Նիկոլ Փաշինյանն ու ընդդիմությունը եզրափակիչ պարտիան են խաղարկում

Նիկոլ Փաշինյանն ու ընդդիմությունը եզրափակիչ պարտիան են խաղարկում

Գերարագ ժամանակներում ենք ապրում` ընդամենը մեկ տարի առաջ է ստորագրվել նոյեմբերի 9-ի զինադադարի փաստաթուղթը, այսօր արդեն նախատեսվում է վերջնականապես լուծել ղարաբաղյան հակամարտության հարցը։ Ակնհայտ է, որ եթե Մոսկվայում փաստաթուղթ ստորագրվի, դա վերջնականապես լուծելու է շուրջ 30 տարի շարունակվող հակամարտության հարցը, իսկ հետագա քննարկումները, բանակցությունները կրելու են ֆորմալ բնույթ։ Իհարկե, շատերը կարծում են, որ Պուտին-Ալիեւ-Փաշինյան ձեւաչափով ստորագրվող փաստաթուղթը չի կարող վերջակետ դնել խնդրին՝ հղում է արվում Մինսկի խմբին, միջազգային ատյաններին, տարբեր հայտարարությունների, բայց շատ փոքր է հավանականությունը, որ ադրբեջանական կողմը կհամաձայնի ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը հայկական կողմի համար կպահպանի ռեւանշի հնարավորությունը։ 

Բնականաբար, այս  ֆոնին ակտիվանում է պայքարը հայաստանյան քաղաքական թատերաբեմում, եւ ընդդիմությունը հերթական հնարավորությունն է ստանում Նիկոլ Փաշինյանի հետ մենամարտելու։ Իրավիճակն այնքան խճճված եւ բազմաշերտ է, որ Փաշինյանը ստիպված է շախմատային այս պարտիան խաղալ միանգամից 3 խաղատախտակի վրա՝ միջազգային նշանակության ծրագրերը հաշվի առնելով, տարածաշրջանային խաղացողների շահերը նկատի ունենալով եւ հաշվարկելով հայաստանյան ընդդիմության հնարավոր գործողությունները։ Ընդդիմության առջեւ դրված խնդիրը շատ ավելի դյուրին է` նրանք ստիպված չեն արտաքին ֆակտորի հետ հաշվի նստել եւ կարող են կենտրոնանալ միայն հայաստանյան խաղատախտակի վրա։ Նիկոլ Փաշինյանի ցանկացած անհեռատես քայլ խաղատախտակներից մեկի վրա կարող է պարտության հանգեցնել միանգամից բոլոր 3 պարտիաներում, եւ նա պետք է զուգակցի Դավիթ Կոոպերֆիլդի ճարպկությունը Ֆիշերի հնարամտության հետ։ Ստացվել է այնպես, որ աշխարհի գրեթե բոլոր խոշոր ու միջին խաղացողների ուշադրությունը կենտրոնացած է Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների վրա․ նրանցից մի քանիսն ուղղակիորեն են ներգրավված, մյուսները` մասնակիորեն։ Եվ նման հետաքրքրվածությունն առաջին հերթին պայմանավորված է կոմունիկացիոն նոր պրոյեկտներով, նաեւ՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական, ստրատեգիական դասավորվածությունների լրջագույն փոփոխություններով։ Հասկանալի է, որ 44-օրյա պատերազմի արդյունքները նոր հնարավորություններ են բացում թուրքական աշխարհի համար, իսկ դա խախտում է ուժերի բալանսը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում։

Հետեւաբար, բոլոր խաղացողները փորձում են վերադասավորել իրենց ծրագրերը՝ ելնելով նոր իրողություններից: Ոմանք փորձում են խոչընդոտներ ստեղծել թուրքերի համար, մյուսները` նրանց հետ համաձայնության գալ, նվազեցնելով հնարավոր ստրատեգիական կորուստները, իսկ երրորդներն ուղղակի համագործակցում են թուրքերի հետ: Բնականաբար, այս պրոցեսներում Հայաստանից այդքան էլ շատ բան կախված չէ, բայց ուղղություն ընտրելու հնարավորություն ունենք, քանի որ Փաշինյանի որոշումները կարող են խաթարել ոմանց պլանները՝ նպաստելով մյուսների պլանների իրագործմանը: Ուստի Հայաստանի շուրջ մեծ աժիոտաժ է։ 

