Հաշվի նստենք առաջարկությունների հետ
Այս օրհասական օրերին մեզ ավելի քան անհրաժեշտ է հաշվի առնել եւ ըմբռնումով մոտենալ հասարակական գործիչների, գիտնականների, մտավորականների` մեր ավագ սերնդի կարծիքին, որոնք ուղղված են հասարակության միավորմանը։
Այսօր թաքնվելու ժամանակը չէ, յուրաքանչյուր մարդ, ով ունի կյանքի մեծ փորձ, կարող է ներկայացնել հասարակության միավորման ու համախմբման իր առաջարկը, կարող է պաշտպանել ցանկացած խելոք առաջարկություն՝ առանց թիրախավորելու հեղինակին ու թայֆաբազության։
Ելնելով ներկա իրավիճակից՝ առաջարկում եմ.
1. Մի քանի օր առաջ 14 կուսակցությունների կողմից արված հայտարարությունը` հանրապետության նախկին ղեկավար աշխատողների ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ ստեղծելու մասին, կարծում եմ՝ կնպաստի, որ մեր ազգն ավելի կազմակերպված դիմակայի ոսոխին։ Կառավարման շտաբն ինչ կարգավիճակով եւ ֆունկցիայով պետք է իր գործունեությունը ծավալի, կարծում եմ՝ իրենց քննարկման խնդիրն է, բայց որ պետք է լսել կառավարման մեծ փորձ ունեցող մարդկանց կարծիքը, կարծում եմ՝ բոլորն են համոզված, քանի որ այն համակված է Արցախի եւ Հայաստանի ճակատագրի հանդեպ հայ ժողովրդի խորը մտահոգությամբ։ Այս ֆորմատով աշխատանքը պետք կլինի նաեւ պատերազմի եւ վարակի վնասները չեզոքացնելու ու երկիրը ոտքի կանգնեցնելու համար։
2. Հասարակության միավորման լավագույն ձեւերից է նաեւ այսօր պետությունում մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերի ժամանակավորապես դադարեցումը։ Օրինակ, լիովին անհասկանալի է այս օրերին կալանքի տակ գտնվող բարերար Գագիկ Ծառուկյանի հանգամանքը, միթե պարզ չէ, որ ինքը հիմա ժամ առաջ պետք է գտնվի ազատության մեջ։ Նույնը՝ նաեւ քրեական գործերով կալանքի տակ գտնվող մարդկանց պարագայում, որոնք հիմա շատ ավելի օգտակար կլինեն բոլորովին այլ ճակատում։
3. Ողջ սփյուռքահայության աշխատանքները ճիշտ կոորդինացնելու համար ժամանակն է, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն իր աշխատանքները կոորդինացնի հայ եկեղեցու, արտաքին գործերի նախարարության, կուսակցությունների եւ սփյուռքի կազմակերպությունների հետ, եւ հստակ ամբողջ աշխարհի հայության ցույցերն ու միտինգներն ուղղված լինեն մի նպատակի` կանգնեցնել ադրբեջանաթուրքական ու նրանց կողմից վարձված մարդասպանների ագրեսիան, որի միակ լուծման ճանապարհն Արցախի ինքնորոշման իրավունքն է։
Վալտեր ՄԱՐՈՒԹՅԱՆ
ՄԱԿ բարձրաստիճան դիվանագետ
Կարծիքներ