Փաշինյանի նոր բանաձեւը. «Հայաստանը մի սեփականատեր ունի, եւ այդ մեկը ես եմ»

Փաշինյանի նոր բանաձեւը. «Հայաստանը մի սեփականատեր ունի, եւ այդ մեկը ես եմ»

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2023-ի 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտերկիր է ուղարկվել 3 միլիարդ դոլարի հասնող գումար: Ճիշտ է` Հայաստան մտած գումարի չափը դեռ գերազանցում է երկրից դուրս եկածին, բայց անցած տարվա համեմատությամբ երկիր մտնող գումարը նվազել է, իսկ դուրս եկածը՝ կրկնապատկվել: Այլ կերպ չէր էլ կարող լինել. անկայունության եւ անվստահության մթնոլորտում որեւէ բանական մարդ չի կարող իր գումարը եւ ունեցվածքը պահել Հայաստանում: Խոսքը միայն արտաքին անկայունության մասին չէ, որն առաջացել է երկրի անվտանգությունը եւ նրա քաղաքացիների կյանքն ու ունեցվածքի պաշտպանությունն ապահովելու իշխանությունների անկարողության պատճառով: Իշխանությունը եւս իր գործունեությամբ ստեղծում եւ հրահրում է ներքին անկայունություն՝ դրանով խարխլելով երկրի ներքին անվտանգությունը:

Վերջերս ծանոթներիցս մեկը տագնապած պատմում էր, որ արդեն երեք ամսից ավելի է՝ փորձում է վաճառել բնակարանը, ցանկություն ունի հեռանալ Հայաստանից, սակայն չի կարողանում: Այդ ընթացքում ամեն ամիս գինն իջեցրել է 10 հազարական դոլարով, դիմել է մի քանի բրոքերական ընկերությունների, սակայն ապարդյուն, ոչ միայն գնորդ չի հայտնվել, այլեւ նույնիսկ հարցնող եւ հետաքրքրվող չկա: Բրոքերներն ասում են, որ Հայաստանում բնակարանային շուկան լճացել է, շատերն են ուզում բնակարան վաճառել՝ երկրից հեռանալու նպատակով, բայց վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները: Երբ սրա մասին խոսեցի իշխանության մի բարձրաստիճան ներկայացուցչի հետ՝ նրա կարծիքը իմանալու համար, նա ասաց, որ իսկապես վիճակը մտահոգիչ է, եւ առաջիկա ամիսներին անշարժ գույքի շուկայի փուչիկը կարող է պայթել՝ իր հետ հօդս ցնդեցնելով Հայաստանի ամբողջ տնտեսությունը: Ըստ զրուցակցիս, արդեն գարնանը կարող է բնակարանի գների կրկնակի անկում լինել, եւ դրանից իշխանություններն ավելի են վախենում, քան նույնիսկ Արցախի հանձնումից, որովհետեւ սոցիալական ցնցման հետեւանքները կարող են կործանարար լինել:

