Եթե այս ամենից հետո կան մոլորվածներ, նրանց ոչ թե մոլորված, այլ դավաճան է պետք անվանել

Եթե այս ամենից հետո կան մոլորվածներ, նրանց ոչ թե մոլորված, այլ դավաճան է պետք անվանել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

-Երբեմն-երբեմն Հայաստանի ներքաղաքական կյանքում «բում» է լինում` մինչ այդ որոշակի չեզոքություն դրսևորող քաղաքական շրջանակները մեկ էլ սկսում են իրար ծեծել, հայհոյել, մեղադրել: Մենք բազմիցս համոզվել ենք, որ ոչինչ հենց այնպես չի պատահում: Տեսակետներ կան, որ այս ամենն արվում է հատուկ` հասարակությանն առավել պառակտելու, դեգրադացնելու նպատակով:

-Ֆիզիկական բռնությունն առհասարակ որոշակի նպատակ ունենալ չի կարող, դա կլինի ծեծ, թե այլ տեսակի բռնություն: Բռնությունը գիտակից հասարակությունների համար խիստ անընդունելի է: Այն հասարակությունը, որը մեզանում ձևավորվել է 2018 թվականին, ցավոք, գիտակից համարել չենք կարող: 21-րդ դարում քաղաքական առաջնորդը հայտարարում է, որ երկրում ապրում է ավելի քան երեք միլիոն վարչապետ, սակայն մենք տեսնում ենք ծեծ, բռնություն, մարդուն քաղաքական հայացքների համար հալածելու փորձ, քաղաքացու վրա թքել, ինչ ասես…. Տրամաբանական է այս ամենը, քանզի 2018-ին տեղի ունեցածն ավելի վատ ձևով կարող է արտահայտվել: Հայաստանում բոլոր տեսակի հանցագործությունների թվերը կտրուկ աճել է: Ավելացել են նաև ինքնասպանության դեպքերն ու ավտոճանապարհային պատահարները: Այսինքն՝ բոլոր այն բաների մասին, որ չի խոսվում, աննախադեպ շեմի են հասել: Սա ի՞նչ է, եթե ոչ ագրեսիայի դրսևորում: Փաստացի մեր երկրում պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, որոնք արժեհամակարգ չունեն: Հայրենիք, ծնող, ընտանիք․ սրանք գաղափարներ են, որոնք այդ մարդկանց կողմից անընդունելի են: Եթե երկրի ներսում Ազգային ժողովի նախագահի թիկանապահները շարքային քաղաքացու թևը ոլորում են, իսկ ԱԺ նախագահն այդ մարդու երեսին է թքում, սա նշանակում է, որ տվյալ երկիրը գնում է անբարոյական ճանապարհով և հենց այդ ճանապարհով էլ պարտվելու է: Հայաստանում բարոյականության ցուցանիշը զրոյից ցածր է: 

-Տպավորություն է, թե նման միջադեպերը հասարակության ուշադրությունը շեղելու միտում ունեն:

-Այն սլենգը, որ մեզ ինչ-որ բանից փորձում են շեղել, ըստ իս՝ իշխանության կողմից թելադրվող սլենգ է: Իսկ ի՞նչ պետք է անենք, եթե չշեղվենք: Լինելով ընդդիմադիր քաղաքացի, ես ինքս փողոցում շատ երկար պայքարել եմ: Այժմ ուզում եմ հասկանալ, թե ինչի՞ց պետք է շեղեն հասարակությանը: Ասենք թե` 100 հազար մարդ փողոց դուրս եկավ, հետո ի՞նչ: Եվրոպացի դեսպանները պատուհանից կնայեն, ՄԱԿ-ը կլռի, Նիկոլ Փաշինյանն էլ կկրակի մարդկանց վրա: Մեզ բոլորովին էլ չեն շեղում, ուղղակի կան ապուշներ, որոնք անվերջ ապուշություններով են զբաղված, իսկ մենք կարևորում ենք մեզ, ասելով, թե շեղում են մեզ: Աննա Հակոբյանը ելույթ է ունենում, դա գիտե՞ք ինչ մակարդակի ելույթ է, դա անգամ 8-րդ դասարանի աշակերտի մակարդակի ելույթ էլ չի կարելի համարվել: Լրատվամիջոցները չպետք է այդ ախմախությունները տարածեն: 

-Իսկ գուցե խնդիրը մոլորված զանգվածին զբաղեցնելն է, որպեսզի հանկարծ չսթափվեն:

-Մոլորված մարդկանց պետք չէ շեղել: Նրանք շատ ուրախ են անարխիայից: Օրինակ՝ հարևանի վրա ատամ ունեն, կարող են հարևանին մորթել, ինչ ուզում են` կարող են անել: Նման մարդկանց համար հայրենիք գոյություն չունի: 2020 թվականից հետո մոլորվածներ չկան: Դա մի շեմ էր, որը ցույց տվեց մարդու ով լինելը: Շատերը պատերազմից հետո գիտակցված փոխեցին իրենց քաղաքական հայացքները, հասկանալով, որ տեղի է ունեցել ակնհայտ դավաճանություն: Դրանից հետո էլ ունեցանք Սև լճի դեպքեր, Գեղարքունիքի դեպքեր և այլն, և այլն: Եթե այդ ամենից հետո կան մոլորվածներ, նրանց ոչ թե մոլորված, այլ դավաճան է պետք անվանել: 

-Ինչպե՞ս են կարողանում մարդկանց այդպիսին դարձնել: Ի՞նչ մեխանիզմներ են կիրառվում:

