Քաղաքական դաշտի առավոտը-2

Քաղաքական դաշտի առավոտը-2

Սկիզբը նախորդ համարում

Հեղափոխության խութերը

Երբ մարտադաշտից վերադառնում է վիշապին տապալած հերոսը, նրան ու ծափահարողներին թվում է՝ դա «չարչարանաց» վերջն է, մինչդեռ դրանով սկսվում է նորի կառուցման պատասխանատվության ստանձնումը: Առաջնորդի ու նրա անմիջական զինակիցների առաջին քննաշրջանը սկսվում է կադրերի նշանակումից: Հաճախ կառավարման հարթակում հայտնվում են պատեհապաշտ ու պրոֆեսիոնալիզմից հեռու մարդիկ, որոնց արժանիքը առավելաբար եղել է «վիշապաքաղությանը» մասնակից լինելը, երբեմն էլ՝ սոսկական ներկայությունը: Դրանք որքան էլ ցանկալի, դեռեւս բավարար հիմք չեն կառավարման վահանակը վստահելուն: Այստեղ ռիսկայինն այն է, որ յուրաքանչյուր ձախողում ընկալվում է որպես առաջնորդի գործունեության գնահատական: Իհարկե, առաջնորդն այդ պահին անկարող ուժերից ազատվելու միջոցով ունի իր եւ թիմի հեղինակությունը փրկելու մեկ կամ երկանգամյա հնարավորություն: Ինչ-որ պահի հանրությունը սկսում է հասկանալ, որ ձախողումն արդյունք է ոչ այնքան առանձին կադրերի, որքան հեղափոխական ողջ թիմի չարդարացված գործելակերպի: Վտանգը երիտասարդներին ու անփորձներին վստահելու մեջ չէ: Վերջիվերջո, փորձը ձեւավորվում է աշխատանքում, ու երիտասարդ լինելը բնավ թերություն չէ: Վտանգավորն այն է, որ նշանակված կադրն անփութորեն մսխում է փորձառու դառնալու համար անհրաժեշտ ժամանակը: Մինչդեռ հայտնի բան է, որ նորը հնին հաղթում է իր գործունեության արդյունավետությամբ: Այսպե՛ս է իրականում դրսեւորվում բացասման բացասումը հասարակական զարգացման աստիճանակարգում, որով բացառվում է անցյալի վերադարձը: Ցանկացած վրիպում այս կանոնից պարունակում է հնի վերադարձի վտանգ, եւ այստեղ հները չէ, որ մեղավոր են, այլ՝ նոր հռչակվածները՝ իրենց անկարողությամբ:
 
