Պլյուս՝ ոչ պրոֆեսիոնալ

Պլյուս՝ ոչ պրոֆեսիոնալ

Նիկոլ Փաշինյանի ձախողված կադրային քաղաքականության մեջ, այնուամենայնիվ, մի շեշտադրում կար, որն ինձ գոնե սկզբնական շրջանում հուսադրում էր․ երիտասարդ, երբեմն նույնիսկ առավել քան երիտասարդ մասնագետներին բարձր պաշտոններ վստահելը։ Այդպիսի նշանակումների վերաբերյալ հանրային աննպաստ կարծիքը սովորաբար փոխհատուցվում էր այն ակնկալիքով, թե՝ երիտասարդ են՝ մաքուր անցյալով, անպիղծ ձեռքերով, ավելացրած դրան՝ նաեւ բարձրակարգ մասնագետներ են, ինչը գալիք փորձառության համադրմամբ նրանցից կձուլի պետական պաշտոնյայի այն տեսակը, որի կարիքը միշտ եղել է, այսօր առավել եւս՝ կա։ 

Հենց այս նկատառումներից ելնելով՝ մտովի կամ հրապարակավ չեմ փորձել որեւէ պաշտոնյայի բնութագրել նրա տարիքից կամ անփորձության հանգամանքից ելնելով․ միշտ կարծել եմ, որ անփորձությունը կոմպենսացվում է առնվազն խոր մասնագիտական գիտելիքներով, հակառակ դեպքում անիմաստ է փնտրել այն հարցի պատասխանը, թե պաշտոնեական առաջխաղացման ճանապարհին ինչի շնորհիվ են նրանք նորանոր բարձունքներ նվաճում՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում պաշտոնեական անհայտությունից վերաճելով, օրինակ, «պետական գործչի»։ 
Այդպես մտածում էի նաեւ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանի մասին։ Ինձ այնքան էլ կարեւոր չէին թվում երիտասարդ պաշտոնյայի անձնական կյանքի ինչ-ինչ մանրամասներ, մասնավորապես մամուլում քննարկվող՝ նրա հոր ո՛վ լինելու հանգամանքը։ Դրանք կարեւոր չէին․ դա կարեւոր չէր։ 

Սակայն մոտ մեկ տարի առաջ պատահաբար առիթ ունեցա հպանցիկորեն ծանոթանալու այս մարդու պրոֆեսիոնալ կարողություններին, եւ քիչ է ասել, թե հիասթափվեցի։ Ես զարմացած էի, ապշահար նրա իրավական գիտելիքների՝ գոնե այդ պահին ցուցաբերված ցածր մակարդակից։ Մարդը, իրավաբան լինելով, շուրջ մեկ տարի վիքիպեդիական հարթությունում նույնիսկ «քաղաքական եւ պետական գործիչ» իրեն հորջորջելով՝ չգիտեր իրավունքի գիտության ա յ բ ու բ ե ն ը՝ չէր տարբերում բ ն ա կ ա ն իրավունքը դ ր ա կ ա ն իրավունքից։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե, ըստ մամուլում տարածված լուրերի՝ Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ, կուսակրոն հոգեւորական Առաքել եպիսկոպոսն (ավազանի անունով՝ Էլբեկ Քյարամյան) իր հա՞յրն է, Աստծո այս անմեղ զավակը պատասխանում է․ «Կարծում եմ՝ սա պետք է դիտարկել անձնական կյանքի գաղտնիության տեսանկյունից: Յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ պաշտոնատար անձ ունի բնական իրավունքներ, բնական իրավունքները մարդուն տրվում են հենց ծննդյան պահից ի վեր: Շատ եմ ուզում, որ հասարակությունն ընկալի բնական իրավունքների առկայությունը, բացարձակ տեղին չեմ համարում մարդու անձնական, ընտանեկան կյանքի մեջ մտնելը եւ այդ համատեքստում ինչ-որ հարցեր տալը (ընդգծումն իմն է՝ Լ․ Ս․)»: 

Ինչպես ակնհայտ է մեջբերումից , բարձրաստիճան պաշտոնյան, որ Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս շրջանավարտ է, չի տարբերում բնական իրավունքը դրական իրավունքից, ասել է թե՝ չի տիրապետում այն պարզագույն գիտելիքին, որ բնական իրավունքը մարդուն ի ծնե տրված անկապտելի՝ անօտարելի իրավունքն է (կյանքի իրավունք, արժանապատվության իրավունք եւ այլն), իսկ անձնական տվյալները, այս դեպքում՝ մասնավորապես Ա․ Քյարամյանի հոր ով լինելը, որեւէ կերպ չեն առնչվում բ ն ա կ ա ն իրավունքին․ այդ տվյալների գաղտնիությունն ապահովվում է դ ր ա կ ա ն, ասել է թե՝ պետության կողմից «դրված»-գրված իրավական նորմերով՝ օրենքներով (վկա՝ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքը՝ ընդունված 2002 թ․, եւ վերջինիս փոխարինած՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը՝ ընդունված 2015 թ․, որոնցում, բնականաբար, ոչ մի հղում չկա եւ չէր կարող լինել առ այն, թե դրանց իրավական հիմքը․․․ բնական իրավունքն է)։ Այս մասին մեր երիտասարդը կարող էր տեղեկանալ իրեն «պետական գործիչ» հռչակած նույն Վիքիպեդիայից՝ «բնական իրավունք» բառակապակցությամբ որոնում տալով․ «․․․Մարդու իրավունքները եւ ազա­տությունները դիտվում են իբրեւ մարդուն ի ծնե տրված, մարդուց անբաժանելի, այլ ոչ թե պետական իշխանության շնորհած իրավունքներ»։ 

ՀԳ․ «Աննախադեպ» մեր օրերում բարձրագույն պաշտոնյան, փաստորեն, կարող է լինել ոչ միայն նոր-նոր չափահասության տարիքի հասած, ոչ միայն անփորձ, ավաղ, պլյուս նաեւ՝ ոչ պրոֆեսիոնալ։