Զինվորներից մեկը մեղքի զգացում ուներ՝ պատերազմի առաջին օրն էր վիրավորվել

Զինվորներից մեկը մեղքի զգացում ուներ՝ պատերազմի առաջին օրն էր վիրավորվել

Մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Վարդանյանն այս օրերին մի շարք հոգեբանների հետ կամավոր գրանցվել եւ աշխատում է տարբեր հիվանդանոցներում՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելով բոլոր վիրավոր զինվորներին եւ նրանց ծնողներին՝ անհրաժեշտության դեպքում նաեւ տնայցեր իրականացնելով։

Ամեն տեղ չէ, որ իրենց՝ հոգեբաններին սպասում են, այս փուլում մարդիկ հաճախ հրաժարվում են հոգեբանի օգնությունից՝ ասելով, որ պատրաստ չեն խոսել։ Նման իրավիճակներում սովորաբար թողնում են իրենց հեռախոսահամարը, որպեսզի հետո հարկ եղած դեպքում կապ հաստատեն։ Լ․ Վարդանյանն ընդգծում է՝ իրենց աշխատանքն այնքանով է օգնում, որ զինվորների հոգեբանական խնդիրները թեթեւացնելով՝ ֆիզիկական մակարդակում նրանց ապաքինումն էլ է արագ լինում։
«Ծնողներ կան, որ ուրախանում են, ասում են՝ ինչ լավ է, որ մեր զինվորի կողքին եք։ Իրենց համար դա կարծես մի փոքրիկ հույս է, որ մեր կողմից աջակցություն են տեսնում»,- ասում է Վարդանյանն ու ոչ պակաս կարեւոր համարում հոգեբանի հոգեբանական վիճակը, մինչեւ դիմացինին օգնություն ցուցաբերելը․ «Պատերազմն ինքն իրենով չարիք է եւ մարդու հոգեկանում ստեղծում է անպաշտպան լինելու զգացողություն, եւ այդ առումով առաջին հերթին հոգեբանն ինքն իրեն պետք է բացասական ինֆորմացիայից մաքրի։ Պետք է քո հոգեկանը վնասված չլինի, որ կարողանաս քո ռեսուրսն օգտագործել իրենց օգնելու համար»։

Հետաքրքրվում եմ՝ հե՞շտ են կոնտակտի գնում զինվորները, ինչի՞ մասին են ավելի հաճախ խոսում։ «Ստեղծում ենք այդ վստահության դաշտը, որից հետո զրույցի են բռնվում։ Մենք օգնում ենք, որ իրենց ապրումները, բացասական հույզերը, որը պատերազմն է թողնում, մարդը կարողանա ինչ-որ ձեւով դուրս բերել, որպեսզի հետագայում դա ավելի խորը բարդությունների չբերի եւ չհանգեցնի հետտրավմատիկ սթրեսային խանգարումների։ Իսկ դուրսբերման միակ ուղին՝ որ ինքը պատմի, այդ բացասական ապրումները, էմոցիաները դուրս գան, եւ այդ պահին իրեն մի քիչ ավելի թեթեւացած զգա»,- ասում է նա ու նկատում, որ եթե զինվորի կողմից մերժում են ստանում, այդ դեպքում նրան մոտ կանգնած «ռեսուրսների» հետ են աշխատում՝ մոր, եղբոր, քրոջ, ընկերուհու, որոնց միջոցով միջնորդավորված էլի օգնում են զինվորին․ «Մենք նրանց բացատրում ենք, որ իրենց ճիշտ պահեն եւ այդ ձեւով օգնեն իրենց հարազատին, որովհետեւ, եթե հարազատը լացի կամ խուճապի մատնվի, այդ բացասական էմոցիաները կփոխանցվեն առանց այդ էլ վնասված ու վիրավոր զինվորին, որը հեչ լավ տեղ չի հասցնի զինվորին»։

Թե մինչ այս պահն ինչ խնդիրներ են դուրս բերել զինվորների հետ հոգեբանական աշխատանքում, հոգեբանը նկատում է, որ իրենց աշխատանքը կոնֆիդենցիալ է, եւ իրավունք չունի խնդիրների մասին բարձրաձայնելու, բայց աշխատանքը միտված է այն բանին, որ պատերազմի հետեւանքով առաջացած ապրումներից ազատեն մարդկանց՝ լինի զինվոր, թե զինվորի մայր․ «Զարմանալիորեն, մեր տղաների մարտական ոգին բարձր է, բնականաբար, չենք բացառում՝ եւ կլինեն պատերազմից հետո հետտրավմատիկ սթրեսներ, երբ կրկնվող երազներ էլ, ձայներ ու պատկերներ էլ կտեսնեն։ Դրանք բնական հակազդումներ են, որ կարող են լինել, բայց, որպես հոգեբան, ես զարմացել եմ 18-20 տարեկան տղաների հոգու ամրության վրա, որը մեկը մյուսին փոխանցում են եւ իրար սատար են կանգնում։ Այն բանի վրա, որ, լինելով վիրավոր, ինքը մտածում է ընկերոջ մասին, տղերքին գտնելու մասին, օր առաջ լավանալու ու ընկերներին հասնելու մասին։

