Ծակ պրոֆեսորները

Ծակ պրոֆեսորները

Ինձ մի հարց է մտատանջում՝ բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ նույնպիսի դժվարություններ ունե՞ն իրենց աշխատանքի ընթացքում, որքան մենք՝ լրագրողներս։ Ասենք, օրինակ, վիրաբույժները, երբ պետք է հիվանդին վիրահատեն, վատառողջ մարդն ու նրա հարազատները բժշկին թելադրո՞ւմ են, թե ինչպես վիրահատի՝ որտեղից կտրվածքն անի, ինչ խորության, երբ ավարտի վիրահատությունը, ինչպես կար դնի, հետվիրահատական ինչ բուժում նշանակի։ Եվ եթե վիրաբույժը նրանց համեստորեն հիշեցնում է, որ՝ հարգելիս, դա իմ մասնագիտությունն է, թողեք՝ ես որոշեմ վիրահատության եւ բուժման ընթացքը, նրան հայհոյում են ու փնովում, թե՝ դու անգրագետ ես, ոչինչ չես հասկանում։

Կամ, ասենք, շինարարներն ու ճարտարապետները, որոնք պետք է շենք նախագծեն, ճանապարհ կառուցեն, նրանց պատվիրատուները՝ քաղաքացիները, շենքը նախագծելու ժամանակ գալիս նստում են ճարտարապետի կողքը եւ հուշո՞ւմ, թե շենքի հենասյուները որտեղ պետք է լինեն, սեյսմակայունությունն ինչպես պետք է ապահովվի, ինժեներական հսկողությունն ինչպես իրականացվի, նախահաշիվն ինչպես կազմվի։ Շինարարության փուլում էլ շինարարներին թելադրում են, թե որքան պետք է լինի բետոնի բաղադրությունը, ինչ թեքության պետք է լինեն շենքի պատերն ու մյուս կոնստրուկցիաները։ Իսկ համալսարաններում դասախոսող մարդկանց կամ դպրոցներում դասավանդող ուսուցիչներին նրանց աշակերտներն ու ուսանողները սովորեցնո՞ւմ են, թե ինչ գրքերից օգտվի դասախոսն ու ուսուցիչը, ինչպես կառուցի դասախոսությունը, ինչ մանկավարժական հնարքներ կիրառի, որ գիտելիք փոխանցի։

Ո՞չ։ Այդ դեպքում ինչո՞ւ է բոլորին թվում, թե ինքն ավելի լավ գիտի, թե ինչ թեմայով պետք է լրագրողը հոդված գրի, ինչպես պետք է շարադրի տեքստը, ինչ վերնագիր պետք է դնի, ինչ վերջաբան գրի։