ՀՀԿ-ի ժամանակներին երանի կտաք

ՀՀԿ-ի ժամանակներին երանի կտաք

Ազգային ժողովն օրերս ընդունեց ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ ընդունելու մասին նախագծերի փաթեթը, որով համայնքների հերթական խոշորացումը տեղի ունեցավ։ Դրա արդյունքում մինչեւ տարվա վերջ երեք փուլով նաեւ տվյալ խոշորացված համայնքներում նոր ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։ ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն երեք տարբեր ժամանակահատվածներում՝ հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին։ Այս պահին ԿԸՀ կայքում տեղադրված է միայն այն համայնքների ցանկը, որոնցում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերին եւ նոյեմբերին։ Դեկտեմբերի մասով դեռեւս նշանակված չէ ընտրության օրը, սակայն հայտնի է, որ այն լինելու է դեկտեմբերի 5-ին։ Խոշորացված համայնքների մեծ մասում՝ 38 համայնքում, դեկտեմբերի 5-ին են անցկացվելու ընտրությունները։

Այսպիսով, հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում, Սյունիքի մարզի Տեղ, Տաթեւ, Գորիս, Մեղրի խոշորացված համայնքներում, Շիրակի մարզկենտրոն Գյումրիում, որը չի խոշորացվել, նոյեմբերի 14-ին՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Սյունիքի մարզկենտրոն Կապանում եւ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում։ Իսկ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Աշտարակ, Ապարան, Թալին, Արեւուտ, Մեծաձոր, Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծաձոր, Վաղարշապատ, Փարաքար, Գավառ, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Նոյեմբերյան համայնքներում։
Նշենք, որ այս բոլոր համայնքներում էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել։

Իշխանությունները հույս ունեն այս ընտրություններով վերջնականապես «գրավել» նաեւ այն համայնքները, որոնցում ղեկավարները ՔՊ-ականներ չեն, ուստի իրենց իշխանության վերահսկողությունից դուրս են եղել եւ բազմաթիվ խնդիրներ առաջացրել իրենց համար։ Մարզերում նախընտրական թոհուբոհին հետեւողներից մեկը` Վարուժան Բաբաջանյանը, գրել էր. «Եթե մակերեսային ծանոթ լինեք ՏԻՄ ընտրություններից առաջ մարզպետներ-իրավապահներ-տասովչիկներ-ձայն բերողներ շղթայի մեթոդներին, ՀՀԿ-ի ժամանակները ձեզ համար դեմոկրատիայի ծաղկման տարիներ կթվան։ Էս ո՞վ եք դուք, արա...»: