Համոզված եմ, որ կալանքը երկարացնելու միջնորդություն կներկայացնեն․ Սեդրակ Առուստամյանի դեմ 3 քրգործ կա

Համոզված եմ, որ կալանքը երկարացնելու միջնորդություն կներկայացնեն․ Սեդրակ Առուստամյանի դեմ 3 քրգործ կա

«Հյուսի հարավ»-ի գործով երեկ քննչական կոմիտեն մեծ հաղորդագրություն էր տարածել՝ ըստ որի՝ կենտրոնում կրկին «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյան էր։

Համաձայն այդ հաղորդագրության՝ ապօրինի գործարքների արդյունքում, քննության ներկա փուլում բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 2.729.457.229 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Ս.Ա-ին (Սեդրակ Առուստամյան), վերջինիս հետ հանցակցած չորս աշխատակիցներին, Չինական կապալառու կազմակերպության երեք աշխատակիցներին մեղադրանքներ են առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար:

«Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ա-ի ներկայացուցչի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է վերականգնվել 1 մլրդ ՀՀ դրամ՝ որպես վնասի վերականգման երաշխիք:

Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դա նոր մեղադրանք չէ, այն առաջադրվել է դեռ անցած տարի սեպտեմբերից․ «Այդ գործի վերաբերյալ մեղադրանքը սեպտեմբեր ամսին է եղել,այդ գործով նոր զարգացումներ չկան, դա հին մեղադրանքն է, որը պարոն Առուստամյանը չի ընդունում»։

Ինչ վերաբերում է ՔԿ-ի դեպոզիտ հաշվին գումար փոխանցելուն՝ նշեց․«Ուշադիր եղեք, ոչ թե մենք վճարել ենք որպես վնասի վերականգնում, այլ  հնարավոր վնասի երաշխիք։ Ուզում ենք դրանով ասել, որ, եթե նույնիսկ Սեդրակ Առուստամյանի գործողությունների հետեւանքով վնաս պատճառվել է, մենք պատրաստ ենք վճարել, բայց չկա այդպիսի բան։ Եթե չապացուցվեց դատարանում, ապա գումարը ետ է վերադարձվելու, այն դեպոզիտ հաշվին փոխանցվել է անցած տարի։ Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ այս գործով որեւէ գործողություն չկա»։

Մեկ այլ գործով՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալու եւ փողերի լվացման օժանդակության մեղադրանքով կալանքի տակ գտնվող Առուստամյանի պաշտպանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել կալանավորման դեմ, դեռեւս նիստ նշանակված չէ․ «Կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է, քննիչները միջնորդություն պետք է անեն։ Ես գրեթե համոզված եմ, որ երկարացնելու միջնորդություն կներկայացնեն»։

Նա նշեց, որ կալանքի երկարացման նիստին գրավի միջնորդություն կներկայացնեն, բայց կարծում է՝ այն դատարանը չի քննի․ «Հիմա դատարանների լիազորությունների մեջ չէ, գրավը թողնվել է քննչական մարմինների վրա»։

Պաշտպանը նաեւ հավելեց, որ Սեդրակ Առուստամյանը որոշակի առողջական խնդիրներ ունի։

Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը մեղադրյալի կարգավիճակ ունի  3 քրեական գործով, որոնցով դարձյալ մեղադրանքը չի ընդունում. Հյուսիս-հարավ ավտոճանապարհի չարաշահումների գործով նրան մեղադրանք է առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու եւ փողերի լվացման համար: Մեկ այլ գործով էլ, որն արդեն դատարանում է, նա մեղադրվում է այն բանի համար, որ Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2, 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու համար իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, շարունակել է այդ շինության կառուցումը։ Երրորդ գործով նա մեղադրվում է  առանձնապես խոշոր չափի կաշառք տալու եւ փողերի լվացման օժանդակության մեջ։