Փողոցում միջոցառումներ անողներն ընտրություններով եկան պառլամենտի դահլիճ, որտեղ դարձան ավելի հեշտ կառավարելի

Փողոցում միջոցառումներ անողներն ընտրություններով եկան պառլամենտի դահլիճ, որտեղ դարձան ավելի հեշտ կառավարելի
Միքայել Մելքումյան

Նախ դոլարն աճեց՝ գները բարձրացան, հետո իջավ, գները մնացին նույնը՝ բարձր։ 9-ամսյա ահռելի գնաճ` 9,9% պարենային ապրանքների գծով: Ըստ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ «ընտրվել է ամենասխալ եւ հեշտ ճանապարհը։ Կարո՞ղ է հաջորդ քայլով էլ կոմունիզմ կառուցելու որոշում ընդունվի»։ ԱՎԾ-ն տալիս է․ սպառողական գների 6․7 տոկոս գնաճ։ Ամենաբարձր թանկացումները բուսական յուղի շուկայինն են, որտեղ մինչեւ 100 տոկոս գնաճ կա։ Մենք գնաճի, արտարժույթների փոխարժեքի անկման մասին խոսել ենք ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ։

- Դրամը վերջին շրջանում արժեւորվում է։ Կարծում եք՝ արհեստակա՞ն է պահվում։

- Եթե հիշում եք` նախորդ ԱԺ-ում, երբ ԿԲ նախագահը հաղորդում էր ներկայացրել 7-րդ գումարման վերջին, կոնկրետ հարց տվեցին․ եթե հիշում եք՝ դոլարի կուրսն աճել էր 480-540։ Մոտ 20 օր անընդհատ աճում էր։ Էդ պահին ԿԲ նախագահը գտնվում էր արձակուրդում։ Հարց եմ տալիս պլենար նիստում, որ անընդհատ աճում է, ի՞նչ եք անում, ու հետո կտրուկ սկսեց իջնել։ Բայց չէ՞ որ այդ աճը հանգեցրեց նրան, որ ապրանք վաճառողները սպառողական ապրանքների գները բարձրացրին։ Դա գարնանն էր, հիմա, որ կուրսը հետ իջավ, բայց գները մնացել են նույնը։

- Ձեր կարծիքով՝ արհեստական գնա՞ճ արեցին։

- Չէ, բայց ներկայացնեմ, թե ինչ ստացվեց։ Կան փուլեր, երբ երկիր վալյուտա քիչ է մտնում, զբոսաշրջիկ քիչ է գալիս, բայց, այո, տեղեր կան, որ անհասկանալի է աճելն ու իջնելը սրընթացությամբ։ Դա նշանակում է՝ ԿԲ-ն միջամտում է, բայց` մասամբ։ Հիմա կոնկրետ այս իջնելը մասամբ պայմանավորված է պղնձի գների աճով։ Այսինքն՝ նախորդ 6-7 տարիների ընթացքում պղնձի գինը լոնդոնյան բորսաներում եղել է մոտավորապես 5․5-6․5 հազար դոլար։ Հիմա դարձել է 10 հազար։ Իսկ ամեն մի 1000 դոլար աճը լրացուցիչ մեկ միլիոն տոննա հանքանյութի հաշվով բերում է 3․5 միլիոն դոլարի աճի՝ 3,5 միլիոնի։ Մենք արդյունահանում ենք մոտ 50 միլիոն տոննա։ 50 միլիոն անգամ 3․5 միլիոն, անում է մոտ 150 միլիոն դոլար+էդ 5000-ից 10000։ Այսինքն՝ տարեկան կտրվածքով մոտ 800 միլիոն դոլարի լրացուցիչ վալյուտա է մտնում երկիր։ Սա աննախադեպ է։ Այսինքն՝ դոլարի իջնելու մի մասը պայմանավորված է երկիր մտնող  լրացուցիչ դոլարով։ Իսկ ԿԲ-ն այդ ժամանակ մտնում, շուկայից դոլար է առնում, պահուստավորում։ Բայց այսքան կտրուկությունը բիզնեսի համար լուրջ դժվարություններ է առաջացնում։ Այսինքն՝ ապրանք ներկրողներն ի՞նչ արտարժույթով առնեն, ի՞նչ անեն` սպասե՞ն, չսպասե՞ն․ սա լուրջ խնդիրներ է առաջացնում։ Այսինքն՝ մասամբ կա նաեւ ԿԲ-ի միջամտության արդյունքը։

- Այսինքն՝ դոլարի, եվրոյի փոխարժեքների տատանումից սպառողական գներն աճում են, իջնելուց հետո մնում են նույնը, եւ երկրում անընդհատ գնաճ է արձանագրվում։

- Այո։ Եվ նաեւ այն, որ երբ արժեւորվում է դրամը, խթանվում է արտահանումը։ Եվ դա նաեւ վարչական միջամտության կոմպոնենտ էլ է պարունակում։ Հիմա տեսնենք՝ վերջին 1 շաբաթվա ընթացքում դրամն անընդհատ արժեւորվում է, հիմա ես զգում եմ, որ նորից հետ պետք է գնա։ Չեմ բացառում, որ իրենք իջեցնում են, ինչ-որ գործարք են անում, մարդիկ կարան սրա վրա լուրջ գումարներ աշխատել, որովհետեւ ո՞վ գիտի բարձրանալն ու իջնելը` միայն Կենտրոնական բանկը։ Ես չեմ պնդում, բայց չեմ էլ բացառում։