Նույնիսկ մի տղա մեղքի զգացում ուներ, նա պատերազմի հենց առաջին օրն էր վիրավորվել՝ ամսի 27-ին, ու ինքն իրեն անընդհատ մեղադրում էր, որ ինչու հենց ամսի 27-ին վիրավորվեցի եւ չեմ կարողանում տղերքի կողքին լինել։ Այսինքն՝ ավելի շատ ես հերոսական պատմությունների եմ հանդիպել, անգամ տեսել եմ, երբ պալատում մեկն իրեն մի քիչ լավ է զգում, մյուսներին սենյակում տիրություն է անում, հոգ տանում, մեկը մյուսին կերակրում։ Տեսել եմ տարիքով զինվորի, որը 18-20 տարեկան զինվորների համար եղանակ է ստեղծում․ բարոյահոգեբանական մթնոլորտը բարձրացնում է, անկեդոտներ է պատմում, որ հանկարծ անկումային տրամադրություն չունենան։ Այս պատմությունները շատ մեծ ուժ են։ Եղել է, որ մտել եմ պալատ եւ չեմ հասկացել, թե որը որի մաման է, մի մայրը մնացած բոլորին խնամում է եւ տարբերություն չի դնում՝ իր երեխան է, թե՝ ուրիշի։ Այսպիսի պատմություններն իսկապես հուսադրող են եւ մեզ տալիս են այն վստահությունը, որ այս ազգին հաղթել չի լինի»։

Լիլիթ Վարդանյանն աշխատում է նաեւ վիրավոր զինվորների ծնողների հետ․ «Նրանք կարողանում են իրենց հավաքել եւ իրենց երեխայի մոտ ցույց չտալ  արցունքները, տագնապած վիճակը։ Փառք են տալիս Աստծուն, որ իրենց տղան վիրավոր, բայց իրենց կողքին է։ Նաեւ հոգեբանի հետ աշխատելու ընթացքում նախ ասում են՝ մենք ի՞նչ կարող ենք անել, դուք մեզ ասեք՝ ոնց մեզ պահենք, որ մեր տղան ավելի արագ առողջանա։ Մեզ ընդառաջ են գնում, չի եղել, որ մոտենաս ծնողին, ու քեզ մերժի, ասի՝ չեմ ուզում հոգեբան։ Ծնողները շատ լավ հասկանում են, որ հիմա թե՛ իրենք, թե՛ իրենց տղաները հոգեբանի կարիք ունեն»։

Հոգեբանական առումով ի՞նչ նշանակություն ունեն նաեւ տարբեր կարգախոսները, որոնք հեշթեգերով շրջանառվում են համացանցում։ Դրանցից ակնառուն #Հաղթելու ենք հեշթեգն է, որ հոլովվում է տարբեր ժամանակներով՝ #հաղթում ենք, #հաղթել ենք։ «Դա ուղիղ, դիրեկտիվ ներշնչանք է, երբ կոնկրետ ուղիղ ասում ես՝ դու կարող ես, դու անպարտելի ես, դու կարող ես հաղթել։ Սրանք կոնկրետ ներշնչանքի ձեւեր են։ Կարող է լինել նաեւ անուղղակի ներշնչանք, օրինակ՝ երբ ինչ-որ մեկի նամակն ես ներկայացնում, ցույց ես տալիս հերոսական պատմություններ, երբ ընկերն անձնազոհ է եղել ու փրկել է իր ընկերներին․ դրանք արդեն անուղղակի ներշնչանքի ձեւեր են, երբ ուղղակիորեն չես ասում՝ դու հաղթում ես»,- ասում է Լ․ Վարդանյանը, ում կարծիքով՝ լավ կլիներ, որ բոլոր պաշտոնատար անձանց հետ էլ հոգեբաններ աշխատեին, որոնք պաշտոնական հաղորդագրություններ կամ ելույթներ են ունենում, եւ օգտագործվեր ճիշտ եւ տեղին բառամթերք․ «Լավ կլիներ՝ նաեւ քաղաքական հոգեբաններ աշխատեին նման տեքստերի վրա, որպեսզի բացասական տրամադրություններ, խուճապ չառաջանային»։