Ռուսաստանը, իհարկե, փորձում է ցույց տալ, որ կարող է միայնակ վճռել բոլոր հարցերը, բայց նա չունի տեսանելի, անվիճելի առավելություն մյուսների նկատմամբ։ Ռուսական ներկայությունը Հայաստանում եւ Արցախում բավականին ազդեցիկ գործոն է, բայց ցանկացած մասշտաբային գործընթացի համար անհրաժեշտ է բավարար լեգիտիմություն ապահովել, իսկ այստեղ արդեն լծակներն Արեւմուտքի մոտ են։ Եթե Ռուսաստանը որոշել է միայնակ վճռել բոլոր հարցերը, ապա պետք է կարողանա այնպիսի փայլուն կոմբինացիա կազմակերպել, որ Արեւմուտքին մազաչափ սողանցքի տեղ չթողնի, այլապես ամեն ինչ կարող է շրջվել իր դեմ։ Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կփորձի լուծել բոլոր հարցերը մեկ շատ արագ կոմբինացիայի միջոցով, այլապես, եթե գործընթացը ձգձգվի, նորից կհայտնվի Արեւմուտքը, եւ Ռուսաստանը կպարտվի։ Իսկ հապաղելու դեպքում ռուսները կկորցնեն բոլոր առավելությունները, որոնք ձեռք են բերել պատերազմը կանգնեցնելով ու խաղաղապահներ տեղակայելով, եւ Արեւմուտքը հնարավորություն կստանա մտնել խնդրի մեջ ու իր կանոնները թելադրել։ 

Որոշ փորձագետներ պնդում են, թե Հայաստանը մանյովրի տեղ չունի` ստիպված է կատարել իր առջեւ դրված բոլոր պահանջները, քանի որ պարտվել է պատերազմում, բայց դրանք դատարկ խոսքեր են` նախնադարյան  քարոզչական հնարքներ, որոնցով փորձում են վախեցնել  ժողովրդին։ Իրականում բոլոր լուրջ խաղացողները հասկանում են, որ Հայաստանն ունի մանեւրելու ամենալայն հանրավորությունները, եւ պատերազմի արդյունքները Հայաստանի Հանրապետության սուվերենությունը չեն ստվերում, փոխարենն առկա են անվտանգային խնդիրներ, որոնք կհարթվեն՝ ընթացիկ խնդիրների կարգավորմանը զուգահեռ։ Եթե Հայաստանն իրոք զրկված լիներ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից, ապա խոշոր խաղացողներն այդքան մեծ ջանքեր չէին գործադրի մեր իշխանություններին ճնշելու համար, իսկ որ ճնշումներ կան, ակնհայտ է։

Բոլորը՝ դաշնակիցները, թշնամիները, շատ լավ հասկանում են, որ Հայաստանը պատկերացնում է իր բոլոր հնարավորություններն ու իրավունքները, իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խոսում են այն մասին, թե նա փորձում է ցույց տալ, որ մենք ազատ ենք մեր ընտրության մեջ եւ պատրաստ ենք ցանկացած շրջադարձի։ Հայաստանի միակ առավելությունն այս խաղում աշխարհագրական դիրքն է, եւ Փաշինյանը փորձում է օգտագործել ձեռքի տակ եղած միակ հաղթաթուղթը, եւ չի բացառվում, որ Թուրքիային ուղղված ռեւերանսները նույնպես այս տրամաբանության մեջ են։ Չի բացառվում, որ նա Թուրքիային դրական ազդակներ ուղղելով՝ բարձրացնում է խաղադրույքները՝ ցուցադրելով բոլորին, թե մենք ոչնչով կաշկանդված չենք։ Սա կարող է անհնարին դարձնել Հայաստանին ոչ շահավետ պայմաններ պարտադրելը։ Եթե սրանք մանյովրներ են` Փաշինյանի կողմից, ապա նա Հայաստանի պատմության մեջ կմնա որպես բազմաքայլ կոմբինացիա իրականացնող ղեկավար, իսկ եթե սա խաղ չէ, եւ նա իրոք որոշել է թուրքերի հետ քիրվայություն անել, ապա շատ շուտով կտապալվի եւ կկորցնի իշխանությունը։ 

Փաշինյան-ընդդիմություն հակամարտությունը եւս կախված է այս հանգամանքներից, եւ ակնհայտ է, որ ընդդիմությունն իր գրոհը կազմակերպում է հենց այս ուղղությամբ։ Բնականաբար, ընդդիմությունն ունի ապագայի իր տեսլականը եւ չի պատրաստվում երկրի ճակատագիրը վստահել «թրքաբարո» Նիկոլ Փաշինյանին, ուստի նրանք պատրաստվում են՝ լայն քննարկումներ են կազմակերպում, ծուղակներ պատրաստում, նոր հնարքներ հորինում, որպեսզի կարողանան հովազին դարանակալել` ջրամբարին մոտենալիս։ Ցավոք, այս բազմաշերտ խաղն այնքան էլ չի համապատասխանում ընդդիմադիրների խառնվածքին՝ նրանք, մեծ հաշվով, պարզ լեռնականներ են եւ սովոր չեն ժամանակակից աշխարհի բազմավեկտոր վայրիվերումներին։ Արհեստական բանականության, ռոբոտների եւ անօդաչուների դարաշրջանում ենք ապրում, իսկ ընդդիմության լիդերները նորից որոշել են մարտի նետվել միջնադարյան զորականի ծանր հանդերձանքով։ Ընդդիմության քարոզչությունն էլ մեր լեռներով հոսող աղբյուրների նման ջինջ է՝ նրանք կա՛մ հայհոյում են Փաշինյանին, կա՛մ թուրք անվանում, հետո ասում. «Այ մարդ, այսքան փորձանք, որ ինքը բերեց մեր գլխին, մի՞թե մեզ հայհոյելու իրավունք էլ չի տրված, հայհոյանքի մեջ ի՞նչ կա, որ մատի փաթաթան եք սարքել»։ 

