Հստակ ձեւակերպեք՝ ինչ է պետք

Հստակ ձեւակերպեք՝ ինչ է պետք

Մինչ Փաշինյանը հիստերիկ շարժումներով կադրային փոփոխություններ է անում, մինչ նրա ընտանիքին պատկանող թերթը Գագիկ Ծառուկյանի անցյալն է փորփրում, մինչ բանից անտեղյակ մարզպետներն ու երկու խոսք իրար կապել չկարողացող իմքայլական պատգամավորները հաթաթաներ են տալիս ԲՀԿ-ին, մինչ Փաշինյանը կրկին թարմացնում է քաղաքական աղբանոցի թեման, մինչ զոմբիները ղժժում են այս ամենի վրա, երկրիս կյանքում լրջագույն պրոցեսներ են գնում, որոնք շրջանցում են թե՛ վարչապետին, որպես թիվ մեկ քաղաքական դեմքի, եւ թե՛ Նիկոլ Փաշինյանին, որպես հեղափոխության առաջնորդի: Տպավորություն ունեմ, որ Փաշինյանը խաղից դուրս վիճակում է կամ մոտ է այդ վիճակին: Նա, մանավանդ այս օրերին, շատ նման է այն ղեկավարին, որի հետ բավական չէ, շփվելու ցանկություն չկա, այլեւ օրվա կարեւորագույն խնդիրներին մոտ թողնելու նպատակահարմարություն: Թող իր համար ճվճվա, դիմակահանդես անի, մի բանով զբաղվի, բայց մեզ հանգիստ թողնի՝ տեսնենք ինչ ենք անում՝ մոտավորապես այսպիսի մտայնություն կա օդում:

Վերջին աղմկոտ օրերին մի տեսակ աննկատ մնաց մի աշխատանքային հանդիպում, որ իր ձեւաչափով եւ բովանդակությամբ, կարելի է ասել, թարմություն էր ընդհանուր համայնապատկերի վրա: Խոսքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման մասին է, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, նախկին նախարար Արմեն Մուրադյանը, «Նորք ինֆեկցիոն կենտրոն»-ի տնօրեն Մհեր Դավիդյանցը, «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը, «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանն ու նույն կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Միհր Սուսանին:

Նախագահականի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման նպատակն էր առողջապահության ոլորտի պատասխանատուների, հայտնի մասնագետների հետ քննարկել 3 հարց՝ համավարակի հետ կապված իրավիճակը եւ առաջիկա անելիքները, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) խնդիրները, եւ թե ինչով կարող են հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը եւ համավարակի հաղթահարմանը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե տեղի է ունեցել մեր օրերին համահունչ մի հանդիպում՝ մեկն այն հանդիպումներից, որոնք, սովորաբար, ավարտվում են դրանց մասին հանրությանն իրազեկելուց անմիջապես հետո: Սակայն հանդիպման ժամանակ ծավալված քննարկումն էականորեն տարբերվում է այս կարգի մյուս հանդիպումներից եւ կորոնավիրուսի հարցերով կառավարության բոլոր նիստերից ու պարետատան հախուռն ժողովներից: Նախագահ Սարգսյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը թերեւս տրվել է կորոնավիրուսի դեմ լուրջ պայքարի մեկնարկը՝ փաստորեն, Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքերի հայտնաբերումից ամիսներ անց: Այո, պարզվում է՝ վերջին ամիսներին մենք ոչ թե կորոնավիրուս էինք հաղթահարում, այլ ուրուր տեսած հավի ճտերի նման դեսուդեն էինք ընկել, այստեղից-այնտեղից լսածով ու տատիկների դոշաբով ինքնաբուժում էինք իրականացնում, մինչդեռ դա չէ ճանապարհը:

Անհամբեր ընթերցողը կարող է հարցնել՝ իսկ ուշացած չէ՞, արդյոք, նախագահի ցանկությունը՝ միանալ կորոնավիրուսի դեմ պայքարին: Պատասխանեմ՝ մինչ այս էլ նա ներգրավված է եղել կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց ներգրավված է եղել այնպես, ինչպես բոլորս՝ կամավորներ, նախարարներ, պարետ, վարչապետ: Այսինքն՝ նա նույնպես մասնակից է եղել հախուռն եւ անկանոն իրարանցումին: Բայց խնդրո առարկա հանդիպման ժամանակ նախագահն ասել է. «Եթե ես փորձել եմ եւ փորձում եմ ավելի ինտենսիվորեն օգնել, օգնություն բերել, եւ այդ օգնությունը կարող է լինել մարդկային, դեղորայքի կամ գործիքների, կամ զուտ գաղափարի օգնություն, ապա ես հստակ պետք է հասկանամ, թե ինչին օգնեմ եւ ինչպես»։ Եվ հավելել՝ եթե ես պետք է զանգահարեմ որեւէ երկրի ղեկավարի, բժշկական կենտրոնի, ապա պետք է հստակ ձեւակերպեմ, թե մեր երկիրն ինչ է ուզում: Ինչպես հասկացանք՝ խոսքն առողջապահության ոլորտին վերաբերող խորը եւ համապարփակ ինվենտարիզացիայի, առաջնահերթությունների շրջանակը պարզելու, կարեւորն անկարեւորից զատելու մասին է, որ մինչ օրս չի արվել, իսկ եթե առանձին քայլեր էլ արվել են, ապա դրանք չեն վերածվել կարգավորիչ գործընթացների:

