Ոտնահարվել են բոլոր իրավունքները՝ առանձին եւ զանգվածային

Ոտնահարվել են բոլոր իրավունքները՝ առանձին եւ զանգվածային

Տարին սկսվեց «վնգստացող» դատավորներին իրենց տեղը ցույց  տալու սպառնալիքներով, տարբեր քրեական գործերով, ապա ուղեկցվեց անվերջանալի արտակարգ դրություններով, կարանտիններով, ռազմական դրությունով, խոսքի, տեղեկություններ հայտնելու սահմանափակումներով, ավարտվեց պատերազմական գործողությունների հետեւանքով հայրենազրկված ու տեղահանված մարդկանց իրենց հայրենիքում ապրելու, սեփականության ու անգամ ապրելու իրավունքի ոտնահարումներով։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից տարին բաժանում է մի քանի մասերի․ «Իրավական պետության, ամենակարեւոր կառույցի՝ ՍԴ-ի դեմ արշավանքը, որը շարունակվեց՝ սկսած 2018-ից։ Առաջինն այդ ողջ ագրեսիվ քարոզարշավն էր ՍԴ-ի դեմ, ապա՝ արտակարգ դրության համար անհամափաչափ սահմանափակումները։ Մասնավորապես, հավաքների բացարձակ արգելքը լրիվ անհամաչափ էր, խոսքի ազատության անհամաչափ սահմանափակումներ էին։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ, օգտվելով համավարակի եւ դրան առնչվող սահմանափակումներից, իշխանությունները գնում էին քաղաքական ռեպրեսիաների՝ համավարակի պայմաններում։ Եվ ավելին՝ ընտրում էին շատ վիճահարույց օրենքներ՝ առանց հանրային քննարկման»։ Դրանք են՝ գույքահարկի, բանկային գաղտնիքի մասին օրենքները եւ այլն։

Ավետիք Իշխանյանն ասում է, որ մարդու իրավունքների նման խախտումներ չի հիշում անգամ 90-ականներին։ Նա նշում է՝ չնայած որ հավաք համարվում է մեկից ավելի մարդու ներկայությամբ հավաքը, ոստիկաններն անգամ մեկ հոգանոց «հավաքը»  ամենակոպիտ ձեւով «ցրում էին»՝ այդ մեկ մարդուն տանելով ոստիկանական բաժին։

Ապա՝ պատերազմ, որի ժամանակ մի փոքր մեղմացած, բայց քաղաքական հետապնդումները շարունակվում էին, իսկ ռազմական դրությունը սահմանափակեց բոլոր տիպի ազատությունները։ Որպես սրա հետեւանք՝ «սկսվեցին աննախադեպ տուգանքներ լրատվամիջոցների նկատմամբ, որոնք, իշխանությունների կարծիքով, այլ կարծիք էին արտահայտում։ Այն դեպքում, երբ ողջ  պաշտոնական լրահոսը լցված էր ստով եւ կեղծիքով»։

Ավետիք Իշխանյանն արձանագրում է՝ չնայած այս պատերազմը հայ ժողովրդի կենաց-մահու կռիվն էր, այն եւս օգտագործվեց սեփական իշխանության ամրապնդման համար։

Ինչեւէ, ըստ իրավապաշտպանի, նոյեմբերի 10-ից հետո էլ անիմաստ կերպով չդադարեցված ռազմական դրության պայմաններում շարունակվում են սահմանափակումները եւ քաղաքական ռեպրեսիաները։ Վաղ 90-ականներից տարբեր ակցիաներ, բողոքի ցույցեր, հանրահավաքներ տեսած իրավապաշտպանը չի հիշում դրանց ընթացքում ոստիկանական այսպիսի համալրում, անգամ՝ Խորհրդային Միությունում։ Պարզվում է՝ կա միջազգային նորմ, համաձայն որի՝ ոստիկանների քանակը չպետք է գերազանցի խաղաղ հավաքի մասնակիցների թվին։

«Դեռ մոռացա ասել առողջապահական, սոցիալական իրավունքների մասին, երբ առողջապահության նախարարության ապիկարությամբ համավարակի դեմ ողջ պայքարը ձախողվեց, նաեւ՝ կրթական իրավունքի առումով միանգամայն ձախողված քաղաքական իրավիճակ, ինչպեսեւ՝ քաղաքացիական ու սոցիալական»,- ասում է իրավապաշտպանը։  
Զրուցեցինք նաեւ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ ՀՀ առաջին օմբուդսմենը, որպես նախաբան, ասաց․ «Հայաստանում ավանդաբար այնպես է, որ նոր-նոր իշխանության եկած բոլոր իշխանությունների ժամանակ լինում է մի  փոքր շարժ, ապա՝ հետընթաց, «մեկ քայլ՝ առաջ, երկու քայլ՝ հետ» սկզբունքով»։ Բայց հիմա իրավապաշտպանն արձանագրում է․ մեկ քայլ՝ առաջ, երեք քայլ՝ հետ։ «Եվ այս առումով շատ վրդովված եմ, որ մասնավորապես ոստիկանությունը, որի հետ տարիներ շարունակ աշխատել են ոչ միայն ազգային-հասարակական կազմակերպությունները, այլեւ միջազգային, պարզվում է, որ բոլոր դասընթացներն իրենք օգտագործում են ի չարս։ Առնվազն  երեկվա դեպքերը ցույց են տալիս, որ մենք մարդու իրավունքների ոլորտում, մասնավորապես մարդու անձնական անձեռնմխելիության առումով, այդպես էլ առաջընթաց չունեցանք»,- արձանագրեց ՀՀ առաջին ՄԻՊ-ը։

Մնացյալը, ըստ Լարիսա Ալավերդյանի, աններելի չափերի հասած ատելությունն է տարբեր խմբերի միջեւ, որն իր չափով արդեն հասնում է ներքին ռասիզմի։ «Այդպես էլ կոչվում է՝ domestic ռասիզմ։ Այսինքն՝ խտրականության այնպիսի աստիճան, որը հավասարվում է ռասայական ատելության դրսեւորումներին․ ատելության խոսքերով, ինձ համար անհասկանալի հայհոյանքների չափ ու սահման չիմացող երեւույթներ»։ Ըստ Ալավերդյանի՝ եկել է մի պահ, երբ նախկին ընդդիմությունը, զգալով  իշխանության համը, այլեւս չի հիշում, թե ինչպիսի պահանջներ ուներ ընդդիմություն եղած ժամանակներում։ Լարիսա Ալավերդյանն ասում է, որ չնայած ողջ տարվա ընթացքում մարդու իրավունքների ոտնահարումների առումով «պակաս տեղ չի եղել», տարեվերջին եղան մարդկանց սեփականության իրավունքի ոտնահարումներ, այսպես կոչվող՝ դեմարկացիոն գործընթացների ժամանակ։ Դրանց գումարվեցին Արցախից բռնի տեղահանված անձինք։ Ալավերդյանն ապշահար է, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանն այս մասին հայտարարություն ընդունել է, իսկ Հայաստանի Ազգային ժողովը՝ ոչ։ Եվ, վերջապես, հայության իրավունքը՝ Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս, ստանալ ճշմարիտ տեղեկատվություն։ Մենք դա չստացանք ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ նոյեմբերի 9-ից հետո։