Միշտ էլ մեր սպառազինությունը լրջորեն զիջել է հակառակորդի սպառազինությանը

Միշտ էլ մեր սպառազինությունը լրջորեն զիջել է հակառակորդի սպառազինությանը

Նիկոլ Փաշինյանի վերջին հեռուստաուղերձը ծանր տպավորություն է թողել բոլորի, անգամ նրա ամենաերդվյալ քաղաքական համակիրների վրա։ Մարդիկ շոկի մեջ են, մինչ օրս հաղթական հռետորաբանությանը փոխարինել են պարտվողական, անկումային տրամադրությունը, մեղադրանքները, դասալիքների եւ հանրային պարսավանքի մասին կոչերը։

Փաստենք, որ այդ ուղերձում վարչապետն առաջին անգամ օգտագործեց «կապիտուլյացիա», «ցավոտ փոխզիջումներ» բառերը, հայաստանցիներին մեղադրեց «թասիբ» չունենալու մեջ, իսկ Հայաստանից հեռացածներին գովեց, քանզի սփյուռքում «թասիբը եռում է»։ Մոտ մեկ ամիս պատերազմական լրահոսում «լսում ենք միայն Արծրուն Հովհաննիսյանին» սկզբունքով, փաստորեն, մարդկանց գլխի տակ փափուկ բարձ են դրել, համոզել, որ հաղթելու ենք, հիմա, պարզվում է՝ իրերի իրական դրությունն էականորեն տարբերվում է մինչ օրս ներկայացրածից, եւ մարդիկ չեն հասկանում, թե ինչն ինչպես եղավ։ Մենք Փաշինյանի ելույթի մասին փորձեցինք լսել տարբեր անձանց, մասնավորապես՝ արցախյան պատերազմի նախկին մասնակից, ազատամարտիկ, «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանի կարծիքը։

Հիշեցնենք, որ նա 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցած փոքրաթիվ գործարարներից էր, որը հետագայում մեծ խնդիրներ ունեցավ իր բիզնեսում։

- Պարոն Ղազարյան, ինչպե՞ս կգնահատեք գերագույն գլխավոր հրամանատարի երեկվա ելույթը։

 - Ես վատ բան չեմ տեսնում, իր ելույթն ամբողջությամբ լսել եմ ․․․ճիշտ է՝ շատ մարդիկ կան, որոնց դուրը չի եկել, բայց անձամբ վատ բան չեմ տեսնում։ Էդ մարդն ընդամենն արտահայտել է հակառակորդի ցանկությունները։ Բացարձակապես վատ բան չեմ տեսնում, բոլորիս էլ պարզ է, թե թուրքն իրենից ինչ է ներկայացնում ու թուրքն ինչ է ուզում։ 

- Բայց չէ՞ որ դրանից ցնցվեցին մարդիկ։ Նրանք, ովքեր այս ընթացքում չեն փնտրել ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ, մամուլն էլ ռազմական դրության պայմաններում սահմանափակված է, լսել են միայն պաշտոնական լրահոսը, ու մեկ էլ հանկարծ՝ կապիտուլյացիա՝ գերագույն գլխավոր հրամանատարի շուրթերից։

- Նորմալ է, մենք սրանից ոչ պակաս ծանր ժամանակներ ենք ունեցել, նույն ձեւի Վազգեն Սարգսյանը մահապարտներին կոչ էր անում, էլի՝ օրհասական վիճակներ ենք ունեցել։ Էնպես որ, պետք չէ շոկի մեջ ընկնել։ Ուղղակի պետք է սառնասրտորեն հասկանալ՝ ում հետ, ինչի հետ գործ ունենք ու ինչ իրավիճակում ենք գտնվում։ Ու նրանք էլ, որ 92 թիվ չեն տեսել, իրենք են․․․ սենց խառնված կամ մտածում են, թե կռվի մեջ փլավ են բաժանում։

- Սամվել Բաբայանը դեռ տարիներ առաջ ասում էր․ հերիք է ասեք՝ մեր զինվորը դուխով է, դուխով է, բայց չի կարող զինվորն ավտոմատով ինքնաթիռ ու ԱԹՍ խփել։ Մեր անհաջողությունների հիմնական պատճառն են համարվում հակառակորդի ռազմական ավիացիան ու ԱԹՍ-ները։ 

- Սամվել Բաբայանի հետ կարող է շատ հարցերում համամիտ չլինեի, բայց էդ հարցում համամիտ եմ։ Այո, եթե զինվորը դուխով է, այդ դուխով զինվորը պետք է կարողանա պատերազմական օրենքներով նաեւ պադդերժկա ունենալ՝ տարբեր զինատեսակների օգնությունը, որ կարողանա ճակատում իր այդ դուխով կռվի։ Բայց ցավն այն է, որ մենք 20 տարի փոխանակ բանակը զինեինք, մեծ-մեծ խոսացել ենք, բանակն էլ թալանել, կերել են։ Դրա համար էսօր էս փաստի առաջ ենք կանգնած։ Լավ է, որ գոնե էս 2-2,5 տարին ինչ-որ բան ավելացվել էր։

- Ի՞նչ է ավելացվել։

- Երեւի թե լավ կլինի, որ էդ ամեն ինչի մասին կռվից հետո խոսենք։ Ինչն էր ավելացվել, ինչը՝ չէ, ինչն էր թալանվել, ինչը՝ կերվել։

- Իրո՞ք 92-ին նույնքան ծանր էր։

- Ոչ պակաս ծանր, մենք մազ էր մնացել, որ Լաչինը կորցնեինք։ Հետո հաջողությունը թեքվել է մեր կողմը։ Ճիշտ է՝ ես էսօրվա՝ 5-րդ սերնդի պատերազմը նրա հետ առանձնապես չեմ համեմատում, բայց սրանից ոչ պակաս է եղել։ Միշտ էլ մեր սպառազինությունը լրջորեն զիջել է հակառակորդի զինվածության աստիճանին։ Զոհերն էլ այն ժամանակ շատ-շատ էին՝ 7 հազար միայն Հայաստանից, Ղարաբաղը չհաշված։ 

- Իսկ, Ձեր կարծիքով, վետերանները կարողացա՞ն օգտակար լինել, որովհետեւ խոսվում է, որ մարդիկ տեղյակ չեն ռազմական մշակումներից իրենց քաղաքական հայացքների  պատճառով։

- Նման բաներից խոսելը, ինձ թվում է՝ անհեթեթություն է։ Ամեն մարդ իր տեղում պետք է կարողանա ինչով կարող է օգնել։