Կարդանք նաեւ նախագահ Սարգսյանի խոսքի հետեւյալ հատվածը. «Եթե ես պետք է զանգահարեմ որեւէ երկրի ղեկավարի, բժշկական կենտրոնի, ապա պետք է հստակ ձեւակերպեմ, թե մեր երկիրն ինչ է ուզում: Իմ առջեւ խնդիր դրեք, թե ինչ եք ուզում: Ես ձեզ ուղղակի կարող եմ վստահեցնել, որ հազարավոր մեր հայրենակիցներ, լինելով Բարեգործականի (ՀԲԸՄ) խորհրդի անդամ, աշխարհի տարբեր երկրներից, պատրաստ են մեզ աջակցելու, սակայն մենք պետք է խնդիր դնենք, թե ինչ ենք ուզում: Նույնը վերաբերում է նաեւ մեր արտասահմանյան գործընկերներին: Ես ձեզ օրինակ բերեմ: Մի քանի օր առաջ խոսել եմ Կատարի էմիրի հետ, իր ծննդյան օրն էր, հին բարեկամ է: Մարդը պատրաստ է իր օգնությունն ուղարկել, բայց ես հստակ պետք է ասեմ՝ ինչ եմ ուզում: ԱՄԷ-ի առաջնորդը մեր զրույցի ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու: Նախարարից խնդրեցի ցանկը, փոխանցեցի, եւ մի հսկա օդանավ նվեր եկավ: Խոսել եմ Սերբիայի նախագահի հետ. լավ ընկերներ ենք: Ասաց՝ հիմա մենք կորից իջնում ենք ցած, ահագին ավելցուկ ունենք, ես պատրաստ եմ օգնել: Նախարարին խնդրեցի, ցանկը տվեց, այսօր առավոտյան ինձ պատասխան գրեց, թե որքան կարող են ուղարկել, հիմա մտածում ենք, թե ինչպես: Նույնը՝ Մոնտենեգրոյի դեպքում, փոքր երկիր է, կորոնավիրուս չունեն, ԵՄ-ից գումար է ստացել, ապրանք ունեն եւ կարծում են՝ կարող են կիսվել: Սկսած Չինաստանից, ԱՄՆ-ից՝ կարելի է ստանալ օգնություն, սակայն պետք է շատ հստակ լինենք: Այստեղ ես ունեմ ձեր աջակցության կարիքը»:

Անձամբ ես չեմ հիշում մի դեպք, որ հանրապետության թիվ մեկ համաճարակաբանի պարտականություններն ստանձնած Փաշինյանն այսպես խոսեր առողջապահության համակարգի ներկայացուցիչների հետ, հստակ խնդիրներ դներ եւ գործին լծվեր ոչ թե որպես տատմեր, այլ որպես մենեջեր: Եվ պատահական չէ, որ մենք մինչ օրս չունենք կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարություն, որ մեզ հնարավորություն կտար խուսափել հախուռն, երբեմն հակասական քայլերից ու որոշումներից: Ըստ նախագահ Սարգսյանի՝ այստեղ առաջին խոսքը պետք է նախարարինը լինի, քանի որ ինքը պետք է ներկայացնի, թե որն է նախարարության եւ կառավարության ռազմավարությունը, որից բխելու է հստակ ծրագիր, իսկ ծրագրից՝ աշխատանքային ծրագրեր՝ ավելի փոքր միավորների համար՝ լինեն քաղաքներ, թե առանձին հիվանդանոցներ:

Նա կարեւորել է նաեւ այդ ամենը խելացի կերպով կառավարելու անհրաժեշտությունը. «Կառավարումը պետք է լինի ճիշտ, ժամանակին՝ ռազմավարական ծրագրին համապատասխան եւ բարձր կարգապահությամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր ռեսուրսները»:
Անկեղծ ասած՝ գայթակղությունս մեծ է Արմեն Սարգսյանի կազմակերպած այս հանդիպումը դիտարկել որպես երկրի քաղաքական կյանքում նրա ակտիվանալու փորձ, մանավանդ, որ Արսեն Թորոսյանին ուղղված նրա խոսքում հնչում են նաեւ հստակ «հանձնարարականներ» կառավարությանը՝ պարգեւատրել բժիշկներին, աչքաթող չանել այս ծանր օրերին իրենց եւ ընտանիքի անդամների կյանքը վտանգի ենթարկող քաղաքացիներին եւ այլն: Այսուհանդերձ, ես ձեռնպահ կմնամ նախագահի այս հետաքրքիր քայլը «քաղաքականացնելուց» եւ մյուսներին էլ խորհուրդ կտամ սպասել: Դեռ պետք է տեսնել, թե հանդիպման փաստին ինչպես կարձագանքեն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտված առաջին ռանգի գեներալները: