Թատրոնի պատուհանները փոխելու գումար կա, հայտնի որմնանկարի համար տեղ չկա

Թատրոնի պատուհանները փոխելու գումար կա, հայտնի որմնանկարի համար տեղ չկա

Անցյալ շաբաթ ՀՀ կառավարությունը  34 միլիոն դրամ հատկացրեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պատուհանները փոխելու նպատակով։ 

Վարչապետի օգնական, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր այդ մասին՝ հատուկ ընդգծելով, թե խնդիրը դեռ իր պաշտոնավարության օրոք է բարձրաձայնվել․ «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ տարիներով ձգձգվող խնդիրը լուծում ստացավ, գործադիրն այսօրվա նիստում թատրոնի պատուհանների փոխարինման համար հատկացրել է շուրջ 34 մլն դրամ։

Գյումրու սրտում գտնվող կառույցի համար սա կենսական կարևոր հարց էր, որը քննարկել էինք թատրոնի տնօրինության հետ դեռ նախորդ տարի։ Կառավարությունը ականջալուր եղավ մեր բարձրացրած հարցին և Շիրակի մարզպետարանի ու ՏԿԵՆ-ի հետևողականության արդյունքում կարողացանք լուծում գտնել։ Բոլոր շահագրգիռ անձանց ներգրավվածությունը չափազանց կարեւոր էր։ Լիահույս եմ, որ առաջիկայում Հակոբ Հակոբյանի՝ ազգային արժեք ճանաչված «Սարերում» որմնանկարը, որը տեղադրված է թատրոնի ճեմասրահում, կտեղափոխվի այլ ապահով վայր։ Այս հարցով ևս կա վարչապետի հանձնարարականը»։

Իրականում, այս պահին այնքան կարևոր չէ նոր պատուհանների հարցը, որքան ՝ մշակութային լուրջ արժեք ներկայացնող որմնանկարի ճակատագիրը։ Որմնանկարը տեղադրված է թատրոնի ճեմասրահում՝ պատուհանների առջև։ Վտանգը հենց այստեղ է։ Պատուհանները փոխելու դեպքում՝ որմնանկարը տարածքից կրկին դուրս հանելը գրեթե անհնարին կդառնա։ Ի դեպ, Հակոբ Հակոբյանի որմնանկարները ներառված են Շիրակի մարզի պահպանվող պատմամշակութային արժեքների ցանկում:

«Մշակութային քաղաքը՝ Գյումրին, Շիրակի մարզը իր պատմական և մշակութային անցյալի ու արժեքների ձեռքը, փաստորեն կրակն է ընկել․․․ Հակոբ Հակոբյանի հոյակապ որմնանկարներից մեկի՝ «Սարերում» -ի համար տեղ չի գտնվում։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, տրամադրեք ինձ, բնականաբար,  ոչ սեփականության իրավունքով, ես բոլոր ծախսերը կգտնեմ տեղափոխման, լավագույն պայմաններում կտեղավորեմ այն և հատուկ այդ որմնանկարի համար կհատկացնեմ լուսավոր, չոր և նորակառույց հսկա տարածք, որի դռները բոլորի համար բաց կլինեն օրը 24 ժամ․․․ »,-Գյումրու համայնքապետարանին եւ Շիրակի մարզպետարանին է դիմում «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը։

Անդրադառնալով «Սարերում» որմնանկարի պատմությանը՝ հիշեցնենք, որ այն վերականգնվել է 2016թ-ին ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ տեղափոխվել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 2-րդ հարկ՝ հանրության համար տեսանելի վայրում: 

Երկար տարիներ որմնանկարը գտնվել է Գյումրու «Քարհատմեքենա» գործարանի տարածքում: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո «Սարերում» որմնանկարը հայտնվել էր խիստ վթարային, չօգտագործվող տարածքներում:

Վերականգնման աշխատանքները կատարվել են Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամի կողմից, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի ճանաչված վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ:

Այսօր որմնանկարի տեղափոխության վայրի ընտրության հարցում դեռ որոշում չկա, իսկ ԿԳՄՍ նախարարությունից էլ հայտնում են, թե պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հետ կապված խնդիրների, գիտանախագծային փաստաթղթերի քննարկման, խորհրդակցման և որոշումների կայացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի 2023 թ. անդրանիկ նիստը կայացել է արտագնա ձևաչափով` Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Նիստի օրակարգային հարցերից է եղել նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի տեղափոխության հարցը: ՀՀ կառավարության որոշմամբ 2016 թ. որմնանկարն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին, որտեղ որմնանկարի պահպանության համար պատշաճ պայմաններ չլինելու պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերջինս թատրոնից տեղափոխել մեկ այլ՝ ավելի բարենպաստ վայր:

Նշվում է, որ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը 2019 թ. նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պատմության և մշակույթի տեղական նշանակության նորահայտ հուշարձան: