Ի՞նչ սահմաններում կլեգիտիմացվի Արցախը

Ի՞նչ սահմաններում կլեգիտիմացվի Արցախը

Ո՞վ է Ադրբեջանում ասել, որ եթե պատերազմ սկսվի, հայերը կգրավեն մինչեւ Կուր տարածքները: Այդ մասին ավետում է հայրենական լրատվամիջոցը , բայց՝ առանց հղումի: Ինքս ամենժամյա ռեժիմով հետեւում եմ ադրբեջանական մամուլին եւ նման բան չեմ կարդացել: Հակառակ տրամադրվածության հրապարակումներ՝ ինչքան ասես:

Բաքվում նույնիսկ կորոնավիրուսի հետ կապված վիճակը  «զորավարժություն» են  համարում՝ թե որքանո՞վ են համապատասխան ծառայությունները պատրաստ պետերազմի դեպքում ապահովելու երկրի կենսագործունեությունը: Հակառակորդի մոտ, անշուշտ, անորոշություն է, որ նույնիսկ Իլհամ Ալիեւն է խոստովանել, երբ վերջերս Թարթառ քաղաքում մի խումբ երիտասարդների հետ հանդիպմանը հասկանալ է տվել, որ «Ղարաբաղի ազատագրման պատերազմի» որոշումը միայնակ ընդունել չի կարող, հարկ է սպասել աշխարհաքաղաքական նպաստավոր իրավիճակի: Ինչի՞ վրա են կառուցվում ադրբեջանական հաշվարկները՝ ռազմական ոլորտի, հատուկ ծառայությունների վերլուծաբան մասնագետների պարզելու խնդիր է: Բաց աղբյուրներից քաղած տեղեկությունները պատասխանատու եզրակացության հիմք չեն: Ի վերջո, շատ մեծ է տեղեկատվական ապակողմնորոշման հավանականությունը: Այս դեպքում մնում է ապավինել երրորդ երկրներից ազդակների վերլուծությանը:

Այս իմաստով մեզ ամենահասանելին ռուսաստանյան լրատվամիջոցներն են եւ կողմերի համար ռուս փորձագետների վերլուծությունները: Բայց այստեղ էլ գործ ունենք ակնհայտ անգաժավորվածության հետ: Երբ ռուսաստանցի վերլուծաբանը Բաքվի լրատվամիջոցի համար ասում է, որ «Ադրբեջանը մի քանի ժամում կարող է վերադարձնել Լեռնային Ղարաբաղն ու հարակից յոթ շրջանները»՝ հասկացվում է, որ դա կազմակերպված է ադրբեջանական հանրության ականջներից «լապշա» կախելու եւ Իլհամ Ալիեւի հեղինակությունն ամրապնդելու համար: Արցախի նախագահի երդմնակալությունը Շուշիում անցկացնելու փաստն Ադրբեջանում հանրային շոկ է առաջացրել, հարկ է քարոզչությամբ շտկել իրավիճակը: Եւ Զաքիր Հասանովը հայտարարում է, որ «հսկողության տակ են առնված Ղարաբաղը Հայաստանին կապող բոլոր կոմունիկացիաները»:

Որ դա հիմարություն է՝ գիտեն առաջին հերթին ադրբեջանցիները: Ալիեւն, ըստ երեւույթին, սպասում է ինչ-որ պայմանավարվածությունների: Regnum-ն ակնարկում է ռուս-ամերիկյան մեծ գործարքի մասին՝ Մերձավոր Արեւելքում: Չափազանց ուշագրավ է, որ վերլուծության վերջում բերված է Haberturq-ի գնահատականը: Ըստ այդմ, փաստացի գոյություն ունի երկու Կիպրոս, երկու Պաղեստին, Իրաքյան Քուրդիստան, իսկ Կովկասում նախկին մետրոպոլիաներից անջատվել են Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան եւ Հարավային Օսեթիան:

Փաստացի իրավիճակը միջազգայնորեն լեգիտիմացնելու հնարավորության ակնա՞րկ է: Թուրքիան ձախողել է նեօսմանիզմի դոկտրինը: Եւ այլեւս տարածաշրջանային դերակատար չէ: Ադրբեջանում նոր իրավիճակի ըմբռնում կա՞: Առայժմ նկատվում է Հայաստանից «բռնատեղահանված ադրբեջանցիների իրավունքներն ակուալացնելու» միտում: Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» նախագիծն, ըստ երեւույթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը չի ստացել: Մեծ քաղաքականությունը, հավանաբար, կառուցվում է Մերձավոր Արեւելք-Հարավային Կովկաս հիպերտարածաշրջանի իրողությունների վրա: Regnum-ը բավական թափանցիկ նկատել է տալիս, որ Պուտին-Էրդողան աշխարհաքաղաքական ալյանսի ռեսուրսներն սպառվելու վրա են: Ալիեւի համար դա արտաքին քաղաքականության ֆիասկո է: Ի՞նչ սահմաններում կլեգիտիմացվի Արցախը: