Ամոթն էլ լավ բան է

Ամոթն էլ լավ բան է

Սորոսական Հայաստանում, պատկերացրեք, այլեւս ոչ մի սրբություն չի մնացել: Օրինակ, չգիտես ինչի մատոռով էս նոր հայերը կարող են օրը ցերեկով վիրավորել մի օտար երկրի ներկայացուցչի, որն իր երկրի գլխավոր պրոպագանդիստներից մեկը լինելով հանդերձ, պատահաբար, թե գիտակցաբար, այլ կարծիք է հայտնել իր ղեկավարության կողմից տվյալ պահին կիրառվող մարտավարության մասին: Խոսքը Վլադիմիր Սոլովյովի մասին է, որը, ըստ հայկական Lragir.am կայքի, իբր, հակադրվել է ՌԴ պաշտպանության նախարարին եւ կարծում է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը պետք է հասցվի իր տրամաբանական ավարտին` ընդհուպ միջուկային զենքի կիրառումով, եթե դա անհրաժեշտ է:

Նախ` մի քիչ դժվար է պատկերացնելը, թե ինչպես կարող է մի թեկուզ շատ հայտնի վերլուծաբան ու հեռուստավար ուղղորդել միջուկային գերտերությանը, եւ ապա` ինչպե՞ս կարող էին այդ երկրի ղեկավարները պետական եթեր տրամադրել այդպիսի վերլուծաբանի: Այսինքն, չի բացառվում, իսկ դա հենց այդպես է, որ Սոլովյովի շուրթերով Ռուսաստանն ինչ-որ մեսիջ է փոխանցում ուկրաինական կողմին, ըստ էության, նրան մղելով դեպի բանակցություններ, դեպի Ուկրաինայում Ռուսաստանի այս պահի մարտավարության առանցք:

Հայկական լրատվամիջոցին, սակայն, սա դուր չի եկել, եւ մի անստորագիր հոդված է գրել Վլադիմիր Սոլովյովի դեմ, թե այս «պրոպագանդոնը», փաստորեն, ընդունել է Ռուսաստանի պարտությունն Ուկրաինայում: Լավ, ասենք` ոչինչ չեք հասկանում քաղաքականությունից, ասենք` Սոլովյովն ընդունել է Ռուսաստանի պարտությունը, բայց ձե՞զ ինչ դրանից: Ես չէի զարմանա, եթե Lragir.am-ը ցնծար, ողջուներ Ռուսաստանի պարտությունը, բայց տեղի է ունեցել ճիշտ հակառակը: Ուկրաինական երգեր երգելու փոխարեն հայկական լրատվամիջոցը Սոլովյովին է քլնգում, որը, ըստ իրենց, ընդունել է Ռուսաստանի պարտությունը: Քլնգելն էլ դեռ փառք է, մի բան էլ վիրավորում են մարդուն` անվանելով «պրոպագանդոն»: Ավաղ, հոդվածն անստորագիր է, այլապես հեղինակին մի երկու լավ բան կասեի: Բայց դա էական չէ, ես իմ ասելիքը կասեմ, թող գլխավոր խմբագիրը փոխանցի իր սորոսական պրոպագանդոնին: Այ տականք, Վլադիմիր Սոլովյովը հայերի հանդեպ միշտ ուշադիր է եղել, պատերազմի ժամանակ մեռավ խոսելով ու էդ թեման թեժ պահելով, մեր միակ մխիթարությունն էր էդ օրերին ու խոսափողը, որ բարձրացնում էր հայերի հարցը, պատմում էր այդ ահասարսուռ պատերազմի ու մեր զոհերի մասին, անգամ ռուսներին էր քննադատում, որ չեն օգնում եղբայր հայերին․․․ Գոնե այդքանը բավական է, որ հարգանքով խոսեք իր մասին: Իսկ դուք ի՞նչ եք անում՝ ձեր եվրոպական պապաների պատվերով արդեն հայերի բարեկամների՞ն եք պիտակներ կպցնում...