-Ես ամբողջ ազգին չեմ ուզում ընդհանրացնել՝ Նիկոլ Փաշինյանի նման: Մենք ևս այս հասարակության մի մասն ենք: Պետք է մարդկանց նայել նաև կրթական ցենզի առումով: Կան մարդիկ, որոնք ունեն այնպիսի կրթություն, որ կարողացել են աճել, թացը չորից տարբերել և կան մարդիկ, որոնք մտածում են միայն ուտելու, խմելու, ծխելու, զուգարան գնալու և սեքսով զբաղվելու մասին: Նման մարդկանց համար առաջնայինը կենդանական կարիքներն են: Չեն մտածում արարելու, սիրելու և մարդավայել ապրելու մասին: Նման մարդիկ չեն կարող որևէ տեսակ կորուստ ծանր տանել: Բնականաբար, խոսքն այստեղ հայրենիքի մասին է: Նախորդ դարի սկզբին Կոմիտասը խելագարվեց, այդպես եղավ մեր մեծերից շատերի հետ: Այն ժամանակ էլ թուրքերը նույն դաժանություններն էին անում, ցեղասպանում հայերին, բայց մի քանիսն ընդամենը խելագարվեցին այդ ամենից: Անասնական բնազդներ ունեցող մարդկանց համար, օրինակ, ԱՄՆ գնալն ու բարեկեցիկ կյանքով ապրելն առավել առաջնային է, քան մնալը և պայքարելը: Կգնան` կուտեն համբուրգեր ու կլինեն երջանիկ, իրենց երջանկության բանաձևը դա է: Նման մարդիկ հակված են լսել մի շարք տխմարություններ, ինչպիսիք են՝ Ռոբերտ Քոչարյանը Զատկի տոնից առաջ խանութներից բոլոր ձվերը գնեց, որպեսզի մարդիկ ձու չուտեն, Քոչարյանն ու Սարգսյանը Ղարաբաղը տվել էին վաղուց, ուղղակի Նիկոլի գրպանը գցեցին և այսպես շարունակ: Այս մարդկանց համար գերադասելի է ունենալ մի ղեկավար, որի գրպանն ինչ-որ բան են գցում: Նրանք սիրում են անատամ մեկին, ով մեղկ է, որովհետև իրենք ողջ կյանքում մեղկ են եղել: Մենք ծիծաղում ենք նման մտածելակերպի վրա, սակայն նրանք ապրում են այդ իրականության մեջ: Սա մեր մեղքն է: Ժամանակին պետք է կրթական ցենզը բարձրացնեին, որ այսօր այս վիճակին չհասնեինք: Փաստացի Հայաստանում ապրում է մոտ երեք միլիոն մարդ, սակայն նրանցից շատ շատերը չունեն բարձր կարիքներ: Երասխում կրակում են, իսկ Երասխի բնակիչն ասում է՝ ինչ ուզում է լինի, եթե անգամ թուրքը գա մտնի մեր տուն, մենք Նիկոլ ենք ընտրելու էլի: Մի կողմ թողնենք՝ լավն է, թե վատը Նիկոլ Փաշինյանի պերսոնան: Խնդիրն այն է, որ ինչ-որ մեկի պերսոնան և հայրենիք գաղափարը մարդիկ համադրում են: Ով ուզում է լինել, ինչպե՞ս կարելի է անհատին համեմատել հայրենիքի հետ: Մարդ ի՞նչ աստիճան պետք է գրագիտության խնդիր ունենա, որ նման համեմատություն անի: 

-Երբ վարչապետի կինը պատերազմից հինգ պակաս խոսում է 11 հազար դասալիքի մասին, սա հասարակության հոգեբանության վրա ի՞նչ ազդեցություն է թողնում:

-Ընդդիմությունը փաստացի կարողացել է այս իշխանության օրակարգը խափանել, իշխանությունն էլ որոշել է նոր օրակարգ ստեղծել: 2018 թվականից սկսած այս իշխանությունները որևէ ձգտում չեն ունեցել, սա եղել է մերժման, հերքման և փլուզման իշխանություն: Սերժին մերժեցին, բոլորին մերժեցին: Այլևս մերժելու ոչինչ չի մնացել: Հիմա եկել է նոր մեղավորներ ստեղծելու, մեղքն ուրիշի վրա բարդելու ժամանակը: Աննա Հակոբյանը ստեղծում է մի կերպար, որին կարելի է մեղադրել: Ասում է` 11 հազար դասալիք ունենք: Այս հայտարարությունն ի՞նչ տրամաբանությամբ է արվում: Ուզում է ասել, որ եթե դասալիքները չլինեին, կհաղթեինք և հայրենիք չէինք հանձնի: Այսինքն՝ մեղավորն այդ 11 հազար դասալիքն է, ոչ թե իրենք: Հոգեբանորեն պետք է համադրել ամեն ինչ: Ընդդիմությունը սա չի հասկանում և դիլետանտական մոտեցումներ է ցուցաբերում: Նիկոլ Փաշինյանն էլ մի հայտարարություն արեց, ասելով, թե` ինքը մեքենա է ստացել, որն անսարք է: Այս երկու հայտարարություններն իրար հաջորդող օվերտոնի պատուհաններ են: Այստեղ էլ Փաշինյանն ուզում է ասել, որ ինքը լավ վարորդ է, սակայն մեքենան անսարք է և դրանում ինքը մեղավոր չէ: