Վրաստանում անհանգիստ են՝ ուկրաինական ճգնաժամը կարող է հացի դեֆիցիտ առաջացնել
Վրաստանում անհանգստության նշաններ են ցույց տալիս․ ռուս-ուկրաինական պատերազմի՝ վրացական տնտեսության վրա ունեցած ազդեցությունը սկսել է զգացնել տալ։ Բանն այն է, որ Վրաստանի տնտեսությունը կախված է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ առեւտրից։ Ու հիմա, քանի որ այս երկու առանցքային գործընկերների միջեւ ձեւավորվել են շատ լարված հարաբերություններ, այն աստիճան, որ առեւտրային եւ տնտեսական կապերը դրանից արդեն բավականին տուժել են, Վրաստանում սկսել են մտածել այն մասին, թե ինչ անեն։ Մասնագետներն ահազանգում են, որ վրացիների կյանքում կենսական կարեւորություն ունեցող երկու ապրանքատեսակի հետ կապված՝ կարող են խնդիրներ առաջանալ։ Խոսքը հացի եւ գինու մասին է։
Ցորենի ներմուծումը վտանգված է
Նկատենք․ չնայած Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ առկա քաղաքական հակասություններին, Վրաստանի համար Ռուսաստանը հացի շտեմարան է, եւ Վրաստանը ցորենի ալյուրի իր պահանջմունքի 94 տոկոսը բավարարում է Ռուսաստանից։ Ու հիմա, եթե ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանը շարունակի սահմանափակել կենսական կարեւորություն հանդիսացող մթերքների արտահանումը երրորդ երկրներ, ապա այստեղ կարող է առաջանալ հացի դեֆիցիտ։ Ի դեպ, նկատենք, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների առաջին իսկ օրերին վրացիները գնեցին խանութներում առկա ալյուրի ողջ խմբաքանակը եւ պահեստավորեցին։ Ռուսաստանից ցորենի ներմուծումը հիմա դադարեցված է, բայց վրաց պաշտոնյաները հայտարարում են, որ երկրում առկա պաշարները կբավականացնեն երկու ամիս։ Բայդ դե՝ այդ երկու ամիսը հաստատ մի ողջ հավիտենություն չէ, ու երբ այդ երկու ամիսն անցնի, քիչ է հավանականությունը, որ Վրաստանը կկարողանա լրացնել ցորենի պաշարների իր պակասորդը՝ Ռուսաստանից ներմուծելով։
Նշենք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ցորենի շուկայում համարվում են խոշոր արտահանողներ՝ համաշխարհային շուկայի առկա ցորենի ծավալի 30 տոկոսը նրանք են ապահովում։ Ուկրաինայում այս տարի դժվար թե գյուղատնտեսական տարին նորմալ լինի, քանի որ ցորենի ցանքատարածությունները հիմնականում գտնվում են առաջնագծում։ Ու պատահական չէ, որ Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեւիդ Բիսլին հայտարարել է, որ «Ուկրաինան ցորենի համաշխարհային զամբյուղից վերածվել է մի երկրի, որտեղ հացի համար հերթ են կանգնում»։ Վրաց պաշտոնյաներն այս իրավիճակում փորձում են հույսը չկորցնել եւ հայտարարում են, որ երկիրն այլ տարբերակներ էլ ունի ցորենի ներմուծման համար։ Խնդիրը գինն է։ Նկատի ունեն Արեւելյան Եվրոպայի երկրներն ու Ղազախստանը, սակայն պետք չէ աչքաթող անել այն, որ հիմա մատակարարման, փոխադրումների հետ կապված լուրջ խափանումներ են լինում։ Ու այդ համատեքստում Վրաստանը թերեւս երկար է սպասելու իր հերթին։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ առաջիկայում Վրաստանում ցորենի եւ, հետեւաբար, նաեւ հացի գինն անխուսափելիորեն կբարձրանա, սակայն դա իր հերթին կբերի սոցիալական դժգոհությունների, հատկապես որ Վրաստանի բնակչության հիմնական մասն առանձնապես բարձր կենսամակարդակ չունի։ Եվ, բացի այդ, արդեն թանկացել է վառելիքը, ինչը նույնպես հարվածել է շարքային վրացու գրպանին, իսկ դրան գումարած նաեւ հացի եւ հացամթերքի թանկացումը կարող է լուրջ սոցիալական խմորումների պատճառ դառնալ։
Գինու արտահանումն էլ «մի լավ օրի չէ»
Արտահանման ոլորտում եւս Վրաստանը կախված է Ռուսաստանից։ Վրացական տնտեսության կարեւորագույն արտադրանքներից մեկի՝ գինու հիմնական սպառողը Ռուսաստանն է։ Ռուսաստանը Վրաստանի համար պաշտոնապես համարվում է արտահանման գլխավոր շուկա։ Եվ սրանք միայն խոսքեր չեն։ 2021 թվականին ռուսները գնել են ռեկորդային ծավալի՝ 62 միլիոն շիշ վրացական գինի, որի համախառն արժեքը կազմում է 131 միլիոն դոլար։ Դա վրացական գինու արտահանման ընդհանուր ծավալի 56 տոկոսն է։ Երկրորդ տեղում Ուկրաինան է։ Այստեղ անցյալ տարի գնել են 13 միլիոն շիշ վրացական գինի, որի համախառն արժեքը կազմել է 25 միլիոն դոլար։ Ռազմական գործողությունների պատճառով դեպի Ուկրաինա արտահանումն անորոշ ժամանակով կասեցված է, իսկ դեպի Ռուսաստան արտահանում իրականացնելուն խանգարում են սանկցիաները։ Վրաստանը, իհարկե, չի մասնակցում Ռուսաստանի դեմ սանկցիոն վերջին արշավին, սակայն քանի որ միջազգայնորեն առկա է Ռուսաստանի ֆինանսական համակարգը մեկուսացնելու միտում, ապա վրացական կողմը ռուս գնորդների վճարումները ստանալու հետ կապված դժվարությունների է բախվում։ Վրաց մասնագետները եւ վրացական հասարակությունը՝ առհասարակ, հատկապես անհանգստացած են այն պատճառով, որ պատերազմը կարծես թե ավարտվելու միտք չունի, ու եթե այն շարունակվի եւս մի քանի ամիս, պետք է պաշտոնյաները, ուզած-չուզած, փորձեն լուծումներ գտնել, որ երկիրը հացի դեֆիցիտի առաջ չկանգնի։
Կարծիքներ