Իշխանության հենարանը

Հայաստանում հեղափոխական ճամբարը մշտապես լարված վիճակում է: Նա անընդհատ հարվածներ է սպասում ընդդիմադիր դաշտից: Մինչդեռ ոչ մի հարված չի կարող այնպես սասանել իշխանությանը, ինչպես ժողովրդական ճամբարի հիասթափությունը: Ինչպիսի՝ թավշյա, աննախադեպ կամ որեւէ այլ մեծահունչ անունով էլ փորձեն մեծարել հեղափոխությունը, այն ի սկզբանե թույլ է տվել մի բացթողում՝ չի ստեղծել մասսաների հետ փոխադարձ կապով անելիքների հրատապությունը ճշգրտելու մեխանիզմ: Ու բոլորովին պատահական չէ, որ իշխանությունների յուրաքանչյուր գործողություն, այդ թվում եւ՝ օրենսդրական նախաձեռնություն, հարուցում է հանրության այս կամ այն շերտի դժգոհությունը: Զանգվածների տրամադրությունը ծառի հենց այն ճյուղն է, որի վրա նստած է իշխանությունը: Դա է այսօրվա իշխանության առանձնահատկությունը: Ուստի առանց այդ հենարան-տրամադրության մշտական խնամքի իշխանությունը կարող է հայտնվել փակուղում: Ինչ խոսք, ժամանակակից տեխնոլոգիական նվաճումները բացել են զանգվածային հաղորդակցության նոր հնարավորություններ: Սակայն երկրի ղեկավարի ուղիղ կապն իր ընտրողների հետ դեռեւս չի նշանակում, որ այն մեքենաբար ապահովում է փոխադարձ կապի արդյունավետություն: Նույն տեխնոլոգիական նվաճումները հնարավորություն են տալիս ձեւավորելու ինչպես արհեստական երկրպագուների, այնպես էլ մրցակիցներին սեւացնողների խմբեր: Համացանցային պատերազմն արթնացրել է մարդկանց մութ ու թաքուն բնազդները: Հասարակությունն ավելի է քաղաքականացել: Բայց դա ժողովրդավարության նվաճում ներկայացնելը նշանակում է շփոթել ձեւը բովանդակության հետ, չըմբռնել երեւույթի պառակտիչ բնույթն ու հասարակական կյանքի կազմակերպման գործում օրենքի կարգավորիչ դերակատարությունը: Այսօր հայհոյում են ամենուր ու բոլորին՝ երկրի ղեկավարից մինչեւ շարքային: Առողջ միտքը վարկաբեկող ու քաղաքացիական կեցվածքն ապականող այդ աղբը լցվում է մարդկանց հոգիները՝ չխնայելով անգամ դեռահասներին: Դա բարոյականության սոսկալի անկում է, որը որդի պես ներսից խժռում է մեր հավաքականությունը: Ոլորտի օրենսդրական կարգավորումը վաղուց է դարձել օրախնդիր: Չի՛ կարող հպարտ լինել այն քաղաքացին, որի կինը, մայրը, դուստրը իրենց երկրի որեւէ ղեկավարի, այդ թվում՝ վարչապետի, ելույթը լսելիս ակամա կարդում են սեռական բնույթի հայհոյանքներ: Համատարած անպարկեշտությունը ծնում է ե՛ւ հուսահատություն, ե՛ւ վրդովմունք, ինչպես նաեւ՝ իշխանության անկարողության վերաբերյալ կասկած ու մոտալուտ անկման կանխազգացում: «Ելք կա՛»,- ազդարարում է թավշյա հեղափոխության կարգախոսը: Այդ դեպքում ինչո՞ւ է ուշանում հարցի լուծումը: Մի՞թե վերեւներում չկա հարցի հրատապության գիտակցումը: Չէ՞ որ, բարոյականությունից զատ, խոսքը վերաբերում է փոխադարձ հաղորդակցության հենց այն գործիքին, որի շնորհիվ ձեւավորվում է իշխանության հենարանը: Դեռ ոչ մեկին չի՛ հաջողվել կոտրվելուց հետո կպցնել այն ճյուղը, որի վրա կանգնած է եղել:

Սեւ՞, թե՞ սպիտակ 

Քաղաքականությունը բարեկամներ շահելու արվեստ է: Բոլոր իշխանություններն էլ փորձում են ընդլայնել իրենց շուրջ հավաքվածների շրջանակը: Հակառակ այս տրամաբանությանը, իշխանությունները գնալով ավելի են նեղացնում այն: Հասարակական համերաշխությունը նմանվել է փոխադարձ հրաձգությունից ծակծկված ու բզկտված դրոշակի: Հեղափոխության արժեքների նկատմամբ մարդկանց խորթացնելու, հասարակությունը պառակտելու տիպական օրինակ էր երկրի քաղաքացիներին սեւ ու սպիտակի բաժանելը: Հեղափոխական իրավիճակներում հաճախադեպ են նման երեւույթները: Բայց իշխանությունը նվաճելուց հետո գործել նման հոգեբանությամբ, նշանակում է չընկալել հասարակական զարգացումների օրինաչափություններն ու թուլացնել պետության հիմքերը: Իշխանությունն իշխանություն է ոչ միայն յուրայինների, այլեւ իր պատկերացրած սեւերի համար: Առավել եւս, որ բնության մեջ սեւից մինչեւ սպիտակ էլի կան գույներ, առանց որոնց շատ միապաղաղ կլիներ սեւն էլ, սպիտակն էլ: Մարդիկ սեւ ու սպիտակ են միայն իրենց ու դիմացինի պատկերացումներում: Եվ այդ սահմանն այնքան հարաբերական է, որ հաճախ տեղի են ունենում փոխատեղումներ: Իրենց սպիտակ համարողներից ոմանք գլորվում են սեւության վիհը, իսկ սեւ կոչվածներից շատերն էլ իրենց համարում են հեղափոխության համակիրներ: Սեւի ու սպիտակի, հնի ու նորի, հեղափոխականների ու ռեւանշիստների չհիմնավորված ու պարզունակ մեկնաբանությունները, ակնհայտորեն, պառակտել են հայ հասարակությունը: Նման տարանջատումը վտանգավոր է նրանով, որ յուրաքանչյուր կողմ մյուսի գործողություններում փորձում է գտնել դավադրության տարրեր, որոնք իբր կրում են արտաքին ուժերի ազդեցության կնիքը: Այսպիսի բեւեռացումից մինչեւ ներքին խժդժություն ընդամենը մեկ քայլ է: 

