Ի պատկերի յուրում
Հասարակությունը, ավելի պարզ՝ հասարակ ժողովուրդը, իշխանությունների «անձնավորման» իր ֆորմատն ունի. այդ ֆորմատն ստեղծում է, որպեսզի չխճճվի իր համար անընկալելի պաշտոնական ինչ-ինչ ձեւակերպումների բառային լաբիրինթոսում: Օրինակ` որպեսզի երկար-բարակ չասի` Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որպեսզի ընդհանրապես չասի` իշխանություն, նա այդ ամենի փոխարեն կարճ ասում է` Նիկոլ: Հասարակ ժողովրդի համար այդ մարդու ազգանունն է նույնիսկ «ճոխություն», մանավանդ եթե դրանից ենթագիտակցաբար օտարոտի ինչ-որ բան է զգում:
Ժողովուրդը նույնկերպ Ազգային ժողովն է «ֆորմատի բերել»: Նրա համար ԱԺ խմբակցություններից «Լուսավոր Հայաստանը», օրինակ, «ներկայանում» է Էդմոն Մարուքյանի տեսքով: Անշուշտ, որպես ձեւաչափ-պատկեր՝ այն իր վրա ունի նաեւ այլ «նրբագծեր»` Գեւորգ Գորգիսյան, Անի Սամսոնյան, Մանե Թանդիլյան, ուրիշներ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության հանրային անձնավորումը, իմ ընկալմամբ, ներկայանում է Նաիրա Զոհրաբյանի կերպարով, թեեւ այդ դիմանկարի վրա բավական թանձր շտրիխներով առանձնանում են Արման Աբովյանի, Իվետա Տոնոյանի, Միքայել Մելքոնյանի, Գեւորգ Պետրոսյանի եւ այլոց «գունաշերտերը»… Ամենազարմանալին, սակայն, այն է, որ այս խմբակցությունն իր պաշտոնական ղեկավարին` Գագիկ Ծառուկյանին, ընկալում է ոչ թե որպես կերպար կամ դիմանկար, ինչպես «Լուսավորի» դեպքում է, այլ… շրջանակ, որի սահմաններում «քաշված» է խմբակցության կտավը: Իսկ կտավի վրա, ինչպես ասացի, Նաիրայի պատկերն է:
Հասարակ ժողովրդի գործը դժվարանում է «Իմ քայլը» խմբակցության «անձնավորման» ժամանակ: Նախ` այստեղ չափազանց շատ են սառը գույները (ավաղ, ոչ այդպիսի գլուխները), որոնց համատարած գորշության ֆոնին որքան էլ մարդը ջանա, չի կարող նշմարել, դիցուք, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կերպարը: Ոչ մի կերպ չեն նշմարվում նաեւ Հակոբ Սիմիդյանի, Հրաչյա Հակոբյանի կամ Մխիթար Հայրապետյանի կերպարները… Համատարած գորշությանը որեւէ լուսավոր նրբերանգ չի ավելացնում, պատկերացրեք, նույնիսկ Լուսինե Բադալյանի հմայիչ կերպարը…
Ահա, այսպիսի անդիմության համապատկերում, երբ ամբողջ խմբակցությունը ժողովրդի հիշողության մեջ առավելապես ամրակայվում է ԱԺ լուսատախտակի վրա հայտնված`2020 թվականի հունիսի 22-ի պատմական քվեարկության կանաչ կլորակների «ներդաշնակագույն» պատկերով (հետո այն՝ իբրեւ քաղաքականության նրբին արվեստի աննախադեպ «նմուշ», աշխարհին պիտի ներկայացներ հեղինակ «վարպետը»` Նիկոլ Փաշինյանը), մեկ էլ հանկարծ շշուկներ ես լսում, թե այս խմբակցությունն արդեն անձնավորվելու շորշոփների մեջ է: Եվ անձը, ի դեմս որի ուրվագծվում է խմբակցության պատկերը, ոչ այլ ոք է, քան… Վահագն Հովակիմյանը: Բնականաբար, չեմ բացառում, որ սա խիստ սուբյեկտիվ ընկալում է, բայց խմբակցության այս ընկալում-պատկերին ես «հանգել» եմ այն պահից, երբ լրատվամիջոցներից մեկում կարդացի, թե Ազգային ժողովում իշխող խմբակցության առաջարկած բոլոր օրենսդրական փոփոխություններով «զբաղվում» է վերոնշյալ անձը: (Օրենսդրության փոփոխությունների հարցերով «Վահագն Հովակիմյանին դիմեք, ինքն է ավելի շատ զբաղվում»,- ասել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից Նիկոլայ Բաղդասարյանը)։ Անշուշտ, այս ամենը զարմանալի է, մի քիչ էլ՝ անհավատալի, բայց նաեւ… հատկանշական:
Հատկանշական է, որ ԱԺ 88 հոգանոց խմբակցության իրավական դեմքը ներկայանում է թերուսի կերպարով, որն օրենսդրական հարցերով, փաստորեն, «զբաղվում» է` ընդամենը: Մասնագիտությունները զբաղմունք դարձրած էլի քանի՞ թերուս կա ԱԺ իշխանական խմբակցությունում, արդյո՞ք նաեւ թերուս չէ այն մարդը (Ն. Բաղդասարյան), ով իր մասնագիտական պատվախնդրությունն այսպես կրավորական կերպով զիջել է ոչ մասնագետին: «Թերուս» բառը, ի դեպ, բնութագրական լինելուց առաջ, նաեւ զուտ արձանագրային բառ է. կարդացեք վերոհիշյալ «զբաղված» մարդու` Վահագն Հովակիմյանի պաշտոնական կենսագրությունն ԱԺ կայքում, կհամոզվեք ինքներդ: Եվ եթե մի ամբողջ խմբակցություն համաձայն է, որ իրենց բոլորի փոխարեն իրավաբանությամբ՝ օրենսդրական փոփոխությունների կարեւորագույն հարցերով զբաղվի նախկին լրագրողը, ուրեմն կարելի է պատկերացնել, թե որքան անընկալելի ու վանող է լինելու այդ խմբակցության «դեմքը» կամ կերպարն այսուհետ:
Բայց, ինչպես ասում են` «փախնելու տեղ չկա». ինչպես տեր Աստված, այդպես էլ մնացած բոլոր, այդ թվում՝ հեղափոխության «աստվածները», իրենց ցանկացած գործ ու գործողություն արարում են… ի պատկերի յուրում:
Կարծիքներ