Զավեշտալի դրվագներ էլ եղան, երբ ընդդիմադիրները հայտարարեցին, որ պատրաստ են սուրճի գավաթ բարձրացնել եւ խաշի չորացած լավաշ կիսել իշխանությունների հետ, այնուհեեւ դուրս եկան ԱԺ նիստերի դահլիճից, մի բաժակ ջուր խմեցին եւ արագ հասկացան իրենց սխալն ու իսկույն հայտարարություն տարածեցին, թե «սխալվել ենք, մենք դրա հետ խոսելու ոչինչ չունենք, առավել եւս՝ խաշ կիսելու: Ժողովուրդ ջան, ընտրողներ ջան, ո՞ւմ հետ չի պատահում, մարդ ենք, մենք էլ կարող ենք սխալվել ու հիմա հայտարարում ենք, որ դավաճանին պետք է հեռացնենք՝ բոլորս մնում ենք Բաղրամյանում արած ուխտին հավատարիմ»։ Հետաքրքիր է, որ Փաշինյանն անընդհատ ծուղակների մեջ է գցում ընդդիմությանը, որովհետեւ շատ հեշտ է հաշվարկել վերջիններիս քայլերը․ նրանք միշտ նույն բանն են ասում, նույն դաշնակիցներին ապավինում, նույն ուտոպիստական ծրագրերը ներկայացնում։ Ընդդիմությունը բացարձակապես ճկունություն չունի, նրանք ապրում են իրենց իսկ ստեղծած իլյուզիաների մեջ եւ չեն ցանկանում հաշվի նստել ժամանակակից աշխարհի իրողությունների հետ, արդյունքում հաճախ հայտնվում են ոչ շահավետ դիրքերում։ Օրինակ, պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն անվերջ ռեւերանսներ է անում Ռուսաստանին, իսկ մերձիշխանական շրջանակներն ակտիվորեն  հակառուսական տրամադրություններ են տարածում:

Հասկանալի է, որ հերթական ծուղակն էր պատրաստվում ընդդիմության համար, եւ նրանք հոժարակամ մտան այդ ծուղակի մեջ։ Այս խաղի իմաստը թերեւս այն էր, որ «եթե ոչ ռուսամետ Փաշինյանն է այսքան կործանարար զիջումների գնում` ռուսների պարտադրանքով, ապա ոտքից գլուխ պրոռուսական ընդդիմությունն ինչե՜ր կհանձնի ռուսների խնդրանքով, եթե հանկարծ գա իշխանության»: Եվ ի՞նչ արեց ընդդիմությունը` նրանց առաջնորդներից մեկը գրեթե ուղիղ հայտարարեց, որ արժե լրջորեն ուսումնասիրել Հայաստանը Ռուսաստանին ձուլելու հնարավոր տարբերակները։ Հավանաբար, ընդդիմադիրներին թվում է, թե իրենք ստրատեգիական հզոր քայլ կատարեցին, եւ հենց ռուսները լսեն այդ կախարդական խոսքերը, իսկույն կհեռացնեն Փաշինյանին Հայաստանի ղեկից։ Այսպիսի պարզունակ մոտեցումներով եւ հետադիմական աշխարհընկալումներով հնարավոր չէ արդյունքի հասնել 21-րդ դարում, առավել եւս՝ պարտության մատնել Նիկոլ Փաշինյանին։ Ցավալին այն է, որ Հայաստանին հիմա խիստ անհրաժեշտ է ունենալ հզոր եւ ճկուն ընդդիմություն, որպեսզի Փաշինյանի ձախողվելու պարագայում կարողանան արագ վերցնել երկրի ղեկը եւ խաղարկել մյուս՝ առայժմ չխաղարկված տարբերակը։ Մինչդեռ խորհրդարանական ընդդիմության հռետորաբանությունից երեւում է, որ իրենց համար անընդունելի են Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների իրատեսական լուծումները, եւ միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ստեղծել արտախորհրդարանական այդ անհասկանալի հարթակը։                                                                     

Պողոս Պողոսյան