Նման վիճակը չպետք է համարել զարմանալի կամ անկանխատեսելի, սա Փաշինյանի իշխանության գործունեության անմիջական հետեւանքն ու արդյունքն է: Մարդիկ ցանկանում են օր առաջ ազատվել իրենց սեփականությունից, որովհետեւ վաղն այդ սեփականությունը կարող է այլեւս իրենցը չլինել` Փաշինյանը կարող է այն խլել իրենցից: Ժամանակակից քաղաքակրթությունը կամ, այսպես կոչված, կապիտալիստական հասարակարգը ձեւավորվել է սեփականության «սրբազան եւ անձեռնմխելի» լինելու սկզբունքի վրա: Լիբերալ գաղափարախոսության հիմնադիրները համարում էին, որ սեփականության անձեռնմխելիության սկզբունքի ամրագրումն օրենսդրորեն պետք է մարդկանց մոտ մոտիվացիա ստեղծի՝ աշխատելու եւ արարելու, ստեղծելու նոր արժեք, ինչը կդառնա տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Մարդը շահագրգռված կլինի ստեղծել, եթե վստահ լինի, որ իր ստեղծածը չի խլվի պետության կամ այլոց կողմից: Սա իսկապես աշխատեց, ինչի վկայությունը 17-րդ դարից սկսած Եվրոպայում, իսկ ավելի ուշ՝ ԱՄՆ-ում սկսած տնտեսական զարգացումն էր: Հայաստանը հիմա գնում է այդ սկզբունքի դեմ, արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
Ի՞նչ տեղի ունեցավ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո. նա, ըստ էության, հայտարարեց, որ բոլոր մարդկանց սեփականությունը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, եւ քանի դեռ մարդը չի ապացուցել իր սեփականության օրինականությունը, այն չի համարվում իրենը եւ ենթակա է առգրավման: Քաղաքացիների մի մասը, չհասկանալով այդ սկզբունքի վտանգավորությունը կամ մտածելով, որ դա առնչվելու է միայն հարուստներին, ումից Փաշինյանը խլելու բան ունի, ողջունում են կամ առնվազն անտարբեր են սեփականության վերաբաշխման այս պրոցեսի նկատմամբ: Բայց անգրագիտությունը կամ տգիտությունը մարդուն չի ազատում պատասխանատվությունից, եւ դրա ապացույցները բազմաթիվ են: Երբ երկրում սկսվեն ֆինանսատնտեսական քաոս եւ ճգնաժամ, փակվեն բազմաթիվ ձեռնարկություններ, շինարարությունը կանգնի, եւ դրա հետ միաժամանակ կանգնեն տնտեսության բազմաթիվ այլ հարակից ճյուղեր, դրա հետեւանքներն առաջին հերթին իրենց վրա զգալու են բանվորներն ու շարքային աշխատողները, ովքեր դառնալու են գործազուրկ եւ գումար չեն ունենալու իրենց օրվա ապրուստը հոգալու համար, իսկ հարուստները հաստատ կապրեն եւ կհաղթահարեն դժվարությունները` իրենց կուտակած ունեցվածքի հաշվին:

Ո՞վ պետք է բնակարան կամ սեփականություն գնի մի երկրում, որտեղ ցանկացած պահի կարող է հայտնվել փաշինյանական դատախազության որեւէ ներկայացուցիչ եւ հայտարարել, որ այդ բնակարանը կամ արտադրամասն այլեւս իրենը չէ, ենթակա է բռնագրավման` հօգուտ պետության: Իհարկե, որեւէ բանական մարդ նման հիմարություն չի անի, եթե, իհարկե, նա իշխանության ներկայացուցիչ չէ եւ չի համարում, որ իր սեփականությունը պաշտպանված է, քանի որ ինքը հնազանդորեն ծառայում է Փաշինյանին եւ կատարում է նրա բոլոր հրահանգները, անգամ՝ ապօրինի: Բայց նույնիսկ փաշինյանական իշխանության ներկայացուցիչների համար ամեն ինչ կարող է ավարտվել, եթե Փաշինյանը որոշի հրաժարվել նրանց ծառայություններից կամ ցուցադրական պատիժներ սահմանել նրանց նկատմամբ, որ մյուսներն ավելի հնազանդ ծառայեն: Նման դեպքեր եւս հայտնի են, եւ այդ դեպքում եւս իշխանավորի կուտակած հարստությունը մի քանի ժամում կդառնա ապօրինի ծագում ունեցող: Դրա համար որեւէ մեկի սեփականությունը երկրում ապահովագրված չէ իշխանության կամայականությունից եւ ոտնձգությունից, եւ դրա համար մարդիկ փորձում են հնարավորինս արագ վաճառել իրենց ունեցվածքը: Կանխիկ գումարը հնարավոր է դուրս տանել, իսկ բնակարանը կամ գործարանը` ոչ:

Թվում է, թե Փաշինյանը գտել է ամբողջ երկրի եւ նրա բոլոր քաղաքացիների ունեցվածքին տիրանալու բանալին, նա հասել է «Հայաստանը մի մարդու սեփականությունն է, եւ այդ մեկ մարդը ես եմ» բանաձեւի գործնական կիրառման վերջնակետին: Բայց տնտեսությունն ունի իր օրենքները, եւ երբ սկսվի տնտեսական փլուզումը, ո՛չ փաշինյանական դատախազությունը եւ ո՛չ էլ որեւէ այլ կառույց այն չեն կարողանալու կանգնեցնել: Վատն այն է, որ դրա փլատակների տակ մնալու է ոչ միայն Փաշինյանը, այլեւ ամբողջ երկիրը:

Ավետիս Բաբաջանյան