Հարգենք բնագիր անվանումները եւ չկրկնօրինակենք

Հարգենք բնագիր անվանումները եւ չկրկնօրինակենք

Ստացվեց այնպես, որ ես մի քանի տարի ապրեցի Միացյալ Նահանգներում։ Ինձ համար դա ճակատագրական դերակատարում ունեցավ, քանի որ, ըստ էության, այստեղ ինձ պարգեւեցին նոր կյանք։ 1999 թվականին հաջողությամբ, ընդ որում` անվճար, վիրահատեցին հուսահատության հասցրած սիրտս։ Այն էլ ասեմ, որ հենց հիվանդանոցում լսեցի մի անեկդոտանման անսովոր պատմություն՝ կապված, եթե չեմ սխալվում, երկրի երբեմնի նախագահ ավագ Բուշի անվան հետ։ Այն փոխանցում եմ ձեզ։ Երբ Ջորջ Բուշն առաջին անգամ այցելել է Եվրոպա, մի քանի օր ապրել է Մադրիդում։ Եվ ահա, երբ վերադարձել է տուն, զարմացած դիմել է կնոջը.
- Իսկ դու գիտեի՞ր, որ իսպանացիներն իրար հետ խոսում են մեքսիկերեն...

Բուշը տեղյակ էր, որ Հարավային Ամերիկայում եւ էլի մի քանի երկրներում մեքսիկերեն են խոսում, զարմացել էր, որ նույն լեզուն լսել է նաեւ Իսպանիայում։

Իսկ հիմա` լուրջ։ Հիշյալ աշխարհամասի 12 երկրներից 9-ում (չհաշված հյուսիսամերիկյան Մեքսիկան) պետական լեզուն համարվում է իսպաներենը, եւ սա ունի պարզ բացատրություն` ժամանակին քաղաքակրթությունը տարածելու առավել մեծ հնարավորություններ են ունեցել ծովագնացները եւ առաջին հերթին, իհարկե` իսպանացիները։ Իսկ հարավամերիկացիներից միայն բրազիլացիներն են նախապատվություն տվել պորտուգալերենին, սուրինամցիները` նիդերլանդերենին եւ գայանացիները` անգլերենին։ Բայց, այդուհանդերձ, աշխարհում այսօր ամենատարածված լեզուն համարվում է չինարենը։ Հաջորդ տեղում անգլերենն է` այս լեզվով այժմ խոսում է 410 միլիոն մարդ։

Եվս մեկ կարեւոր հանգամանք, որում համոզվել են գիտնականները։ Ո՞ւմ հասկանալի չէ, որ «մամա» բառն իր իմաստով բոլորիս համար ամենաթանկարժեքն ու սրտամոտն է, ամենասիրելին ու հարգվածը։ Կարելի է ասել, որ դա առաջին զգացմունքային արտահայտությունն է, որ մարդկային փոխհարաբերություններում տեղ ունի։ Իսկ գիտե՞ք, թե ովքեր են այդ բացառիկ արտահայտությունը հորինողները։ Պարզվում է՝ աշխարհի ամենափոքրիկ բալիկները։ Բնության օրենքներով, առաջին բառը, որը նրանք կարողանում են թոթովել, գերազանցապես «մ» եւ «ա» հնչյուններն են։ Այդպես էլ աշխարհով մեկ տարածվել է ամենաքաղցրահունչ «մաման»։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գրեթե բոլոր լեզուներում «մայրիկ» իմաստն արտահայտող բառերը սկսվում են «մ» տառով։ Ճիշտ է, լինում են եւ բացառություններ` վրացերենում, օրինակ, մայրիկին անվանում են դեդա, իսկ հայրիկին, չզարմանաք` մամա։

Իսկ այժմ մի փոքր շեղվենք եւ խոսենք երկրների ու քաղաքների բնագրերի անվանումներին հարազատ մնալու մասին։ Դա նույնպես կարեւոր է, քանի որ հաճախ է աղճատվում։ Ուրախացրեց եւ հույսեր ներշնչեց, որ սովետների օրոք չեխական «Պրագա» անվամբ մայրաքաղաքի անվանումը շտկվեց եւ դարձավ «Պրահա»։ Սակայն, ավաղ, սրանով էլ գովելի նախաձեռնությունը մոռացության մատնվեց։ Իմ ծննդավայր Աջարիայի Ինքնավար Հանրապետություն կոչվածն էլ անփոփոխ է մնում, թեեւ տեղացիները շարունակում են այն անվանել Աճառա։ Ռուսական այբուբենը հնարավորություն չի տալիս հարազատ մնալ բնագրին, սակայն մենք հո կարո՞ղ ենք ճշտել իսկական անվանումը, կարող ենք, սակայն, չգիտես ինչու, չենք անում։ Նույնը կարելի է ասել նաեւ Հարավային Օսիայի մայրաքաղաքի անվան մասին։ Ինչպես ռուսները, մենք էլ շարունակ գրում ենք Ցխինվալի։ Մինչդեռ բնագիրը Ծղինվալի է։

Երեւի զուր է հիշեցնել նաեւ, որ մենք զարմանալի համառությամբ իմաստուն խաղը կոչում ենք շախմատ։ Մինչդեռ բազմիցս է ասվել, որ միայն գրագիտության տեսակետից դա անընդունելի է (պարսկերենից այդ անվանումը թարգմանվում է այսպես` շահը (տիրակալը) մահացավ)։ Էլ չեմ ասում այն մասին, որ սփյուռքում տարածված է հայկական «ճատրակ» անվանումը։ Օտարամոլությամբ տարվածներին դա բնավ չի հետաքրքրում։ Իսկ նման մտածելակերպը նպաստում է, որ մենք շարունակենք օգտագործել խեղված արտահայտություններ։ Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, երբ նույն բառարմատով աշխարհագրական անվանումները տարբեր տեսք են ունենում։ Օրինակ, դպրոցից գիտենք, որ ԱՄՆ նահանգներից մեկը կրում է Տեխաս անունը։ Սա նույնպես զուտ ռուսական անվանում է, որը մենք կրկնում ենք։ Մինչդեռ հենց քարտեզի վրա կարող եք կարդալ իսկական անվանումը` Texas, ինչը հայերեն կարդացվում է Տեքսաս։ Թե ինչու լատինական x-ը նմանվել է ռուսական х- ին, պարզապես ծիծաղելի է։ 

Նույնը կարելի է ասել Մեքսիկայի մայրաքաղաքի մասին։ Մեզ մոտ, ընդօրինակելու սովորությամբ, օգտագործում ենք «Մեխիկո», իսկ ահա տեղացիների համար այն Mexico է, հետեւաբար, հայերեն պետք է արտասանվի ու գրվի «Մեքսիկո»։

Ես լեզվաբան չեմ, սակայն համոզված եմ, որ մեր ազգային կարեւորագույն արժեքը` մայրենի լեզուն մաքրամաքուր պահպանելու պահանջը խիստ կարեւոր խնդիր է։

Միսակ Նազարյան