- Արտախորհրդարանական ընդդիմությունը մեղադրում է խորհրդարանականին տարբեր բաներում` անբովանդակ, անվճռական ընդդիմություն լինելու մեջ։ Նման մեղադրանքներ հնչում են նաեւ նախկին ԲՀԿ-ականներից ու ԼՀԿ-ականներից։  Ձերոնցից ոմանք ասում են՝ հենա, մենք էլ էինք քննադատում։

- Ես առանձնապես չեմ համարում, որ շատ արդիական է, թե ընդդիմությունն այնտեղ ինչ է անում։ Հիմա մի բան ակնհայտ է․ ընտրությունների արդյունքներով քաղաքական ճգնաժամը չհաղթահարվեց։  Բայց ի՞նչը հաղթահարվեց։ Հաղթահարվեց էն, որ  փողոցում միջոցառումներ անողները եկան պառլամենտի դահլիճ, եւ, պայմանական ասած՝ էդ դահլիճում իրենք ավելի հեշտ կառավարելի են։ Լավ, մի երկու անգամ էլ շիշ կշպրտեն, մի քիչ կոշտ կամ մեղմ կխոսեն, բայց փողոցում պրոցես էլ չկա։ Այսինքն՝ փողոցից պրոցեսը եկավ պառլամենտի դահլիճ։

- Բայց Սերժ Սարգսյանն օրերս խոսեց փողոց դուրս գալու մասին․․․

- Հասկանալի է, բայց որ դուրս գան, ի՞նչ է լինելու` հաշվարկե՞լ են, նույն բանն է լինելու, ինչ նախկինում։ Արդյունավե՞տ է լինելու, ինչ որ է, էս պահի դրությամբ փողոցային պայքար չկա։ Պայքարը տեղափոխվել է պառլամենտի դահլիճ։ Հիմա եթե գնալու են էնտեղ աշխատանքային կամ հարկային օրենսգիրք քննարկեն, տարբեր որակումներ տալուն զուգահեռ, էդ էլ է անհասկանալի։ Միայն այն է հասկանալի, որ երկրում փողոցի միջոցով իշխանափոխություն չի լինում, ոչ էլ ընտրությունների միջոցով։ Ես ընդդիմությանը, որն ասում է, որ մենք կորցնում ենք պետականություն, հարց եմ տալիս՝ բայց դրա համար ի՞նչ է պետք անել` գալ պառլամենտի դահլիճ ու քննարկել կառավարության օրակարգով թելադրված հարցե՞րը, թե՞ ինչ անել։ «Թե ինչ անելը» ես չեմ տեսնում:

- Իսկ դուք՝ որպես ԲՀԿ, «թե ի՞նչ էիք անում»։

- Մենք ի՞նչ էինք անում, մենք դրա համար պատերազմից հետո հիմնականում բոյկոտում էինք։ Պառլամենտի դահլիճում չէինք քննարկում, որովհետեւ չի կարելի մի կողմից ամենակոշտ գնահատականները տալ, մյուս կողմից գնալ, ասել՝ ես եկել եմ քո հետ Աշխատանքային օրենսգիրք քննարկելու։ Մենք քաղաքական հայտարարություններ էինք անում, գնում 17-ի ձեւաչափի միտինգների մասնակցում։

- Բայց առաջիններից մեկը Գագիկ Ծառուկյանն ասաց, որ գնում է արտահերթ ընտրությունների եւ միայնակ։

- Որ պետք է արտահերթ ընտրություններ լինեին, միանշանակ էր, որովհետեւ հետպատերազմյան փուլում կար ճգնաժամ։ Մենք կարող էինք հանգիստ նստել մեզ համար, ոչ էլ պահանջել։ Օբյեկտիվությունը պահանջում էր, որ պահանջեինք գնալ արտահերթի՝ անկախ արդյունքներից։ Դա ճիշտ էր` մեկ։ Եվ երկրորդ․ ինչ վերաբերում է արդյունքներին, թե ինչ եղավ, ապա հասարակությունը չգնաց ծրագրային, բովանդակային ընտրության։ Դաշտը բաժանվեց սեւ ու սպիտակի, այսինքն՝ բալանսավորված, 3-րդ, 4-րդ ուժերի ներկայությունը հասարակությունը չընդունեց։ 

- Այդ ընտրություններից մի քանի ամիս է անցել, ու ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն գրեթե չի մասնակցում։ Դուք քանի՞ քաղաքում եք առաջադրված։

- Էս պահի դրությամբ գիտեմ, որ Ստեփանավանում պետք է մասնակցենք, մյուսների մասին վերջնական որոշում դեռ չկա։ Ինչ վերաբերում է նախորդ հարցին, որ ասում եմ՝ ընդդիմության աշխատանք, դրա համար նախ պետք է պրոցեսը հասունացնել եւ երկրորդ՝ հասունացնելու համար պետք է ոչ ստանդարտ ջանքեր գործադրել։ Որովհետեւ այս պահին ընկալվում է 2 բան՝ գործող իշխանություն, նախկիններ։ Դրա արդյունքն այն է, ինչ ունենք։