Լեզվի կծածը

Ժողովրդական իմաստնությունն ասում է՝ օձի կծածը կլավանա, լեզվի կծածը՝ ոչ: Երբեմն որեւէ բառ կամ արտահայտություն կարող է ճակատագրական լինել հնչեցնողի կամ լսողի համար: Բառերով մարդիկ արտահայտում են իրենց սերն ու ատելությունը: Բառը, ինչպես Գեւորգ Էմինն է ասել, զե՛նք է: Նրանով կարելի է սպանել մարդուն, փշրել ներքնապես: Բառն ազդանշան է, երբեմն՝ հրահանգ ու կոչ: Ուստի զգույշ է պետք գործածել այն: Որքան բարձր են բառը հնչեցնողի հանրայնության աստիճանն ու կարգավիճակը, այնքան հուժկու է նրա ազդեցությունը: Դեպքերից 2 տարի անց էլ հեղափոխական բառապաշարը մնում է իշխանության հանրային խոսքի ուղեկիցը: Դա, մի կողմից, նշան է այն բանի, որ ձեռնարկվող քայլերը դեռեւս չեն տվել ակնկալվող արդյունքը, մյուս կողմից վկայում է, որ իշխանությունն առայսօր չունի խոսքի նկատմամբ այն պատասխանատվությունն ու բծախնդրությունը, որը բնորոշ է կայացած իշխանությանը: Ամեն անգամ, երբ վարչապետը հիշեցնում է «ասֆալտին փռելու» իր զորության մասին, տպավորություն է ստեղծվում, թե նա մնացել է անցյալում: Որովհետեւ իշխանության ղեկին կանգնածն արդեն գործով պետք է հանցագործին փռի ասֆալտին, առանց ավելորդ հիշեցումների: Իսկ «թաթիկներ կտրելու» մասին պաթետիկ ակնարկը ոչ այնքան գործին է օգնում, որքան ծնում է ատելություն ու ագրեսիա: Մինչդեռ իշխանությունն է հանրային համերաշխության ձեւավորման գլխավոր պատասխանատուն: Քաղաքական գործիչներին վերաբերող վիճակագրությունը ցույց է տվել, որ ելույթների, հնչեցրած բառերի ու արտահայտությունների քանակը բնավ էլ ուղիղ համեմատական չէ արված գործի քանակին ու որակին: Ավագ սերունդը հիշում է, որ խորհրդային հզոր տերության վերջին ղեկավարն իր հաճախադեպ ելույթներով ու խոսքերով ոչ միայն չամրապնդեց իր դիրքերը, այլեւ չկարողացավ փրկել այդ երկիրը փլուզումից:

Մեղվի փեթակում, անկախ բզզացողների թվից ու աղմուկից, ընտանիքի աշխատանքի արդյունավետությունը չափվում է կուտակած մեղրի քանակով ու որակով: Թե ինչպիսի «մեղր» է կուտակվել մեր քաղաքական դաշտում, կարծիքները միանշանակ չեն, բայց որ աղմուկը շատացել է, անժխտելի փաստ է:

շարունակելի Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