Չէր խանգարի նաեւ գրագիտությունը

Չէր խանգարի նաեւ գրագիտությունը

Արցախում պետական գրանցում ունի արդեն 27 կուսակցություն: Եւ բոլորը, կարծես, մասնակցելու եւն խորհրդարանական ընտրություններին: Համենայն դեպս, ոչ մի քաղաքական ուժ հակառակը փաստող հայտարարություն չի արել: 2017թ. նոր սահմանադրությունը ԱԺ ընտրությունների միայն համամասնական ընտրակարգ է նախատեսում: Այն դեպքում, երբ կառավարությունը միանձնյա կազմավորում եւ գործադիր իշխանությունը լիովին տիրապետում է Հանրապետության նախագահը, համամասնական ընտրակարգի իմաստը մնում է անհասկանալի. եթե կուսակցությունը, ստանալով խորհրդարանում նույնիսկ որակյալ մեծամասնություն, կառավարություն կազմավորելու, սոցիալ-տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականություն իրականացնելու ոչ մի լծակ չունի, ապա ո՞րն է Ազգային ժողովում նրա ներկայացվածության իմաստը: Նախագահական-ուղղաձիգ կառավարման պայմաններում, թերեւս, ընդունելի կլիներ մեծամասնական ընտրակարգը, երբ քաղաքացին հնարավորություն կունենար ուղղակիորեն ընտրելու օրենսդիր մարմնում իր ներկայացուցչին, որն էլ խորհրդարանական գործունեությամբ կառաջնորդվեր ստացած պատվիրաններով: Բայց ունենք այն, ինչ ունենք: Եւ ընդամենը մեկ ամիս առաջ պետական գրանցում ստացած քաղաքական ուժը հնաբնակների հետ հավասար հնարավորություն է ստանում ներկայացված լինելու Ազգային ժողովում: Ինչպես ասում են՝ նավից՝ պարահանդես: Սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի դեմ ոչինչ չես անի, չկա արգելք, ուրեմն՝ բարի՜ երթ դեպի ընտրապայքար: Եւ սոցիալական ցանցերը հեղեղվում են ամենաէկզոտիկ գրառումներով: Մեկը խոստանում է «վերադարձնել ժողովրդից թալանածը»: Մյուսը ղարաբաղյան կարգավորումը տեսնում է «պատմական Ուտիքի եւ Գարդմանքի ազատագրմամբ»: Երրորդն առհասարակ հռչակագրում է «Արեւմտյան Հայաստանի ազատագրում եւ միացյալ Հայրենիքի կերտում»:

Նախընտրական շրջան է, խոստումները հորդում են: Բայց շատերին պակասում է տարրական գրագիտությունը: Նորաստեղծ քաղաքական ուժերից մեկի ղեկավարն, օրինակ, հայտարարելով, որ նախագահական ընտրապայքարին չի մասնակցի եւ կուսակցական որոշմամբ ոչ մեկին չի սատարի, այնուամենայնիվ հարկ է համարում տալ երկրի ղեկավարի կերպարի իր ընկալումը. «Ուժեղ նախագահն Արցախի ապագա մարտահրավերների երաշխավորն է»: Մարդը լսել է «մարտահրավեր» եւ «երաշխավոր» բառերը, ուզում է ասել, որ Արցախը պետք է ընտրի ուժեղ նախագահ, որպեսզի դիմագրավի մարտահրավերները, բայց ստացվում է ճիշտ հակառակը: Հիմա արի եւ բացատրի, որ քաղաքականությունը նախ գրագետ ձեւակերպված խոսք է: Նա քեզ չի լսի, որովհետեւ ներշնչված է սեփական կենսագրությամբ եւ այն համոզմունքով, որ նախընտրական փուլում ամեն ինչ արդարացված է, եթե նպաստում է անպատճառ խորհրդարանում հայտնվելու իր կապույտ երազանքի իրականացմանը: Թե «գրագիտության» այդ պաշարով Ազգային ժողովում ինչպե՞ս է աշխատելու՝ դա նրան  չի հուզում: Եւ նա, ցավոք, միակը չէ: «Մտքի գոհարների» մրցապայքար է սկսվել, որի քաղաքական օգուտը չնչին է, հասցրած բարոյա-քաղաքակրթական վնասն՝ ահռելի: Մնում է ապավինել հանրության, ընտրողի ողջախոհությանը: Թե չէ կկրնվի 20-ամյա վաղեմության ողբերգա-զավեշտական պատկերը, երբ պետության ղեկավարի պաշտոնին հավակնող անձն ասում էր. «Ես չեմ ուզում դառնալ հայության նոխազ»: