Գնդակը ԲԴԽ-ի դաշտում է․ կպատժվի՞ հայտնի դատավորը

Գնդակը ԲԴԽ-ի դաշտում է․ կպատժվի՞ հայտնի դատավորը

Մեր տեղեկություններով՝ հայտնի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովը ուղարկել է Բարձրագույն դատական խորհուրդ։

Նշենք, որ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանների միջնորդության հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Երբ ՍԴ-ն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ, Սարգսյանն ազատ էր արձակվել։

Արթուր Սարգսյանի փաստաբանները դեռևս նոյեմբեր ամսին՝ դատավոր Դանիելյանի կայացրած որոշումից անմիջապես հետո, հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու համար, ինչպես նաև դիմել էին ՀՀ արդարադատության նախարարությանը և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պահանջելով հարուցել կարգապահական վարույթ։

Պաշտպանները պնդում էին, որ դատավորը կայացրել է ակնհայտ ապօրինի դատական ակտ և թույլ է տվել քրեական իրավունքի և դատավարության կարևորագույն սկզբունքների խախտումներ։

Նշենք, որ Արմեն Դանիելյանը  բոլոր ժամանակաշրջաններում իշխանությունների և դատախազաքննչական մարմինների կամքը դակող դատավորի համբավ ունեցող դատավորներից մեկն է, նա առավել հայտնի դարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությամբ։
Այժմ, գնդակը ԲԴԽ-ի դաշտում է, հետաքրքիր է՝ արդյոք Բարձրագույն դատական խորհուրդը պատասխանատվության կենթարկի՞ իշխանահաճո որոշումներ կայացրած դատավորին։