Ինչ-որ բան ասելու իրավունք ես չունեմ

Ինչ-որ բան ասելու իրավունք ես չունեմ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի այսօրվա մրցույթի մասին մենք արդեն գրել ենք։ Ներկայացրել ենք, որ ՀՌՀ-ն քվեարկությամբ դուրս է թողել Հ2 եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին։ «Երկիր մեդիայի» անունն ի դեպ մշտապես կապված է եղել Հայ հեղափոխական դաշնակցության հետ, իսկ Ռոլանդ Շառոյանը ոչ միայն ՀՌՀ անդամ է, մշակույթի նախկին նախարար, այլեւ ՀՅԴ անդամ՝ անհիշելի ժամանակներից։

Մենք զրուցել ենք նրա հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչու է եթերից դուրս մղվում «Երկիր Մեդիան»:

- Պարոն Շառոյան, այսօր տեղի ունեցած մրցույթի արդյունքում` ՀՌՀ-ն ամենաքիչ միավորները տվել է ընդդիմադիր հեռուստաալիքներին` «Հայկական երկրորդ»-ին և «Երկիր Մեդիային»: Ի՞նչ սկզբունքով եք նրանց այդպես ցածր գնահատել:

- Մինչև հիմա չգիտե՞ք ինչ սկզբունքով են ցածր գնահատում: Նամակ գրեք հանձնաժողովի նախագահին:

- Ես Ձեր կարծիքն եմ ուզում լսել…. «Երկիր մեդիան», որը ՀՅԴ-ի հետ է մշտապես ասոցացվել, այսօր լիցենզիայից զրկվում է, Դուք այս որոշմանը կո՞ղմ եք:

- Տենց բաներ մի խոսեք: Հետո կխոսենք:

- Մի քանի բառով ասեք, թե այս որոշման մասին ինչ եք մտածում:

- Ես չեմ կարող: Ինչ-որ բան ասելու իրավունք ես չունեմ: Ի՞նչ եք դաշնակցականներին խառնում….

- Ինչո՞ւ: Ավտորիտար ռեժի՞մ է գործում ձեր հանձնաժողովում՝ կարծիք հայտնել չեք կարող: Ո՞վ է Ձեր իրավունքներից Ձեզ զրկել:

- Ինձ ոչ ոք իմ իրավունքներից չի զրկել: Դա սահմանադրական մարմնի աշխատանքների կարգն է:

- Սահմանադրության ո՞ր կետն է արգելում ՀՌՀ-ի անդամներին խոսել, ներկայացնել ձեր որոշումները: Ի՞նչ սկզբունքով եք ընդդիադիր թիվիներին ամենացածր միավորները նշանակել:

- Ես ցածր չեմ նշանակել, նշանակել եմ ճիշտ: Հաջողություն: