակի կուսակցությունների ու դաշինքների ստեղծումը: Չնայած, Հայաստանի օրենսդրությամբ թույլատրված չէ այնպիսի երեւույթ, ինչպիսին «տեղական կուսակցություն» հասկացությունն է: Ձեւականորեն, դրանք համապետական են, սակայն չեմ կարծում, թե որեւէ խոշորացված համայնքում ավագանու ընտրությանն ընդառաջ ձեւավորվող որեւէ կուսակցություն հասցնում է լիարժեք աշխատող գրասենյակներ բացել մայրաքաղաքում եւ երեք-չորս այլ մարզում, ինչը «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջն է: